02.07.2020 13:32

Քաղվածքներ Արա Սահակյանի՝ 2009թ. մարտի անտիպ հարցազրույցից

Քաղվածքներ Արա Սահակյանի՝ 2009թ. մարտի անտիպ հարցազրույցից

Խոսքը վերաբերում է Միչիգանի համալսարանի (Էնն Արբըր) «Հայկական հետազոտությունների ծրագրի» շրջանակներում Սահակյանի տված հարցազրույցին, որը վարել է լրագրող Էմմա Գաբրիելյանը: Քաղվածքների հրապարակման թույլտվության համար iLur-ի խմբագրությունը խորին շնորհակալություն է հայտնում Միչիգանի համալսարանի Հայկական հետազոտությունների տնօրեն, պրոֆեսոր Մելանի Դանիելյանին: Նյութի հրապարակման անհրաժեշտությունը թելադրված է այն հանգամանքով, որ հեղինակի դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման շրջանի վերաբերյալ, էականորեն տարբերվում են նրա այսօրվա գնահատականներից։ Այսպիսի կտրուկ շրջադարձի համար հաստատապես լուրջ պատճառներ են պետք, ինչի մասին չենք ցանկանում ենթադրություններ անել։ Ընթերցողը թող դատի իր հայեցողությամբ։

                                                                                                               

                                                                                                                   ***

 

1990թ. Գերագույն խորհրդի նախագահի թեկնածությունը ընտրվել է «Ղարաբաղ» կոմիտեի սեղմ կազմով։ Բացակայության պատճառով կամ որոշմամբ քվերակությանը չմասնակցած մի քանի անդամներից բացի, կարծում եմ, «Ղարաբաղ» կոմիտեի վեց անդամները քվերակություն են կատարել, քվեարկությանը չեն մասնակցել թեկնածուները: Թեկնածուները եղել են երկուսը` Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Վազգեն Մանուկյան: Ձայների 4-2 հարաբերակցությամբ հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Գերագույն խորհրդի ՀՀՇ պատգամավորական խումբը այդ որոշումը ընդունել է առանց քննարկման, անվերապահորեն, չնայած հետագայում ԱԺՄ-ի հիմքը հանդիսացած պատգամավորները` նույն Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանը, Շավարշ Քոչարյանը, Տիգրան Սարգսյանը եւ այլն, ծածուկ, որոշակի աշխատանք կատարում էին այլ կոմունիստական եւ չկողմնորոշված պատգամավորների շրջանում, եւ դա էր պատճառը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը անմիջապես չընտրվեց: Նրանք` Վազգեն Մանուկյանի կողմնակիցները, կարծում էին, թե կարելի է հասնել մի իրավիճակի, երբ ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանն է ընտրվում, ո՛չ Վլադիմիր Մովսիսյանը, ապա կրկին քննարկման առարկա դարձնել ՀՀՇ-ի կողմից թեկնածուի հարցը:

 

***

 

Զինադադարի կնքումը (1994թ․) երկու կողմի համար էլ ցանկալի էր, որովհետեւ ուժերը գերլարման եւ սպառման եզրին էին։ 1993-ի դեկտեմբերի վերջին վերսկսված պատերազմը այս ողջ պատերազմի ընթացքում ամենաինտենսիվն է եղել, ամենամեծ զոհերն են տրվել երկուստեք։ Սպառվել էին բացարձակապես բոլոր հնարավորությունները: Հայաստանի զինվորական ղեկավարությունն էլ, ի դեմս Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի, Հայաստանի քաղաքական ղեկավարության, դիցուք` Անվտանգության խորհրդում, նախագահի առջեւ դնում էին պահանջ` ամեն գնով նույնիսկ գնալ զինադադարի:

 

***

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը բացառիկ ընդունակություն ուներ հարցերը ճիշտ ձեւակերպելու, բանավեճ կազմակերպելու, կարծիքները կրիստալիզացնելու, բյուրեղացնելու: Երբեմն նա այն որոշումը, ինչը պետք է կայացներ, հրապարակում էր եւ ասում` ահա այսպիսի որոշում ընդունեցինք, կամ էլ շնորհակալություն էր հայտնում, ասում էր` ես ձեր կարծիքը լսեցի, իմ որոշումը կընդունեմ:

 

***

 

