30.06.2020 14:01

Չինաստանում վտանգավոր վիրուս է հայտնաբերվել՝ նոր համավարակի սպառնալիքով

Չինաստանում վտանգավոր վիրուս է հայտնաբերվել՝ նոր համավարակի սպառնալիքով

Չինաստանում գիտնականները գրիպի վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել, որը լրջորեն կարող է նոր համավարակի բռնկման պատճառ դառնալ։ Վիրուսը բոլորովին վերջերս է ի հայտ եկել, դրա տարածողները խոզերն են, սակայն այն կարող է վարակել նաև մարդկանց։

Հետազոտողներին անհանգստացնում է այն, որ վիրուսը կարող է շարունակել մուտացիայի ենթարկվել, ինչը թույլ կտա, որ այն հեշտությամբ փոխանցվի մարուց մարդու և գլոբալ համավարակի պատճառ դառնալ։

Նմանատիպ վիրուսի զանգվածային համաճարակը, որին բախվել է աշխարհը, բռնկվել է 2009 թ․ Մեքսիկայում՝ խոզի գրիպը։ Այդ վիրուսի հետևանքով մահացությունը, պարզվեց, շատ ավելի քիչ էր, քան սկզբում ենթադրվում էր, և հիմնականում այն պատճառով, որ այդ վիրուսը նման էր  նախորդ տարիներին տարածված գրիպի այլ վիրուների, և խոցելի խմբի պացիենտները (հիմնականում՝ ավագ սերնդի մարդիկ) իմունիտետ ունեին դրանց նկատմամբ։

Իսկ այս վիրուսի առանձնահատկությունն այն է, որ նա լրիվ նոր է, նման չէ ոչ մի ուրիշ վիրուսի, և դրա նկատմամբ մարդու դիմադրողականությունը կամ շատ ցածր է, կամ էլ ընդհանրապես չկա։

Փոխանցում է BBC-ն։