08.07.2020 13:01

Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման հարցի շուրջ

Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման հարցի շուրջ

Անհասկանալի է մնում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ ծավալված քննարկումներում Կրթության եւ գիտության նախարարության զգուշավորությունը։ Նաեւ նրանց զգուշավորությունը, ովքեր պաշտպանում են այս առարկան դպրոցական ծրագրերից հանելու գաղափարը։

Ինչպես ամեն մի ժողովրդի, այնպես էլ Հայոց պատմությունը ուղղահայց կտրվածքով կարելի է առանձնացնել մասերի, ասենք՝ թագավորական հարստությունների պատմություն, իշխանական տների պատմություն, տնտեսական պատմություն, դիվանագիտության պատմություն, ռազմական պատմություն, գրականության պատմություն, մշակույթի պատմություն, մատենագրության պատմություն, ճարտարապետության պատմություն եւ այլն։ Այս շաքում՝ առանձին նաեւ եկեղեցու պատմություն։

Կարծեմ ոչ մեկը չի կարող առարկել, որ թվարկված ու չթվարկված «պատմությունների» ամբողջությունն էլ հենց կազմում է այն առարկան, որը կոչվում է ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ Եւ դրանցից ամեն մեկը վերջինիս անքակտելի մասն է։

Ո՞րն է հիմնավորումը, որ Եկեղեցու պատմությունը առանձին պետք է դասավանդվի դպրոցում։ Այն, որ Հայոց պատմության եւ ժողովրդի ճակատարգի մեջ եկեղեցին շատ կարեւոր դե՞ր է խաղացել։ Հետեւենք նման մի տրամաբանության ու այն առաջ տանենք, տեսնենք՝ ո՞ւր ենք հասնում։

Ենթադրենք՝ հիմնավորողների «գերճշգրիտ» ինչ-որ չափորոշիչներով պարզվում է, որ եկեղեցին, իրոք, ամենածանրակշիռ դերն է խաղացել հայ ժողովրդի ճակատագրում ու պատմության մեջ։ Ենթադրենք նույնիսկ՝ հնարավոր է լինում դա թվերով արտահայտել։ Ասենք՝ տարել է պատմական բեռի 50%-ից ավելին։ Այդ հիմքի վրա պետք է եկեղեցու պատմությունը «պոկել» «Հայոց պատմությունից» եւ դասավանդել որպես առանձին առարկա՞։ «Հայոց պատմությունից» կարեւոր որեւէ մաս պոկելով՝ նույն չափով չե՞նք աղքատացնում, հաշմում այն։ Մի քիչ էլ խտացնենք գույները կամ առաջ տանենք այս «տրամաբանությունը». պատկերացնենք, թե հիշյալ «գերճշգրիտ չափորոշիչներով» պարզվում է, որ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի ընդհանրական պատմության մեջ է՛լ ավելի ծանրակշիռ է, ասենք՝ 95%։ Ուրեմն, եկեք մի կողմ դնենք «Հայոց պատմությունը»՝ որպես առանձին դիսցիպլին, ու դրա փոխարեն ամենուր դասավանդենք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան։

Անհեթեթ բա՞ն ստանցվեց։ Եթե տրամաբանական ընթացքը տեղ ես հասցնում՝ անհեթեթ է, կեսճանապարհին՝ անհեթեթ չէ՞։

Հիմա նույն հարցադրումը՝ այլ կտրվածքով. Հայոց պատմության՝ վերեւում թվարկված այլ մասերը եւս՝ «ուղղահայաց» բաղադրիչները, կարո՞ղ են դասավանդվել որպես առանձին, ինքնուրույն դիսցիպլիններ։ Կարող են։ Օրինակ՝ բարձրագույն կրթություն ստացող բանասերի համար պատադիր պետք է լինի «Հայ գրականության պատմությունը», «Հայոց լեզվի պատմությունը», պատմաբանների համար՝ առանձնացված առարկաներով՝ գրչությունը, վիմագրությունը, մատենագրությունը, նյութական մշակույթը,  մշակութաբանի համար՝ «Հայ մշակույթի պատմությունը», «Մանրանկարչության պատմությունը», տնտեսագետները լավ կլինի խորացված ուսումնասիրեն Հայաստանի տնտեսական պատմությունը, ճարտարապետները՝ «ճարտարապետության պատմությունը», հոգեւոր ճեմարաններում, այո, Հայոց եկեղեցու պատմությունը, եւ այսպես շարունակ։ Եւ այդպես էլ, կարծեմ, կա։ Բայց այս ամենը՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Դպրոցում դրանք մեկտեղված պետք է լինի մեկ առարկայի՝ «Հայոց պատմության» մեջ, որպես բազային գիտելիքների մի ամբողջություն՝ արդեն մասնագիտություն ստանալու շրջանում ամեն մեկն իր ուղղությամբ խորանալ կարողանալու համար։

Վաղուց արդեն քաղաքակիրթ աշխարհում եկեղեցին բաժանված է պետությունից։ Այդպես է նաեւ մեր Սահմանադրությամբ։ Եւ ոչ մի նշանակություն չունի, թե որտեղ ինչ դեր է խաղացել եկեղեցին պատմության ընթացքում։ Հայաստանը կրոնապետություն չէ, եւ Սահմանադրությամբ որեւէ կրոն պետական կարգավիճակ չունի։ Այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու մասին՝ ոչ մի կերպ չի ենթադրում Հայոց եկեղեցու պատմության առարկայի առանձին պարտադիր դասավանդում դպրոցում։

Ինչո՞ւ է եկեղեցին շահագրգռված դպրոցում այս առարկայի պահպանմամբ։ «Ազգային», «հայրենասիրական», «բարոյական»՝ սիրուն, բայց էժան հիմնավորումները մի կողմ դրած՝ հասկանալի է. 10-11 տարեկան երեխային այս գլխից տալ կրոնական դոգմաներ, որոնք կուղղորդեն նրան հետագայում դառնալու «հգեւոր հոտի» պարտաճանաչ անդամ։ Հետո՞ ինչ, որ ցանկացած դոգմա, այն էլ մանկական ուղեղում, կաշկանդելու է նրա ազատ մտածողությունը։ Պետության շահագրգռությունը այլ պետք է լինի. երեխայի համար ապահովել ազատ ու անկաշկանդ մտածողության հնարավորություն, ինչը մասնագիտական եւ այլ առումներով կապահովի նրա՝ որպես չափահաս քաղաքացու արդյունավետ կայացումն ու օգտակարությունը պետությանը ցանկացած բնագավառում։

Իսկ դպրոցները պետական են։ Եկեղեցին դրանում գործ չունի։ Այդ դարը վաղուց անցել է։

Պետական է նաեւ բանակը։ Եւ եկեղեցին այդտեղ էլ գործ չպետք է ունենա։ Դա անախրոնիզմ է, չտեսություն։

Հ.Գ. Տողերիս հեղինակը, մասնագիտության բերումով, լավ գիտի Հայոց պատմության ընթացքում քրիստոնեության եւ հայ եկեղեցու խաղացած դերը եւ այն բարձր է գնահատում, գուցեեւ՝ ավելի բարձր, քան որեւէ հոգեւորական։ Հենց դրա համար էլ գրել է այս հոդվածը։

Աշոտ Սարգսյան

պատմական գիտությունների թեկնածու

Մատենադարանի ավագ գիտաշխատող