Ռոբերտ Քոչարյանը տասը տարի Հայաստանում զբաղեցրել է նախագահի պաշտոնը հանցագործության ճանապարհով, Սահմանադրության կոպիտ խախտմամբ եւ արատավորելով ու փչացնելով ժողովրդավարության եւ ազատականության ծիլերը: 

 

***

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը կոլեգիալ կառավարման մեծ վարպետ էր, եւ նա ուշադրությամբ լսում էր: Գործադիր իշխանության մեջ` նախագահից մինչեւ նախարար, միակ մարդը, որ գնահատում էր խորհրդարանի դերը այդքան ծավալուն կերպով եւ հասկանում էր, գիտակցում էր` դա Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Մնացածը խորհրդարան մտնում էին ժամանակ առ ժամանակ` բյուջեն անցկացնելու համար, կամ կարեւոր օրենքները անցկացնելու համար:

 

***

 

Հոկտեմբերի 27-ը լիովին համապատասխանում էր այն ուժերի շահերին, որոնք իշխանություն ձեռք բերեցին։ Ես համոզված եմ, դա իմ անձնական կարծիքն է, որ Դաշնակցության ընդերքում կազմակերպված եւ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նվազագույնը լուռ համաձայնությամբ իրականացված սպանություն էր: Այսինքն, գործադիր իշխանության ներսում եղած բանավեճը կամ տարբեր հոսանքների` Վազգեն Սարգսյանի՝ որպես վարչապետի` թիմի ուժեղացումը կանխելուն նպատակամղված ցինիկ արարք էր: 

 

***

 

Քոչարյանը Հայաստանում վերածնեց, փաստորեն, մենիշխանությունը, նեոսովետական տիպի կառավարման համակարգ ստեղծեց: Նրա առանձնահատկությունները հետեւյալն են` քաղաքական կուսակցությունների այլասերում, կաշառում եւ նրանց քաղաքական գործունեության կաշկանդում, ասպարեզից դուրս մղում։ Այսինքն` եթե հնարավոր է՝ կաշառել, եթե հնարավոր է՝ կաշկանդել, եթե հնարավոր է՝ սահմանափակել, եթե հնարավոր չէ` պարզապես ոչնչացնել: Լրատվամիջոցների նկատմամբ լիակատար վերահսկողության սահմանում, խոսքի ազատության սահմանափակում եւ վերացում, հատկապես հեռուստատեսության եւ ռադիոյի, այսինքն, էլեկտրոնային լրատվամիջոցների։ Ընտրությունների կեղծումների մեխանիզմի կատարելագործում եւ ընտրական պրոցեդուրաների վերացում։ Տնտեսական կյանքի վերահսկողություն` ներմուծման-արտահանման, ֆինանսական հոսքերի լիակատար վերահսկողություն եւ կառավարման վերին օղակներից մինչեւ ստորին օղակը` միջամտություն եւ ուղղորդում: Պետական գույքի եւ սեփականության առատ նվիրատվություն, ինչպես ցարիզմի ժամանակ` առանձնաշնորհումների, հատկապես Երեւան քաղաքում հողերի եւ գույքի բաշխում քաղաքական թիմին եւ պետական կապիտալիզմի ստեղծում, ամրապնդում:

 

***

 

Ինչպես 1998-ին, այնպես էլ 2003-ին, Քոչարյանը իրավունք չուներ առաջադրվելու, եւ ինչպես Սահմանադրության խախտմամբ առաջադրվեց, այնպես էլ Սահմանադրության եւ օրենքների եւ բարոյականության ցանկացած ավանդույթի խախտումներով ընտրությունները կեղծվեցին: Ես համոզված եմ, եւ շատ ապացույցներ կան այդ մասին, որ 1998-ին նախագահ է ընտրվել երկու անգամ Կարեն Դեմիրճյանը, իսկ 2003-ին` երկու փուլերում էլ նախագահ է ընտրվել Ստեփան Դեմիրճյանը: Եւ բոլոր դեպքերում էլ հաղթանակը պարզապես գողացվել է հայր եւ որդի Դեմիրճյաններից:

 

***

 

