06.07.2020 11:00

ՊՍԺ-ն դեմ չէ Նեյմարին փոխանակել Գրիզմանի եւ Դեմբելեի հետ

ՊՍԺ-ն դեմ չէ Նեյմարին փոխանակել Գրիզմանի եւ Դեմբելեի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն դեմ չէ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ բրազիլացի հարձակվող Նեյմարին վաճառել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային», եթե գործարքում ներառվեն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվողներ Անտուան Գրիզմանի եւ Ուսման Դեմբելեի տեղափոխությունը կատալոնական թիմից փարիզյան ակումբ, հաղորդում է իսպանական AS-ը։

ՊՍԺ-ն 28-ամյա Նեյմարի տրանսֆերը գնահատում է 170 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017-ին եւ ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյի դիմաց։