2004թ. ապրիլի 12-13-ին տեղի ունեցածը մարդկանց խաղաղ բողոքի ցույցերը բռնությամբ արյան մեջ խեղդելու գործողություն էր, եւ Սահմանադրական դատարանի վախվորած որոշումը ի կատար ածելու որեւէ քայլի բացառման նպատակ ուներ, որեւէ քայլ թույլ չտալու նպատակ ուներ: 1998-ից մինչեւ այսօր բոլոր ընտրությունները նախագահական պալատից ծրագրված կեղծվել են։ Պատգամավորների ցուցակները կազմվել են նախագահական պալատում։ Կուսակցությունների ցուցակները կազմվել են նախագահական պալատում, նույնիսկ` թե որ ընդդիմադիր ուժը պետք է անցնի, այդ որոշումը նույնպես կայացվել է նախագահական պալատում: Ռոբերտ Քոչարյանը իր համար ստեղծել է եւ՛ իշխանություն, եւ՛ընդդիմություն։ Ինքն է որոշել այն դոզան, այն չափաբաժինը, որը պետք է թույլատրել:

 

***

 

2005թ. սահմանադրական հանրաքվեին ժողովրդի մասնակցությունը, իմ կարծիքով, քսան տոկոսից ավելի չի եղել, եւ լցոնումներով արձանագրվել է դա: Բուն տեքստը, ըստ էության, ոչինչ չփոխեց, բայց խորքերում Քոչարյանը ստեղծեց վարչապետի համար լիազորություններ` հույս ունենալով, որ ապագայում ինքը մի անկամ նախագահի օրոք կարող է լինել վարչապետ եւ, ըստ այդ Սահմանադրության, ունենալ նախագահից ավելի մեծ լիազորություններ:

 

***

 

Հայաստանի վերջին շրջանի պատմության մեջ դրական դեր կատարած կուսակցություններից ես կառանձնացնեմ Հայոց Համազգային Շարժումը, որովհետեւ Դաշնակցության եւ Կոմկուսի գործունեությունը, եթե մաքրում ենք նրանց քարոզչական եւ գեղարվեստաառասպելաբանական կեղտից, արդյունքների տեսանկյունից եւ ընթացքի տեսանկյունից միայն ողբերգական է եղել մեր ժողովրդի համար: ... Դաշնակցությունը ես համարում եմ չարիք հայ ժողովրդի պատմության մեջ: Ընդ որում, երբեք չպետք է շփոթել Դաշնակցության ղեկավարությանը շարքայինների հետ: Շարքայինները մտել են այդ կուսակցություն, որովհետեւ այդ կուսակցությունը հայկական քաղաքական անապատում միշտ հանդես է եկել որպես դիմադրության կազմակերպիչ, ընդ որում՝ այդ դիմադրությունը արել է շատ ապաշնորհ ձեւով, վայրիվերումներով` հակառուսականությունից մինչեւ պրոթուրքականություն, հակաթուրքականությունից մինչեւ պրոսովետականություն։ Այսպիսի անբարո վայրիվերումների մեջ է եղել: Եւ եթե նկատի ունենանք նրա գլխավոր մոտեցումները՝ Եվրոպայի օգնություն եւ ֆիդայական շարժում, ապա ֆիդայական շարժումը ոչ մի օգուտ չտվեց, Եվրոպայի օգնությունը չհասավ, Դաշնակցության գործունեության արդյունքը եղավ ամբողջ արեւմտահայության կորուստը: Նա էր պատասխանատուն, նա էր հանձն առել, երբեք չպետք է մոռանալ, որ Թուրքիա պետության մեջ նա իշխող կոալիցիայի անդամ էր Իթթիհաթի հետ միասին: Իսկ Կոմկուսը արտածին մի երեւույթ էր, կոմունիստական խելահեղ էքսպերիմենտին հավատացող հայ տհաս, խակ, ազգային միջավայրից կտրված, օտար ափերում` Ռոստովում, Թբիլիսիում, Լենինգրադում մեծացած մարդկանց մի խումբ: Դրանք ռուսական բոլշեւիզմի հայ գործակալներն էին, որոնց լռելյայն համաձայնությամբ կամ հենց իրենց մասնակցությամբ տեղի ունեցավ Ռուսահայաստանի մի խոշոր հատվածի` Կարսի մարզի հանձնումը Հանրապետական Թուրքիային: Երկու կուսակցություններն էլ երբեք չեն կարող մոլորության մեջ գցել քիչ թե շատ մտածելու ընդունակ մարդկանց, որովհետեւ յուրաքանչյուր կուսակցության, ինչպես նաեւ յուրաքանչյուր անհատի գործունեությունը պետք է դատել ըստ նրա արդյունքների: Երկուսի գործունեության արդյունքներն էլ աղետալի են եղել մեր ժողովրդի համար:

 

***

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք էլ տասը տարի չի լռել։ Լեւոն Տեր Պետրոսյանը մշտական շփումների մեջ է եղել թե՛ ՀՀՇ ղեկավարության, թե՛ «Արմատ»-ի, թե՛ իր կողմից ընդունվող եւ իր համար համակրելի ազատական թերթերի խմբագիրների հետ։ Նա ամենօրյա շփումների մեջէ եղել իր քաղաքական թիմի հետ, այդ շփումները դատարկ զրույցներ չեն եղել։ Ես ինքս նրա հետ շփվելիս շատ բան հասկացել եմ, հասկացել եմ իբրեւ պատվիրան, իբրեւ ուղղություն, իբրեւ հարցերի մոտեցում: Նա մշտապես ապրել է Հայաստանի ճակատագրով, մշտապես, ինչպես ռուսներն են ասում` մատը եղել է զարկերակի վրա, կտրված չի եղել: Այլ բան, որ անձամբ ինքը հարցազրույցներով կամ այլ հրապարակային ելույթներով հանդես չի եկել: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ ընկալվել է որպես այս թիմի ղեկավար, եւ հենց մեր քննադատողներն էլ, ի տարբերություն շատ-շատերի, որոնք, չգիտես ինչու, դա «լռություն» են անվանում, ամեն օր մեզ քննադատելիս, պարսավելիս ներկայացրել են մեզ որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմ եւ նրա հայացքները, նրա ուղեգիծը առաջ տանող, մեկնաբանող, ջատագովող։

 

***

 

2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձն ու առաջադրումը դրական եմ գնահատում: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվեր, ապա 2008թ. փետրվարի 19-ին մարդիկ ընտրությունների կգնային փուչիկներով ու կարմիր դրոշակներով, իսկ փետրվարի 20-ին Երեւանի ու Հայաստանի գյուղերի ու քաղաքների փողոցներում բացօթյա սեղաններ կգցվեին, ու կխմեին մեր «ազգի փրկիչ» եւ «միակ հույս» Սերժ Սարգսյանի կենացը: Իշխանությունը կլիներ ավելի լկտի, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չձեւավորեր ընդդիմադիր ուժ, ավելի անվերահսկելի, ավելի վատ: ... Եւ երկրորդ, ածանցյալ, գուցե զուտ իմ անձնական ճակատագրի համար եւ իմ ընկերների առումով: Ես շնորհակալ եմ իրեն այն բանի համար, որ նա մեր երեսը պարզ դարձրեց, շատ հարցերի պատասխան տվեց։ Այդ պատասխանները գրեթե նույն կերպ մենք տասը տարի շարունակ հրապարակում, բացատրում էինք, բայց դրանք այնպիսի հասարակական ընկալում չունեցան, ինչպես դա եղավ այն դեպքերում, երբ հնչում էր Լեւոն Տեր- Պետրոսյանի շուրթերից: Նա մեր քաղաքական ռեաբիլիտացիան իրականություն դարձրեց, մղձավանջից մեզ դուրս բերեց:

 

***

 

2008-ի ընտրություններում Սերժ Սարգսյանի կամպանիան ես գնահատելու ցանկություն չունեմ` իշխանությունը գնաց ինքն իրեն վերարտադրության, դա ոչ թե նախագահի կամպանիա էր, այլ նախագահ դառնալ ցանկացող վարչապետի կամպանիա էր, որտեղ գործադրվեց եւ՛ վարչական ողջ ռեսուրսը, եւ՛ իրենց գողացած, լափած փողերը գործի դրվեցին, եւ՛ հեռուստաընկերություններն ու թերթերը, եւ՛ իրենց սպասարկող կուսակցությունները: Այդտեղ նորություն չկար, նորությունը` Քոչարյանով սկսված ապօրինությունների կատարելագործումն էր:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանի կամպանիան ես գնահատեցի, երբ նա վճռեց չխուսափել դառը խոսքերով անգամ ճշմարտությունն ասել իշխանության մասին: Առաջին անգամ մեր իրականության մեջ, իսկ դա չհաջողվեց ոչ Դեմիրճյան Կարենին, ոչ Ստեփանին, նա առաջին անգամ մեր իրականության մեջ տվեց այս իշխանության տիպաբանությունը, սահմանումը տվեց, եւ մարդկանց համար պարզ, մեկ նախադասությամբ, մեկ բնորոշությամբ ներկայացրեց ավազակապետությունը։ Անատոմիական ճշգրտությամբ ու մանրամասներով ներկայացրեց: ... Ինքը հավատարիմ մնաց քաղաքական պայքարի իր մեթոդին եւ այսօր էլ պարտադրում է քաղաքական պայքարի իր մեթոդը` պետք է ամեն ինչ լինի օրենքների շրջանակում: Դա մեծ դաս կլինի հետագա սերունդների համար: Լեւոն Տեր-Պետրոսյանի կերպարը եւ նրա քաղաքական ճակատագիրը, նրա ողջ գործունեությունը, նրա ելույթները, նրա քայլերը ուսանելի են լինելու տասնամյակներ հետո անգամ: Ամենավատ իշխանությունն անգամ մշտապես ապավինելու է նրան, նրան է վկայակոչելու, նրան է հիշատակելու իր ընդդիմադիրների հետ պայքարում: Լեւոն Տեր-Պետրոսյանը յուրատեսակ պարադիգմա ստեղծեց` իշխանության եւ ընդդիմության քաղաքակիրթ հարաբերությունների: Այսօր նույն մարդիկ, ովքեր մերժում են եւ չեն ընդունում Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ոչ մի դրական բան փորձում են չնկատել նրա գործունեության մեջ, հինգ տարի հետո, տասը տարի հետո նրա տեքստերն են ուսումնասիրելու եւ նրան որպես Ավետարան վկայակոչելու են:

 

***

 

2008թ. նախագահական ընտրությունները կեղծվել են, Լեւոն Տեր-Պետրոսյանը, իմ հետազոտությունների  արդյունքով` 60 տոկոսի կարգի ձայն է հավաքել, Սերժ Սարգսյանը` 30 տոկոսի, մնացածը բաշխվել է մյուս թեկնածուների միջեւ: Դա 1998-ի, 2003-ի օրգանական շարունակությունն էր, պարզապես այսպիսի արյունահեղ հանգուցալուծում, ընթացք ստացավ այն պատճառով, որ այս անգամ ընդդիմությունը ուժեղ էր, եւ ավելի մեծ, ուժեղ դիմադրությունը հաղթահարելու համար իշխանությունն էլ գործադրեց մեծ ուժ:

 

***

 

Մարտի 1-ից հետո ես կանչվել եմ դատախազություն, հարցաքննվել եմ եւ կարող եմ կրկնել իմ հարցաքննության ժամանակ ասված խոսքերը, որ` մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի կողմից է իրականցվել, նրա անմիջական եւ օպերատիվ, այսինքն` գործնական, ամենժամյա, ամենվայրկյանյա ղեկավարությամբ: Սխեման հետեւյալն էր. քանի որ ընդդիմությունը չի գնում զանգվածային անկարգությունների եւ լոկալիզացված է Ազատության հրապարակի տարածքում, առաջին փուլը, որը ծրագրված էր Քոչարյանի կողմից, մարդկանց հրապարակից ծեծելով դուրս բերելն էր: Երկրորդ` նրանց մեջ առաջացնել զայրույթ, վրեժխնդրության զգացում. ուստի ծեծի ենթարկվեցին, ջարդվեցին մի քանի հազար հոգի: Եւ երրորդ` գլխատել Շարժումը` Լեւոն Տեր-Պետրոսյանին տանը մեկուսացնելով: Վերջին փուլը, այսինքն վերջին հարվածը կատարելության հասցնելու համար հարկավոր էր ժամանակ, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդիկ հավաքվեին: ... Իսկ մութն ընկնելուց առաջ արդեն իշխանության ուղարկած հրոսակախմբերը սկսեցին այրել մեքենաներ, ջարդել խանութներ, թալանել, եւ արդեն ինչպես բոլոր գողերն ու ավազակներն ու մարդասպանները` մութը ընկնելուն պես սկսվեց մարդկանց դիպուկահար կրակոցներով սպանությունը: Սա հստակ ծրագրված, մշակված եւ, մասնագետները կարող են ասել` տարբեր այս տիպի ռեժիմների կողմից փորձարկված մեթոդ էր: