09.07.2020 16:19

Ղարաբաղյան խնդիրը հայաստանյան պաշտոնական դիսկուրսում

Ղարաբաղյան խնդիրը հայաստանյան պաշտոնական դիսկուրսում

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել է «Ղարաբաղյան խնդիրը հայաստանյան պաշտոնական դիսկուրսում» հետազոտությունը, որը հեղինակել է պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող Գայանե Այվազյանը։ Այն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակագրության, դրանում ներգրավված առանցքային դերակատարների ու նրանց ունեցած մոտեցումների մանրամասն ու խնամքով համադրման հաջող փորձ է։ Հետազոտությունը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։

 




Ղարաբաղյան խնդիրը հայաստանյան պաշտոնական դիսկուրսում

 

 

 

 

Ներածություն

«Ղարաբաղյան խնդիրը հայաստանյան պաշտոնական դիսկուրսում» հետազոտությունը նպատակ ունի ցույց տալ Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ Հայաստանի պաշտոնական դիսկուրսում եղած մոտեցումներն ու

դիրքերը: Գլխավորապես, ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դիրքորոշումներն ու ելույթները Ղարաբաղյան խնդրի առնչությամբ: Խնդրի ուսումնասիրման շրջանակից դուրս չեն մնացել նաև Հայաստանի վարչապետների, կառավարության և ԱԺ անդամների բոլոր այն դիտարկումները, որոնք ուշագրավ են եղել կոնֆլիկտի վերաբերյալ պաշտոնական դիսկուրսի բնույթը ընկալելու տեսակետից:

Հետազոտության համար աղբյուրագիտական հենք են ծառայել 1991-2018 թվականների պարբերական մամուլը՝ գլխավորապես «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի՝ ուսումնասիրվող ժամանակաշրջանի բոլոր համարները՝ առանց բացառության, www.2rd.am, www.president.amինտերնետային կայքերում առկա նյութերը, Ղարաբաղյան կոնֆլիկտի պատմությանը սերտորեն առնչվող գործիչների ինքնակենսագրական, հուշագրական, հրապարակախոսական հրապարակումները (Լևոն ՏերՊետրոսյան՝ «Ընտրանի», 2006, Գ. Խաչատրյան՝ «Սամվել Բաբայան. Հաղթանակներն ինչպես եղել են», 2008, Վարդան Օսկանյան՝ «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները», 2013): 

ԽՍՀՄ անկումից հետո Ղարաբաղյան հարցի վերաբերյալ պետական դիսկուրսն անցել է երեք պայմանական փուլով՝ առանցքում ունենալով Հայաստանի երեք նախագահների և նրանց քաղաքական ապարատների որդեգրած քաղաքականությունը: Ժամանակագրական առումով կոնֆլիկտի վերաբերյալ պաշտոնական դիսկուրսի պատմությունը բաժանվում է ըստ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի պաշտոնավարության, համապատասխանաբար, 19911998, 1998-2008, 2008-2018 թվականների:  

Սակայն հարցի լուծման առնչությամբ բովանդակային առումով երկու մոտեցում է եղել հայաստանյան պաշտոնական շրջանակներում, մասնավորապես՝ 1991-1998 թվականների՝ հարցի լուծման տեր-պետրոսյանական տարբերակը, որը հայտնի է իբրև հարցի լուծման փուլային մոտեցում, և 1998-2018 թվականների քոչարյանսարգսյանական մոտեցումը, որը ենթադրում էր կոնֆլիկտի փաթեթային լուծում:

Ղարաբաղյան կոնֆլիկտը Հայաստանի քաղաքական կյանքում առանցքային տեղ ունի: 1998 թվականին այն առիթ դարձավ Հայաստանում պետական հեղաշրջում կազմակերպելու համար: Մինչ օրս էլ խնդիրը հեշտությամբ հայտնվում է շահարկումների կիզակետում՝ սպասարկելով քաղաքական ուժերի նկրտումները: Հենց այս դիտավորությամբ հետազոտության մեջ փորձել ենք կազմել Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ ելույթների և զարգացումների առավել մանրամասն համատեքստ՝ ցույց տալու արտաքին և ներքին լսարանների համար պաշտոնական դիսկուրսի տարբեր երեսները և սուր հակադրությունները: Երեք նախագահների իշխանության տարիներին ղարաբաղյան դիսկուրսի փոփոխություններից զատ, հետազոտության մեջ փորձ է արվում ներկայացնել հարցի լուծման փուլային-փաթեթային դիլեման: Առանձին գլխով անդրադարձ ենք արել բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության խնդրին, որը հավակնում է լինել 2018 թ. Թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական ուժի որդեգրած նպատակը հարցի կարգավորման ճանապարհին: 

Մաս առաջին

Լեռնային Ղարաբաղի հարցը 1994-2018 թթ.

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը և Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը

Նախքան 1994 թ. մայիսյան զինադադարը Ղարաբաղյան հակամարտության ակտիվ շրջանը երկու փուլ է ունեցել։ Առաջինը 1988-1992 թթ. փուլն էր, երբ հարցը դիտվում էր որպես ԽՍՀՄ ներքին խնդիր և փորձ էր արվում այն լուծել խորհրդային օրենսդրության շրջանակներում: Երկրորդ փուլը՝ 1992-1994 թթ., հիմնախնդրի միջազգայնացման շրջանն էր: Այս շրջափուլում կարևոր մեկնարկ էր Ղարաբաղյան հարցով Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության (ԵԱՀԽ, հետագայում՝ 1994 թ․-ից, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն՝ ԵԱՀԿ) հանձնախմբի ստեղծումը: 1992 թ. փետրվարին ԵԱՀԽ Նախարարների խորհրդի նախագահ Դինսբիրին նամակ է հղում Բելառուսի ԳԽ նախագահ Շուշկևիչին, որտեղ, ի մասնավորի, ասված է. «Հայաստանի և Ադրբեջանի հրավերով և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի իրադրության սրումը՝ խորհուրդը որոշեց, որ հանձնախումբը հատուկ ուշադրություն կդարձնի այդ խնդրին: Նշված հանձնախումբը, որը ես, իբրև Նախարարների խորհրդի նախագահ, պատիվ ունեմ կազմավորել, Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կայցելի 1992 թ. փետրվարի 12-18-ը: ...

Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԽ հանձնախմբի խնդիրն է հակամարտ կողմերի հետ հանդիպումների միջոցով պարզել տարածաշրջանի ներկա իրադրությունը, գնահատել ձևավորված կացության՝ ԵԱՀԽ-ի առջև պարտավորություններին՝ հատկապես մարդու իրավունքների և հիմնական ազատությունների, ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների բնագավառում համապատասխանելը, ինչպես նաև վեճերի խաղաղ լուծման, ուժ չգործադրելու սկզբունքները և այլն: Հանձնախումբը զեկուցագիր կպատրաստի ԵԱՀԽ բարձր պաշտոնատար անձանց կոմիտեի համար: Բարձր պաշտոնատար անձանց կոմիտեն կարող է ավելի ուշ որոշում ընդունել նոր հանձնախումբ ուղարկելու կամ այլ նպատակահարմար քայլերի մասին, որոնք ԵԱՀԽ-ն կարող է ձեռնարկել որպես ներկա անընդունելի իրավիճակից ելք գտնելու իր ավանդը»:

1992 թ. փետրվարի 12-18-ը հանձնախումբը լինում է Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում՝ խնդիր ունենալով հակամարտ կողմերի հետ հանդիպումների միջոցով պարզելու տարածաշրջանի ներկա իրադրությունը: 1992 թ. փետրվարի 13-ին ընդունվում է Եվրախորհրդարանի բանաձևը Լեռնային Ղարաբաղի մասին: ԵԱՀԽ դիտորդների այցից հետո մարտի 3-ին Պրահայում հայտարարություն է ընդունվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, հրապարակվում է հանձնախմբի պատրաստած փաստաթուղթը, որը նախատեսում էր կրակի դադարեցման համար դիտորդների խմբի առկայություն, պատանդների փոխանակում և զոհվածների դիակների հանձնում, փախստականների կամ բռնագաղթածների առաջնահերթ կարիքների բավարարում, առևտրական նորմալ հարաբերությունների վերահաստատում («Հայաստանի Հանրապետություն», 1992, 43):

1992      թ. մարտի 24-ին ԵԱՀԽ Նախարարների խորհուրդը որոշում է կայացնում Մինսկում համաժողով գումարելու մասին, որտեղ պետք է քննվեր ԼՂ կարգավիճակը: Ստեղծվում է 9-ը երկրներից բաղկացած Մինսկի խումբը (ՄԽ): Բոլորն ակնկալում էին, որ համաժողովը կկայանա մի քանի շաբաթների ընթացքում, սակայն Շուշիի ազատագրումն ու Լաչինի շրջանի գրավումը նոր որակ հաղորդեցին գործընթացին: 1993 թվականին, ի պատասխան, Ադրբեջանը հարձակման թափը ընդլայնում է, որը տևում է մինչև 1994 թ. մայիս: 1993 թ. ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ը Ղարաբաղի հարցով ընդունվում են ՄԱԿ-ի ԱԽ 822, 853, 874, 884 բանաձևերը:

ԵԱՀԽ Մինսկի խմբի կողմից 1993 թվականի սեպտեմբերի 28-ին կայացած խորհրդակցության ընթացքում պատրաստվում և ՄԽ նախագահի կողմից այդ խմբի ինն այլ անդամների համապարփակ աջակցությամբ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին է ներկայացվում «Անվտանգության խորհրդի 822 (1993) և 853 (1993) բանաձևերի իրականացման անհետաձգելի միջոցառումների նորացված ժամանակացույցը»։ Կողմերին կոճ է արվում ընդունել այն՝ անմիջապես իրականացնելով «Նորացված ժամանակացույցով» նախատեսված փոխադարձ ու անհետաձգելի միջոցառումները, այդ թվում՝ վերջերս բռնազավթված տարածքներից ուժի դուրսբերումն ու տրանսպորտի և հաղորդակցության առջև եղած բոլոր խոչընդոտների վերացումը, ԵՀԽՎ Նախարարների կոմիտեում 1992 թ․ մարտի 24-ին տրված մանդատի համաձայն՝ հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու համար Մինսկի կոնֆերանսի հրավիրումը:

1993      թ. հոկտեմբերի 8-ին Մոսկվայում հանդիպում են Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի նախագահները, քննարկում են ռազմական հակամարտությունների սանձազերծման հետևանքով Անդրկովկասում ստեղծված ճգնաժամային իրավիճակը և համաձայնում իրավիճակը կայունացնելու և խաղաղությունը վերականգնելու շուրջ անհապաղ միջոցառումներ ձեռնարկել («Հայաստանի Հանրապետություն», 9 հոկտեմբերի, թիվ 201, էջ 1): Սակայն Ադրբեջանի պատվիրակությունը Փարիզի հանդիպման գրաֆիկը չի ճանաչում՝ վիճահարույց համարելով «Լեռնային Ղարաբաղի ղեկավարություն» ձևակերպումը («Հայաստանի Հանրապետություն», 12 հոկտեմբերի, 202): Հայաստանը դրական պատասխան է տալիս Փարիզի անպաշտոն խորհրդակցությունների արդյունքում ձևավորված ԵԱՀԽ Մինսկի խմբի կողմից առաջարկած միջոցառումների ժամանակացույցին: Ադրբեջանական կողմի հիմնական առարկությունն այն էր, որ փարիզյան ժամանակացույցը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ թիվ 853 բանաձևին: Նրանք պնդում են, որ ադրբեջանական գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուրսբերումը պետք է կատարվի առանց որևէ նախապայմանի: Հայկական կողմը պնդում է, որ ՄԱԿ-ի ԱԽ 853 և 822 բանաձևերը պետք է դիտել միասնական տեսանկյունից:

1993   թ. նոյեմբերի 2-8-ը Վիեննայում տեղի է ունենում ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովը նախապատրաստող 9-յակի անպաշտոն խորհրդակցությունը: Մեկ շաբաթ տևած քննարկումներն ընդգրկում են չորս հիմնական հարց` ԼՂ զորամիավորումները, առանց նախապայմանների, մինչև հոկտեմբերի 21-ը զբաղեցրած դիրքերը (Զանգելան, Հորադիզ) հետ քաշելու պահանջ, փախստականների հարցը, նոր ժամանակացույցի մեջ կատարվելիք փոփոխություններ (Ադրբեջանն ու Թուրքիան համառորեն ցանկանում էին ժամանակացույց մտցնել Լաչինի և Շուշիի հարցը, իսկ ԼՂՀ պատվիրակությունը, ի պատասխան, առաջարկում էր մտցնել Մարտակերտի որոշ բնակավայրերի ազատման հարցը և քննել Շահումյանի հարցը), Մինսկի խորհրդաժողովի հրավիրման և այնտեղ մասնակիցների կարգավիճակի հարցը («Հայաստանի Հանրապետություն», 1993, 226): ՄԽ առաջարկը փոխզիջումային տարբերակ էր, որն ուղղված էր հրադադարի հաստատմանը, գրավյալ տարածքներից զորքերի ետքաշմանը, փախստականների ու տեղահանվածների վերադարձին, շրջափակումների վերացմանն ու բանակցությունների միջոցով ԼՂ կարգավիճակի ճշտման նպատակով Մինսկի խորհրդաժողովի բացմանը: Սակայն Ադրբեջանը, չընդունելով այս ծրագիրը, ի պատասխան, ակտիվացնում է ռազմական գործողությունները. 1993 թ. նոյեմբերի 18-ին ռմբակոծում է Հայաստանը Վրաստանին կապող երկաթուղու Սադախլո-Այրում տեղամասի 70-100 մետրանոց հատվածը:

Արտգործնախարար Վ. Փափազյանը ԵԱՀԽ-ի իր ելույթում նշում է, որ Ադրբեջանը մերժել է ժամանակացույցը, մինչդեռ Հայաստանն ու ԼՂ-ն ընդունել են այն: Սրան զուգահեռ, Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածում, որտեղ ասվում է. «Մերժելով ԵԱՀԽ Մինսկի խմբի ինը երկրների առաջարկած խաղաղության վերջին ծրագիրը՝ Ադրբեջանը վերահաստատում է ԼՂ խնդրի ռազմական լուծման հետամուտ լինելու իր մտադրությունը: Այդ քայլը նաև նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 884 բանաձևը, որը հակամարտության կողմից հատկապես պահանջում է ընդունել Մինսկի խմբի առաջարկած 1993 թ. նոյեմբերի 2-8-ը Վիեննայում ԵԱՀԽ Մինսկի խմբի հանդիպման ընթացքում բարեփոխված ՄԱԿ-ի ԱԽ 822 (1993), 853 (1993) բանաձևերի կատարման անհապաղ քայլերի ճշտված ժամանակացույցը: ԼՂ-Ադրբեջան ռազմաճակատի հարավ-արևելյան հատվածում վերջին երկու օրվա ընթացքում Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունները արտացոլում են Ադրբեջանի իրական քաղաքականությունը, որը կրում է հակամարտության շարունակման և մարդկային ողբերգությունների ողջ պատասխանատվությունը»: («Հայաստանի Հանրապետություն», 1993, 238, 1): 

Այս առիթով առանձին հայտարարությամբ է հանդես գալիս նաև նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. «ԵԱՀԽ ծրագիրը չընդունելով՝ Ադրբեջանը ոչ միայն մերժում է ԵԱՀԽ Մինսկի խմբի ջանքերը, որոնցում ակտիվորեն մասնակցում էր ՌԴ-ն, այլև հրաժարվեց կատարել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը» («Հայաստանի

Հանրապետություն», 1993, 256, 1):

1994   թվականի մայիսին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և

Հայաստանի խորհրդարանների նախագահները Բիշքեկում ստորագրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԱՊՀ-ի միջխորհրդարանական գագաթնաժողովի ավարտական արձանագրությունը, որով հիմքեր են դրվում զինադադարի մասին հետագա պայմանագրի կնքման համար: Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հրամանատարի կողմից ստորագրված այս փաստաթուղթն ուժի մեջ մտավ 1994 թ. մայիսի 12-ին: Նույն թվականին Բուդապեշտի գագաթնաժողովում հիմք է դրվում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցային գործընթացի համար։ 1995 թ. մարտի 23-ին հաստատվում է «ԵԱՀԿ հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության Խորհրդաժողովի համանախագահների մանդատը»:

1996 թ. ապրիլին ակնհայտորեն երևում է հրադադարից հետո քաղաքական մեծ պայմանագիր նախապատրաստելու ցանկություն․ այն ժամանակ մտայնություն կար, որ եթե հնարավոր չլինի հասնել հարցի լուծմանը, ապա 1996-ն առնվազն վճռորոշ տարի պետք է լիներ: ՀՀ նախագահի խորհրդական և արտգործնախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանը, 1996 թ. ապրիլի 6-13-ը լինելով 6 երկրներում՝ Ռուսաստան, Ֆինլանդիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Թուրքիա, ներկայացնում է, որ բանակցությունները որոշ հանգրվանի են հասել, և անհրաժեշտ է, որ բոլոր մասնակիցներն իրենց կարծիքը ներկայացնեն («Հայաստանի Հանրապետություն», 1997, 77): Նույն թվականի ապրիլին տարածաշրջան է այցելում ՄԽ ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը. «Ոչ միայն Բաքվում, այլև Մոսկովյան հանդիպումների ժամանակ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը քննարկվում է բավականին մանրամասն: Ցավալի է, որ կողմերն ի սկզբանե կոշտ դիրքորոշում ցուցաբերեցին: Մի կողմը պնդում էր անկախություն, մյուսը՝ ինքնավարությունը: Հետագայում, սակայն, հաջողվեց կողմերին ներգրավել առավել առարկայական խոսակցության մեջ: Չի կարելի հարցեր քննարկել հակաթեզի վրա հիմնվելով՝ անկախություն կամ ինքնավարություն: Պետք է խնդրի խորքային էությունը տեսնել, քննարկել յուրաքանչյուր կողմի իրավունքներն ու պարտականությունները: Նման մանրակրկիտ քննարկումները պետք է շարունակվեն: ՄԿ-ի համանախագահության դիրքորոշումն անփոփոխ է: Մենք առաջնային ենք համարում պետության տարածքի ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքը: Մենք ըմբռնումով ենք մոտենում ինքնորոշման հարցադրմանը... չի կարելի այս երկու սկզբունքների հակադրմամբ առաջնորդվել: ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում շարադրված են 10 սկզբունքներ, և հատուկ ընդգծված է, որ դրանք պետք է համալիր քննարկվեն: Մի՞թե կարևոր չեն, արձանագրված երրորդ՝ ուժի չկիրառման, կամ հինգերորդ՝ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքները» («Հայաստանի Հանրապետություն», 1996, 73):

1996 թ. հոկտեմբերի 29-ին ստորագրվում է Մոսկովյան հռչակագիրը: Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է հետևյալ կետերի կատարման անհրաժեշտությունը՝ կրակի դադարեցում, բանակցային գործընթացի ինտենսիվացում, փոխզիջումային տարբերակ: Արդեն տարվա վերջին նախատեսվում է ԵԱՀԿ Լիսաբոնի   գագաթնաժողովը, որը իր աշխատանքները սկսեց 1996թ. դեկտեմբերի 2-ին: Լիսաբոնյան գագաթնաժողովը    սկսվում է միջազգային հանրության տրամադրվածության այնպիսի պայմաններում, որը ենթադրում էր պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանի դիրքորոշումն էր տարածքային ամբողջականության սկզբունքին հակադրել ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը. 1996 թ. դեկտեմբերի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանը գագաթնաժողովի իր ելույթում շեշտում է, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է («Հայաստանի Հանրապետություն», 1996 247): Գագաթնաժողովի անդամ երկրները հանդես են գալիս հայտարարությամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և վերջինիս կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն շնորհելու մասին: Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվում են հետևյալ սկզբունքները, որոնք արժանանում են Մինսկի խմբի բոլոր անդամների հավանությանը՝ բացի Հայաստանից։ Դրանք են՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականություն, համաձայնագրում հաստատված, ինքնորոշման իրավունքի վրա հիմնված Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ, որը նրան ինքնավարության բարձր աստիճան է ապահովում Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղի ու նրա բնակչության երաշխավորված անվտանգություն, այդ թվում՝ բոլոր կողմերի փոխադարձ պարտավորություն` կատարելու համաձայնագրի բոլոր կետերը։ Ստեղծված պայմաններում Հայաստանի նախագահը օգտագործում է իր վետոյի իրավունքը՝ դառնալով միակ երկիրը, որը դեմ քվեարկեց այս հայտարարությանը: Ի պատասխան այս հայտարարության` ՀՀ պատվիրակությունը հանդես է գալիս սեփական հայտարարությամբ, որը նույնպես տեղ է գտել գագաթնաժողովի արձանագրության հավելվածում. «Հայաստանյան պատվիրակությունն իր մտահոգությունն է հայտնում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության հետևյալ կետերի վերաբերյալ։  

1. Այս հայտարարությունը չի արտացոլում Մինսկի խմբի ոգին ու մանդատի էությունը, որը հաստատվել է 1994 թ-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ և ենթադրում է քաղաքական համաձայնության շուրջ բանակցություններ անցկացնել։ Կարգավիճակի հարցն ուղիղ բանակցությունների ժամանակ քննարկման թեմա է հանդիսացել, որոնք ավարտին չեն հասցվել։ 2. Այս հայտարարության մեջ ԼՂ կարգավիճակ է կանխորոշվում, ինչը հակասում է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի որոշմանը, համաձայն որի` այն պետք է որոշվի Մինսկի խորհրդաժողովի ժամանակ, որն էլ պետք է սկսվի քաղաքական համաձայնության հաստատումից հետո։ 3. Հայկական կողմը համոզված է, որ հակամարտության կարգավորումը կարելի է գտնել ԵԱՀԿ Հելսինկյան ակտում ամրագրված միջազգային իրավունքի և սկզբունքների հիման վրա` մասնավորապես ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ 4. Փոխզիջումների հասնելու նպատակով հայկական կողմը պատրաստ է շարունակել ինտենսիվ բանակցություններն ինչպես ՄԽ շրջանակներում, այնպես էլ այն խմբի կողմից կոորդինացվող երկկողմ հաղորդակցման մակարդակով»։ 

1997 թ․ գարնանը Մոսկվայում տեղի են ունենում եռակողմ բանակցություններ. Ադրբեջանը պնդում է, որ որպես կարգավորման հիմք պիտի ընդունվեն Լիսաբոնյան երեք սկզբունքները: Հայաստանը լքում է բանակցությունները, բայց չի կարողանում խուսափել Լեռնային Ղարաբաղի հարցով ներքաղաքական ճգնաժամի խորացումից: 1997 թ. հուլիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկվեց ԼՂ հարցի կարգավորման փաթեթային տարբերակը։ Այն կազմված էր երկու համաձայնագրերից՝ նվիրված զինված հակամարտության դադարեցմանը։ Առաջինը ներառում էր զինված ուժերի դուրս բերում երկու փուլով, բաժանարար գոտու ստեղծում, տեղահանված անձանց վերադարձ նրանց նախկին մշտական բնակության վայրեր՝ բաժանարար գոտում, և անվտանգության մի շարք հարցեր: Լաչինի միջանցքը նախատեսվում էր հանձնել ԵԱՀԿ-ին վարձակալությամբ՝ միայն ԼՂ իշխանությունների կողմից օգտագործվելու պայմանով։ Երկրորդ համաձայնագիրն ուղղված էր ԼՂ կարգավիճակի որոշմանը և նախատեսում էր Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն, այդ թվում՝ սեփական Սահմանադրություն ունենալու իրավունք։   

Առաջարկված փաթեթային տարբերակը չի բավարարել կողմերին, ուստի 1997 թ. դեկտեմբերի 2-ին համանախագահները կողմերին առաջարկել են Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը, սակայն Լեռնային Ղարաբաղի

Հանրապետությունը մերժել է այն: 

Փուլային տարբերակը նախատեսում էր սկզբում համաձայնության գալ առաջին համաձայնագրի շուրջ, որից հետո միայն քննարկել երկրորդ համաձայնագիրը։ Նախատեսվում էր, որ մինչ վերջնական համաձայնության գալը ԼՂՀ-ն կպահպաներ ընթացիկ կարգավիճակը և միջազգայնորեն ճանաչված անցումային կարգավիճակ կստանար։ Լաչինի հետ կապված խնդիրները ևս լուծվելու էին ԼՂ կարգավիճակի որոշման հետ մեկտեղ՝ հետագայում: Մերժումը պայմանավորված էր նրանով, որ միջնորդների առաջարկած փուլային տարբերակը չէր պատասխանում գլխավոր հարցին` ինչպիսի՞ն պետք է լինի ԼՂ վերջնական քաղաքական կարգավիճակը, իսկ ԼՂՀ-ն պատրաստ չէր հրաժարվել բուֆերային գոտուց՝ առանց անվտանգության ստույգ երաշխիքների։   

Ստեղծված իրավիճակում ներքաղաքական լարվածությունը հասնում է իր կիզակետին․ սեպտեմբերի 16-ին կոնֆլիկտի բանակցային կողմին քաջատեղյակ գործիչներից Ժիրայր Լիպարիտյանը հրաժարական է տալիս՝ առաջ եկած դավադրապաշտական տեսություններին, ներքին խմորումներին ի պատասխան պնդելով, որ չկա այլ փաստաթուղթ, քան Լիսաբոնինն է: Արդեն հոկտեմբերին տեղեկություն տարածվեց, որ երեք ամիս առաջ Մինսկի խումբը ներկայացրել է համընդհանուր կարգավորման երկու մասից բաղկացած ծրագիր: Առաջին մասը վերաբերում էր գրավյալ տարածքները փոխադարձաբար վերադարձնելուն, ԵԱՀԿ տարանջատիչ ուժերի տեղակայմանը, փախստականների վերադարձին իրենց բնակության վայրեր և հաղորդակցության ճանապարհների ապաշրջափակմանը, երկրորդ մասը՝ անկլավի ապագա կարգավիճակին: («Հայաստանի

Հանրապետություն», 1997, 201): 

Մի քանի ամիս անց՝ 1998 թ. փետրվարի 3-ին, հետևում է ՀՀ նախագահ Լևոն ՏերՊետրոսյանի հրաժարականը, որը հեռանալիս հայտարարում է. «Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Խնդիրը ավելի խորն է և կապված է պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ: …Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես

Հայաստանում խաղաղության ու արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել» (Լևոն Տեր-Պետրոսյան, «Ընտրանի», Երևան, 2006, էջ 661): 

Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում առանձնանում է իր հստակությամբ և քաղաքական պատասխանատվության շեշտված զգացումով: Նրա ելույթների տրամաբանությունը չի փոխվում արտաքին և ներքին լսարանների համար: Հայաստանի քաղաքական և տնտեսական 

կյանքում Լեռնային Ղարաբաղի խնդիրը համարելով կարևորագույն նշանակության հարց՝ Տեր-Պետրոսյանը փորձել է մոտեցնել խնդրի կարգավորման հեռանկարը: Նրա ելույթները բխում են ռեալ քաղաքականությունից: Մի կողմից՝ Տեր-Պետրոսյանի դիվանագիտական ապարատի ջանքերի արդյունքում բանակցությունների առարկա դարձավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մյուս կողմից՝ նա փորձում էր Հայաստանի քաղաքական

էլիտաներին համախմբել խնդրի կարգավորման հրատապ անհրաժեշտության շուրջ:              

Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ռոբերտ Քոչարյանի օրոք

1998      թ. արտահերթ նախագահական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը, իշխանության գալով, շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջադրած բանակցային գործընթացի սկզբունքներին, սակայն ի տարբերություն նախորդ իշխանության, պնդում է հարցի լուծման փաթեթային տարբերակի վրա: 1998 թ. վերջին արդեն մամուլում ի հայտ է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր առաջարկը՝ «Ընդհանուր պետության» կոնցեպտը, սակայն սկզբում դեռ պարզ չէր, թե այդ «Ընդհանուր պետության» անդամներ Ադրբեջանն ու Ղարաբաղը ինչ կարգավիճակ պետք է ունենային. «Մի դեպքում՝ Ղարաբաղը կարող է ստորադասվել Ադրբեջանին, մյուս դեպքում՝ «Ընդհանուր պետությունը» կարող է ձևավորվել կոնֆեդերատիվ սկզբունքներով, որտեղ Ղարաբաղը և Ադրբեջանը հանդես կգան որպես իրավահավասար սուբյեկտներ»: Այս կոնցեպտը շրջանառության մեջ դնելուց մոտ 10 օր անց՝ նոյեմբերի 25-ին, «Հայաստանի Հանրապետությունում» լույս տեսած «Առանց ներքին համաձայնության դժվար է լուրջ հաջողությունների հույս ունենալ» հոդվածում Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, անուղղակիորեն անդրադառնալով նոր առաջարկին, ասում է. «Կարելի է փոխզիջման երևութականություն ստեղծել, բայց չհասնել իրական արդյունքների: Իսկ մենք խոսում ենք քայլերի մասին, որոնք մոտեցնում են հակամարտության կարգավորումը, այլ ոչ թե հաճելի են ականջի համար» («Հայաստանի Հանրապետություն», 1998, 231): Դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ նոր առաջարկի սկզբունքները փոքր-ինչ մեկնաբանվում են, այն է՝ ԼՂՀ և Ադրբեջանի պետական իշխանությունների համապատասխան մարմինների միջև տեղի է ունենալու լիազորությունների և իրավասությունների ճշգրտում: Սա հորիզոնական կապերի հիմքն է, որը թույլ է տալու Ադրբեջանին և Ղարաբաղին, որպես երկու հավասար միավորներ, ճշգրտել հարաբերությունները և ԼՂ կարգավիճակը («Հայաստանի Հանրապետություն», 1998, 241): Համաձայն «Ընդհանուր պետության» առաջարկի՝ Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ադրբեջանը և Ղարաբաղը ստորագրում են Համաձայնագիր տնօրինման առարկաների և պետական իշխանության համապատասխան մարմինների միջև իրավասությունների փոխադարձ տարանջատման մասին, որը սահմանադրական օրենքի ուժ պետք է ունենար: Հայկական կողմի համար այս տարբերակը ընդունելի է եղել. քաղաքական բարձրագույն ղեկավարության ամենատարբեր ներկայացուցիչներ թե՛ տեղական, թե՛ միջազգային ատյաններից քանիցս պաշտպանել են այս տարբերակը: Դեկտեմբերի 19-ին Եվրախորհրդի քաղաքական հանձնաժողովի նիստից հետո Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասում է. «Ղարաբաղյան հակամարտության լուծումը պահանջում է ոչ ավանդական լուծում, և ըստ այդմ՝ Հայաստանը և ԼՂ-ն համարում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկությունը կարող է հավակնել այդպիսի լուծում լինելուն: Մինչդեռ Ադրբեջանը, մերժելով այդ առաջարկը, փաստորեն մերժում է փոխզիջման գաղափարն ընդհանուր առմամբ» («Հայաստանի Հանրապետություն», 1998, 249): Փարիզում Քաղաքական կոմիտեի կազմակերպած լսումներին Հարությունյանը վերահաստատում է իր դիրքորոշումը. «ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների առաջարկած «Ընդհանուր պետության» հայեցակարգում կա մի ներուժ, որը կարող է հետագա զարգացում ստանալ բանակցությունների գործընթացում: Ահա թե ինչու և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը, չնայած որոշ վերապահումներին, դրականորեն արձագանքեցին այդ առաջարկներին» («Հայաստանի Հանրապետություն», 1998, 246): Թերթի նույն համարում արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ընդհանուր պետության» տարբերակի մասին այս տեսակետն է հայտնում. «Այսօր մենք սեղանի վրա ունենք մի այնպիսի փաստաթուղթ, որն ավելի շատ արտահայտում է մեր տեսակետները, քան ադրբեջանական կողմի՝ ի տարբերություն նախորդ բոլոր փաստաթղթերի, որ եղել են: Եվ ես կարծում եմ, որ այն մեր դիվանագիտական հաջողությունն է, մեր վարած քաղաքականության դրական արդյունքները: Ուղղակի մենք պիտի կարողանանք այդ հիմքի վրա լրացուցիչ հաջողությունների հասնել: Դե-ֆակտո՝ անկախ և դեյուրե՝ ոչ Ադրբեջանի կազմում բանաձևը, կարծում եմ, մի ճկուն բանաձև է, որը շատ բան կարող է ասելՄեզ համար պարզ է, թե Ադրբեջանի կազմում չլինել ինչ է նշանակում:…Այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ մենք դիվանագիտական առումով բավական բարենպաստ դիրքերում ենք գտնվում, քան երբևիցե եղել ենք»

1999      թ. սեպտեմբերի 14-ին Բալթյան և Սևծովյան համագործակցության գագաթնաժողովում ևս Քոչարյանը հաստատում է, որ Հայաստանը և Ղարաբաղը ընդունել են «Ընդհանուր պետության» գաղափարը («Հայաստանի Հանրապետություն», 1999, 178): Սակայն «Ընդհանուր պետության» գաղափարը մերժվում է Ադրբեջանի կողմից. դեռևս 1999 թ. ապրիլի 1-ին Մոսկվայում Հեյդար Ալիևի հետ հանդիպումից հետո Քոչարյանը նշում է, որ Ալիևը հրաժարվել է

«Ընդհանուր պետության» գաղափարից («Հայաստանի Հանրապետություն», 1999, 63): 2001 թ. հունվարին և մարտին Փարիզում տեղի են ունենում Քոչարյանի և Ալիևի միջև հերթական բանակցությունները` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ: Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում հրապարակ են գալիս «Փարիզյան սկզբունքները»: ԵԱՀԿ ՄԽ-ի կազմում գործունեության որոշակի պասիվացումից հետո ԱՄՆ-ն որոշում է իր դիրքերը վերականգնել և բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերելու նպատակով Քի Վեսթում կազմակերպում է հանդիպում Քոչարյանի և Ալիևի միջև: 

Քի Վեսթի բանակցությունների արդյունքում հրապարակված որոշ տեղեկատվության համաձայն՝ առաջարկվել էր կարգավորման հետևյալ տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքն Ադրբեջանի վերահսկողությունից դուրս էր գալիս և անցնում Հայաստանի ինքնիշխանության ներքո: ԼՂ կարգավիճակը սահմանվում էր Հայաստանի ներքո: Ադրբեջանն ուղիղ կապի հնարավորություն պետք է ունենար Նախիջևանի հետ՝ Մեղրու շրջանի տարածքով, փոխարենը Ադրբեջանը ճանաչելու էր Լաչինի միջանցքի՝ Հայաստանին պատկանելու փաստը: Քի Վեսթի մասին հետաքրքրական են Վարդան Օսկանյանի հիշողությունները. «Մեզ համար գերխնդիր էր դարձել Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղից հրաժարվելու պատրաստակամությանը կարողանալ ինչ-որ ձևով փաստաթղթային ձևակերպում և ամրագրում տալ ․․․ Շիրակն իր առաջին միջնորդությունն արեց 2001 թ. ապրիլին՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հրավիրելով Փարիզ՝ երկկողմ և եռակողմ հանդիպումների ․․․ Այս միջնորդական առաքելության գլխավոր գաղափարական հենքը կառուցված էր հարցին ամբողջական լուծում տալու մոտեցման վրա՝ սկզբունք ընդունելով ԼՂ-ն Լաչինի հետ միասին Հայաստանի ինքնիշխանությանը հանձնելու դիմաց Ադրբեջանին Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կայուն և անխափան միջանցքի տրամադրումը: Որոշ ժամանակ անց արդեն այս տարրերը, ինչպես նաև անվտանգության երաշխիքները և փախստականներին վերաբերող հարցերը սկսեցին ճանաչվել որպես «Փարիզյան սկզբունքներՔի Վեսթի բանակցությունների բացումը հիասթափեցուցիչ էր և՛ մեզ, և՛ Մինսկի խմբի համանախագահների համար: Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Փաուելի ներկայությամբ իր ամբողջ նախագահության շրջանի թերևս ամենախիստ, ամենաանկառուցողական, անզիջողական և ամենահակահայկական ելույթն ունեցավԱկտիվ դիվանագիտական ջանքերը և երկու նախագահների՝ զարմանալիության աստիճանի համարձակությունը, հատկապես՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի, հանգեցրին Քի Վեսթի համաձայնագրի նախագծին: Այդ փաստաթուղթը կարող էր վերջնական լուծման հանգեցնել, քանի որ բոլոր հարցերին համապարփակ կերպով էր անդրադառնում: Քի Վեսթում իր համաձայնությունը տալուց հետո, վերադառնալով Բաքու՝ նախագահ Ալիևը հետ կանգնեց դրանից: Այսպիսով, Քի Վեսթի համաձայնագիրը ևս մերժվեց Ադրբեջանի կողմից: Դրանից հետո գործընթացը մտավ փակուղի» (Վարդան Օսկանյան, «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները», Երևան, Սիվիլիթաս հիմնադրամ, 193-198): 

Արդեն 2002 թվականին Փարիզի սկզբունքների մասին խոսելով և անդրադառնալով     հարցին,         որ Ալիևը             շրջանառեց   Լաչինի միջանցքը Մեղրիով փոխանակելու միտքը,   Քոչարյանը պատասխանում է. «Խոսքը երբեք Լաչինի միջանցքի մասին չի եղել, այլ Հայաստանի և Արցախի միջև սուվերեն       միջանցքի,     Մեղրիով ճանապարհի հաղորդակցության իրավունքին       է             վերաբերել»

(«Հայաստանի

Հանրապետություն», 2002, 110):

Հայաստանը մինչև 2004 թվականը պնդում է Քի Վեսթի համաձայնագրի սկզբունքները կատարելու անհրաժեշտության մասին: 2004 թ. հոկտեմբերի 13-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Քոչարյանը հայտնում է. «Միամտություն կլինի կարծել, որ մի քանի տարածք տալով ամեն ինչ նորմալ է լինելու, հարաբերությունները նորմալանալու են, սահմանները բացվելու են և Ադրբեջանը հրաժարվելու է ԼՂ կարգավիճակի համար իր քաղաքական պայքարից, ոչինչ չի փոխվել, և այդ մոտեցումը լուծում չէ» («Հայաստանի Հանրապետություն», 2004, 182): Այս ժամանակ Ադրբեջանը ՄԱԿ-ի քննարկմանն է դնում Ադրբեջանի բռնազավթված տարածքների հարցը՝ փորձելով հարցի լուծմանը հասնել ավանդական մոտեցումներով հայտնի կառույցների միջոցով: Հարցի նման զարգացումը ակտիվ ելույթների է մղում Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա քաղաքական համակիրներին (տե՛ս Բաբկեն Արարքցյանի հարցազրույցը, «Հայաստանի Հանրապետություն», 2004, 218): Իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց սատելիտները հարկ են համարում հակադարձել քաղաքական ընդդիմախոսներին՝ նրանց մեղադրելով իշխանատենչության մեջ, իսկ Ղարաբաղի հարցում Հայաստանի դիվանագիտական դիրքը ներկայացնելով իբրև բարենպաստ (տե՛ս այս մասին Ալեքսանդր Իսկանդարյանի, Վարդան

Օսկանյանի, Գալուստ       Սահակյանի             ելույթները,   «Հայաստանի Հանրապետություն», 2004, համապատասխանաբար, նոյեմբերի 26, դեկտեմբերի 3-ի համարներ): 

Ստատուս-քվոյի քաղաքականությունը ներհատուկ էր նաև Քոչարյանին, որը մոտենում էր նախագահական պաշտոնավարության ավարտին: Քարոզչական մեքենան 2005-ից սկսում է հենց շեշտադրել Քոչարյանի՝ որպես բալանսի վարպետի կերպարը՝ բնորոշելով, որ նրա քաղաքականությունն «ամբողջությամբ ստատուս-քվոյի քաղաքականություն է՝ և՛ Ղարաբաղի հարցում, և՛ արտաքին հարաբերություններում, և՛ նաև ներքին հարաբերություններում» («Հայաստանի Հանրապետություն», 2005, 40): Նույն թվականի ամառվանից նորից ի հայտ են գալիս կարգավորման հնարավորության մասին խոսակցությունները: Օգոստոսի 27-ին Կազանում հանդիպում են Քոչարյանն ու Ալիևը, բայց հակառակ սպասումներին՝ հանդես չեն գալիս հայտարարությամբ:

Կարգավորման շուրջ քայլերը շարունակվում են նաև հաջորդ տարի. էական հանգրվան է դիտվում 2006 թ. փետրվարի 10-11-ը Փարիզի մերձակա Ռամբույե ամրոցում Իլհամ Ալիևի և Քոչարյանի միջև հանդիպումը, որը որակվում է որպես նախորդ հինգ տարվա ամենակարևոր հանդիպումը: Այնուհետև Քոչարյանն ու Ալիևը հանդիպում են հունիս 5-ին Բուխարեստում: Արտգործնախարար Օսկանյանի պնդմամբ՝ Բուխարեստը Ռամբույեից տարբերվում է մեկուկես էջով, եթե նախկինում մեկ, ապա հիմա երկուսուկես էջանոց փաստաթուղթ է սեղանին («Հայաստանի Հանրապետություն», 2006, 106): Այս հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հարցազրույց է տալիս Վիեննայում հունիսի 22-ին` ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ՄԽ համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցային գործընթացի վերաբերյալ զեկույցից հետո: Ամերիկացի դիվանագետն առաջին անգամ բացահայտում է ՄԽ կողմից հակամարտության կողմերին առաջարկված շրջանակային պայմանագրի որոշ մանրամասներ. Բաքուն և Երևանը «քննարկում են համաձայնագրի կետերը, որոնց համաձայն՝ հայկական զինված կազմավորումները պետք է ազատեն Ադրբեջանի տարածքները»: Այս փաստաթղթում, մասնավորապես, իրենց արտացոլումն են գտել հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը և Ղարաբաղին միջազգային տնտեսական օգնությանը վերաբերող հարցեր: Վերջին փուլում ենթադրվում է հանրաքվե անցկացնել Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ: 

Մեթյու Բրայզայի հարցազրույցին արձագանքելով՝ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ հակամարտության կարգավորման սկզբունքները «մասնակի» են բացահայտվել, շրջանակներից դուրս են մնացել Հայաստանի և Ղարաբաղի միջև միջանցքի և մինչ հանրաքվեի անցկացումը նրա միջանկյալ կարգավիճակի հարցը: 

Քի Վեսթից հետո ի հայտ եկավ նոր առաջարկների անհրաժեշտություն. ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով և Պրահայի գործընթացի շրջանակներում ձեռք բերված նոր առաջարկները ամրագրվեցին և կողմերին ներկայացվեցին 2007 թ. նոյեմբերի 29ին Մադրիդ քաղաքում՝ ստանալով Մադրիդյան սկզբունքներ անվանումը։ Այս փաստաթղթի պարունակությունը հետագայում մասնակիորեն գաղտնազերծվեց 2009 թ. հուլիսի 10-ին Լ՚Ակվիլայում համանախագահող երկրների ղեկավարների արած հայտարարությամբ, որում ասվում է. «ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախարարները 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում Հայաստանին և Ադրբեջանին ներկայացրել են կարգավորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակ: Հիմնարար սկզբունքները պարունակում են փոխզիջում, որը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա: Հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ենթադրում են` Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որը կտրամադրի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանված և փախստական հանդիսացող բոլոր անձանց` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, և անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն»:

Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Լեռնային Ղարաբաղի մասին պաշտոնական դիսկուրսը լուրջ փոփոխությունների ենթարկվեց: Հարցի կարգավորման շուրջ բանակցությունների թափանցիկությունը զգալիորեն նվազեց: Քոչարյանի ապարատին բնորոշ է ստատուս-քվոն պահպանելու քաղաքականությունը և բանակցությունները հնարավորինս երկարաձգելու մարտավարությունը: Լեռնային Ղարաբաղի հարցում սկիզբ է դրվում երկդիմի քաղաքական պրակտիկային, որը պաշտոնական դիրքորոշում է որդեգրում՝ մի կողմից միջազգային ատյանների առաջ ընդունելով խնդրի կարգավորման վերաբերյալ վերջիններիս առաջարկած պայմանները, մյուս կողմից՝ ներքին լսարանի համար մշակելով ռազմա-հայրենասիրական օրակարգեր, իզոլացնելով հանրությանը կարգավորման բուն էությունից և խորացնելով հանրային տրամադրություններում վախը և խաղաղ համակեցության անհնարինությունը:  

Ղարաբաղյան հարցի զարգացումները Սերժ Սարգսյանի օրոք

2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կառավարումը նոր դարագլուխ չի բացում Ղարաբաղյան կոնֆլիկտի պատմության մեջ. նա շարունակում է բանակցությունները Մադրիդյան սկզբունքների շուրջ: Սարգսյանի գալուստը սկզբնական շրջանում առաջ է բերում որոշակի ակտիվություն, ինչը ներհատուկ էր բանակցային գործընթացի տրամաբանությանը, երբ բանակցային սեղանի շուրջ հակամարտող կողմերից նոր ներկայացուցիչ էր նստում: Սարգսյանը պաշտոնավարման ամբողջ ընթացքում հավատարիմ է մնում կոնֆլիկտի փաթեթային լուծման տարբերակին. «Սկզբունքն այն է, որ եթե համաձայնություն ձեռք չի բերվել բոլոր հարցերի շուրջ, ուրեմն համաձայնություն ընդհանրապես չկա: Որևէ մեկը ոչ գնալու է գաղտնի քայլի, ոչ էլ մտադիր է ժողովրդի թիկունքից քայլեր ձեռնարկել: Այն ժամանակ, երբ բանակցությունները բերեն համապատասխան լուծումների, պայմանավորվածությունների, դրանք կդրվեն համապատասխան քննարկման Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի մակարդակով: Որևէ ղեկավար չի կարող առանց ժողովրդի կարծիքը նկատի ունենալու ինչ-որ հարցերի լուծման գնալ» («Հայաստանի Հանրապետություն», 2008, 213): Արդեն 2008 թ. հունիսին Իլհամ Ալիևի հետ ամսի 7-ի ծանոթության հանդիպումից հետո Սարգսյանը հայտնում է իր պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները՝ ըստ Մադրիդյան սկզբունքների («Հայաստանի Հանրապետություն», 2008, 113): Նույն ցանկությունը նախագահները վերահաստատում են նույն թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագրով («Հայաստանի Հանրապետություն», 2008, 215): Այս փուլում բանակցություններն ընթանում են երեք սկզբունքների հիման վրա՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի երկրորդ հոդված՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, չորրորդ՝ տարածքային ամբողջականություն և ութերորդ՝ ազգերի ինքնորոշում: 2009-ին բանակցային հանդիպումներն ակտիվորեն շարունակվում են Ցյուրիխում, Պրահայում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Մյունխենում: 2010-ի հունվարին հանդիպում են Ալիև-Մեդվեդև-Սարգսյան ֆորմատով: 2010 թ. hունիսի 26-ին կանադական Մուսկոկա քաղաքում անցկացվող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդևն ու Նիկոլա Սարկոզին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարներ, համատեղ հայտարարություն են ընդունում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները «կարևոր առաջընթաց են համարում այն, որ երկու կողմերն էլ համաձայնել են այն փաստի հետ, որ կայուն կարգավորումը պետք է հիմնվի մի շարք սկզբունքների վրա, որոնց թվում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների ապահովումը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը» («Հայաստանի Հանրապետություն», 2010, 120):  Հայտարարությունից օրեր անց ամերիկացի համանախագահ Բրադկեն ավելի է մանրամասնում էլեմենտները․ դրանք վեցն են՝ ԼՂ ժամանակավոր և վերջնական կարգավիճակ, զբաղեցրած տարածքների վերադարձ, Հայաստանն ու Ղարաբաղը կապող միջանցք, փախստականների վերադարձ, խաղաղության ապահովում («Հայաստանի Հանրապետություն», 2010, 128): Նույն թվականի դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի և Հայաստանի նախագահները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը կարգավորմանը հասնել միջազգային իրավունքի և սկզբունքների, ՄԱԿ-ի խարտիայի, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև 2009-ի հուլիսի 10-ին Աքվիլայում, այնուհետև՝ 2010-ի հունիսի 26-ին Մուսկոկայում արված երեք երկրների հայտարարության հիման վրա («Հայաստանի Հանրապետություն», 2010, 226): Բանակցային հանդիպումները շարունակվում են նաև հաջորդ տարի՝ Սոչիում (2011, մարտի 5) և Կազանում (2011, հունիսի 24): 

Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում բանակցային գործընթացը պասիվ ընթացք է ստանում: Երկու կարծիք չի կարող լինել, որ նրա օրոք կոնֆլիկտի համար շրջադարձային կարող էր լինել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, բայց այն ձախողվեց: Սարգսյանի ձեռնարկումներից պետք է հիշել Ստեփանակերտի օդանավակայանը, որի առիթով 2012 թ. ապրիլին ԵԱՀԿ համանախագահները հայտարարություն են տարածում՝ հորդորելով կողմերին փոխըմբռնման հասնել՝ հետևելով միջազգային համաձայնագրերին և կոնվենցիաներին. «Այդ օդանավակայան ու այնտեղից կատարվող չվերթները չեն կարող փաստարկվել որևէ միջազգային իրավունքով ԼՂ ներկայիս կարգավիճակի փոփոխությանն ուղղված պահանջ» («Հայաստանի Հանրապետություն», 2011, 68): Ի վերջո, այդ օդանավակայանը գործարկվում է միայն Ղարաբաղի տարածքում օդային զբոսանքների համար: 

Բանակցային գործընթացը լճանում է, նախագահների հանդիպումները սակավադեպ են դառնում: Երկամյա ընդմիջումից հետո 2014 թվականի հոկտեմբերի 28-ին Փարիզում տեղի է ունենում Սարգսյան-Ալիև-Օլանդ հանդիպումը։ 2015 թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում են Բեռնում: Հանդիպումից հետո Ալիևն այն որակում է որպես «ձևական»: Այսպիսի բանակցային լճացման պայմաններում 2016 թ. ապրիլի 1-5-ը լայնամասշտաբ ռազմական գործողություններ են տեղի ունենում Արցախի բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով: Ապրիլյան ռազմական գործողությունները համանախագահող երկրներին և, մասնավորապես, Ռուսաստանին ստիպում են չափազանց պրոակտիվ գործել: 2016 թ. մայիսի 16-ին Վիեննայում մեկնարկում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ։ Համաձայնություն է ձեռք բերվում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները նորից են հանդիպում. շեշտադրվում է բանակցությունները շարունակելու բացարձակ անհրաժեշտությունը: Սերժ

Սարգսյանը հեռանում է ժողովրդի պահանջով 2018 թ. ապրիլի 23-ին՝ դառնալով Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, որն իշխանությունը հարկադրաբար թողեց՝ ոչ Ղարաբաղի խնդրի բերումով:

Սերժ Սարգսյանի օրոք Ղարաբաղի մասին պաշտոնական դիսկուրսը լուրջ փոփոխություններ չի արձանագրում: Մեծ մասով այն շարունակում է կրկնել

Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը և երկսայրի մոտեցումներ դրսևորել՝ խաղարկելով հարցի կարգավորումը:

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Փուլայի՞ն, թե՞ փաթեթային. «Ղարաբաղյան կուռքի» ֆենոմենը

Ղարաբաղյան խնդրի փուլային և փաթեթային լուծումների հարցը հայաստանյան պաշտոնական դիսկուրսում հակամարտության շուրջ եղած միակ առանցքային տարակարծությունն է: Բովանդակային առումով հակամարտության շուրջ պաշտոնական դիսկուրսը երկու փուլ ունի՝ լուծման Լևոն Տեր-Պետրոսյանի փուլային ընկալումը և Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի փաթեթային ընկալումը: Այս հարցում հակասություններն ի հայտ են եկել բանակցային գործընթացի հենց սկզբից: Կողմերի ունեցած տարբեր դիրքորոշումներն իրենց արտահայտությունն են գտել բանակցային գործընթացում միջնորդների քաղաքականությունների վրա: Բանակցային գործընթացի սկզբում միջնորդները նույնպես որդեգրել էին հարցի կարգավորման փուլային մոտեցումը. առաջին քայլ՝ զինադադարի հաստատում, երկրորդ՝ քաղաքական պայմանագրի ստորագրման միջոցով զինադադարի ամրագրում և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովում, երրորդ՝ Մինսկի վեհաժողովում ԼՂ կարգավիճակի վճռում: 1997 թ. հուլիսին ԵԱՀԿ համանախագահների կողմից առաջարկվեց ԼՂ հարցի կարգավորման փաթեթային տարբերակը: Այն կազմված էր երկու համաձայնագրերից՝ նվիրված զինված հակամարտության դադարեցմանը, որը ներառում էր զինված ուժերի դուրս բերում երկու փուլով, բաժանարար գոտու ստեղծում, տեղահանված անձանց վերադարձ նրանց նախկին մշտական բնակության վայրեր՝ բաժանարար գոտում, և անվտանգության մի շարք հարցեր:

Լաչինի միջանցքը նախատեսվում էր հանձնել ԵԱՀԿ-ին վարձակալությամբ, միայն ԼՂ իշխանությունների կողմից օգտագործվելու պայմանով։ Երկրորդ համաձայնագիրն ուղղված էր ԼՂ կարգավիճակի որոշմանը և նախատեսում էր Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն, այդ թվում՝ սեփական սահմանադրություն ունենալու իրավունք։ Սրա չընդունման պայմաններում 1997 թ. դեկտեմբերի 2-ին համանախագահները կողմերին առաջարկել են կարգավորման փուլային տարբերակը: Փուլային տարբերակը նախատեսում էր սկզբում համաձայնության գալ առաջին համաձայնագրի շուրջ, որից հետո միայն քննարկել երկրորդ համաձայնագիրը։ Նախատեսվում էր, որ մինչ վերջնական համաձայնության գալը Լեռնային Ղարաբաղը կպահպաներ ընթացիկ կարգավիճակը և միջազգայնորեն ճանաչված անցումային կարգավիճակ կստանար։ Լաչինի հետ կապված խնդիրները ևս լուծվելու էին ԼՂ կարգավիճակի որոշման հետ մեկտեղ:  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մերժել է այս առաջարկը. միջնորդների առաջարկած փուլային տարբերակը չէր ճշտում Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակը, իսկ Ստեփանակերտը պատրաստ չէր հրաժարվել ստատուս-քվոյից՝ առանց անվտանգության հստակ երաշխիքների։ Այս իրավիճակին խոսուն գնահատական է տվել  Լևոն ՏերՊետրոսյանը. «Մերժելով նախ փաթեթային, ապա՝ փուլային լուծումները և այսօր առաջարկելով կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին, ղարաբաղյան կողմն անհարմար դրության մեջ է դրել թե՛ Ղարաբաղը, թե՛ Հայաստանը։ Այնուամենայնիվ, վիճակը ես ողբերգական կամ փակուղային չեմ համարում, քանի որ հնարավոր է այդ երկու տարբերակները հեշտությամբ համատեղել։ Գաղափարը շատ պարզ է. բանակցությունների արդյունքում ստորագրվում է կարգավորման փուլային տարբերակը, բայց այն կիրառվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո։ Դրանով Ղարաբաղը միջազգային հանրությանն ապացուցում է իր կառուցողականությունը, ցույց է տալիս, որ ոչ մի մտադրություն չունի պահպանել գրավված տարածքները, իսկ մյուս կողմից՝ լուրջ առաջխաղացում է արձանագրվում կարգավորման գործընթացում, և վերսկսվում են շուրջ մեկ տարի ընդհատված բանակցությունները» (Լևոն Տեր-Պետրոսյան, «Ընտրանի», 2006, 637):  

Տեր-Պետրոսյանը կողմ էր փուլային լուծմանը, քանի որ կարծում էր, որ կողմերը պատրաստ չեն հարցի փաթեթային լուծմանը. «Եկեք հանենք առայժմ այն ամենը, ինչը լարվածություն է ստեղծում։ Հետո նստենք և Ղարաբաղ – Ադրբեջան կամ Ղարաբաղ – Հայաստան – Ադրբեջան կազմով, ինչը կարևոր չէ, խոսենք կարգավիճակի մասին՝ առանց նախնական պայմանների։ Բնականաբար, առանց Ղարաբաղի խոսք չի կարող լինել ոչ մի բանակցության մասին, բայց ձևն ինձ համար բացարձակապես երկրորդական է։ Գլխավորը՝ էությունն է, իսկ էությամբ դա չեչենական տարբերակն է. հանեցին խնդրի սրությունը, երդվեցին չկռվել, հարցը լուծել միայն խաղաղ միջոցներով, և հանգիստ զբաղվեցին գործով: … Իմ կարծիքով, այդպիսի տարբերակի բոլորն ավելի պատրաստ են, քան փաթեթային լուծման։ Կարծում եմ՝ թե՛ Ղարաբաղը, թե՛ Ադրբեջանը պատրաստ են։ Հայաստանի համար իրավիճակը մի փոքր այլ է, որովհետև մենք միշտ ասել ենք, մեզ համար ընդունելի է ցանկացած լուծում, որը կբավարարի Ղարաբաղին» (Հարցազրույց «Նովոյե Վրեմյա» շաբաթաթերթին, տե՛ս Լևոն Տեր-Պետրոսյան, «Ընտրանի», Երևան, 587): 

Տեր-Պետրոսյանն այս տարբերակին հավատարիմ է մնացել իր բազմաթիվ ելույթներում և հարցազրույցներում՝ պնդելով դրա նպատակահարմարությունը: Հետագայում իր դիրքորոշումը նա մեկնաբանել է նաև իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում. «Ընդդիմադիր մամուլի կողմից ջանք չի խնայվում հասարակությանը տպավորելու համար, թե իբր Լեռնային Ղարաբաղը պաշտպանում է կարգավորման փաթեթային տարբերակը, իսկ Հայաստանը՝ փուլայինը, որը հղի է լուրջ վտանգներով։ Ես թերևս չանդրադառնայի այս հարցին, եթե ի զարմանս ինձ, նման հայտարարություններ չանեին նաև Ղարաբաղի ներկայացուցիչները։ Սեպտեմբերի 26-ի մամլո ասուլիսին ուշադիր հետևողները պետք է նկատած լինեին, որ թե՛ փաթեթային, թե՛ փուլային լուծումները ես համարել եմ «իրական (ռեալ) տարբերակներ»։ Նշել եմ նաև, որ Հայաստանը լուրջ վերապահումներով ընդունել է համանախագահների ներկայացրած առաջին ծրագիրը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կարգավորման փաթեթային տարբերակ։ Եվ միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը գրավոր կերպով կտրականապես մերժել են այդ տարբերակը, համանախագահներն ստիպված են եղել կողմերին առաջարկել փուլային լուծում։ Ասուլիսում իմ կողմից, մասնավորապես, ասված է. «Ըստ էության, ի՞նչ տեղի ունեցավ։ Միջնորդներն էլ, մենք բոլորս էլ համոզվեցինք, որ այսօր Ղարաբաղը և Ադրբեջանը պատրաստ չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ունի այդ կարգավիճակի մասին իր սեփական պատկերացումը, որը կտրուկ հակադրվում է հակառակորդի տեսակետին։ Այս հարցում բոլորը համոզվեցին։ Ես կարծում եմ, ընտրվեց միակ իրատեսական մոտեցումը։ Եթե լուծման նման տարբերակը չի ընդունվում, այսինքն իրագործելի չէ, այսօր պետք է փորձ կատարել իրագործել լուծման «փուլ առ փուլ» տարբերակը» («Հայաստանի Հանրապետություն», 1997, 27 սեպտեմբերի)։ 

Քաղաքական հռետորաբանությունը ծայրահեղ երկփեղկվում է՝ առաջացնելով ներիշխանական թևերի ճեղքում: ԼՂՀ ղեկավարությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, ապա նաև Սերժ Սարգսյանը, ինչպես վերը նշված է, հանդես են եկել հարցի լուծման փաթեթային տարբերակի օգտին: Դեռևս լինելով ԼՂ գործադիր ղեկավար՝ Քոչարյանը Փարիզում հարցազրույց է տալիս և հանդես գալիս իբրև փաթեթայինի կողմնակից՝ կարևորելով ԼՂՀ-ի համար կարգավիճակի, շրջափակման վերացման, Ադրբեջանի համար գրավյալ տարածքներից ղարաբաղյան ուժերի դուրսբերման, փախստականների հարցերը, երկու կողմերի համար բնակչության անվտանգության երաշխիքների ապահովման խնդիրը: Առաջարկությունների միասնական փաթեթի և խնդիրների լուծման մեխանիզմների բացակայությունը

ԼՂՀ կարծիքով ձախողման են դատապարտում միջազգային կազմակերպությունների խաղաղարար ջանքերը: («Հայաստանի

Հանրապետություն», 1992, 211 (23 հոկտեմբերի), 1): Նույն մոտեցումը նա ցուցաբերում է նախագահության ողջ շրջանում. «… Խնդրի էությունը Ղարաբաղի կարգավիճակն է, հետևաբար բանակցությունները պետք է սկսվեն հենց այդ հարցից, իսկ մնացած բոլոր խնդիրներն այս դեպքում շատ ավելի հեշտությամբ կկարգավորվեն» («Հայաստանի Հանրապետություն», 1998, 95):  «Ես եղել և մնում եմ ԼՂ խնդրի փաթեթային կարգավորման կողմնակից: Փաթեթը ենթադրում է խնդրի բոլոր բաղադրամասերի կարգավորում, և վերոհիշյալ տարածքները մենք համարում ենք այդ բաղադրամասերից մեկը: Իմ դիրքորոշումը մնացել է նույնը՝ դա բանակցությունների առարկա է, իսկ թե ինչպիսին կլինի լուծումը, ցույց կտա բանակցային գործընթացը» («Հայաստանի Հանրապետություն», 2003, 245):

Դեռևս 1997 թ. վերջին Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի՝ անկախություն ձեռք բերելը համարում էր «ճկունության խնդիր, հնարավոր տարբերակը պիտի այնպիսին լինի, որ երաշխավորի Ղարաբաղի անկախությունը» («Հայաստանի Հանրապետություն», 1997, 16 դեկտեմբերի): 

Նույն թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը ճգնում է քաղաքական ռացիոնալ քննարկումների և հաշվարկների դաշտ բերել իր հակառակորդներին՝ հակադարձելով նրանց հիմնավորումներին. Բերենք մի օրինակ. «Ինչևէ, բանավեճ չստացվեց, բայց դա ոչ ինձ, ոչ էլ մեր հասարակությանը չպետք է հիասթափեցնի։ Միևնույն է, ազգի ճակատագիրը տնօրինելու հավակնող ցանկացած քաղաքական գործիչ կամ մտավորական վաղ թե ուշ ստիպված է լինելու հրաժարվել հայհոյախոսությունից (խոսքս հոգեկան հիվանդների մասին չէ) և ժողովրդի առջև հանդես գալ կոնկրետ հաշվարկված ծրագրով։

Չսպասելով դրան՝ ես այսօր էլ պատրաստ եմ լրջորեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած բանական առաջարկ, համաձայն եմ ցանկացած մակարդակի հրապարակային բանավեճի։ Սակայն բանավեճը կարող է առարկայական լինել միայն նախապես կողմնորոշվելով մի քանի ելակետային դրույթների շուրջ, այն է.

-                      Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի պատերազմի՞, թե՞ խաղաղ բանակցությունների միջոցով.

-                      հնարավո՞ր է արդյոք հավերժորեն կամ թեկուզ երկար ժամանակով պահպանել ստատուս-քվոն և Ղարաբաղի խնդրի չկարգավորված վիճակը.

-                      Ղարաբաղին և Հայաստանին ձեռնտու է հարցի կարգավորվա՞ծ, թե՞ չկարգավորված վիճակը.

-                      հարցը պետք է լուծվի փոխզիջումո՞վ, թե՞ կողմերից մեկի պարտությամբ, և այդ դեպքում՝ ո՞վ է լինելու պարտվող կողմը։

Այս դրույթների շուրջ ես հստակ կերպով արտահայտվել եմ բազմիցս և այսօր էլ պնդում եմ, որ՝

-                      պատերազմը պետք է բացառվի, ուստիև Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայնումիայն խաղաղ բանակցությունների միջոցով.

-                      ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետև դա թույլ չեն տա ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները.

-                      Ղարաբաղին և Հայաստանին ձեռնտու չէ հարցի չկարգավորված վիճակը, որովհետև դա զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի, հետևաբար նաև Ղարաբաղի տնտեսական զարգացմանը, բարդություններ ստեղծում միջազգային հանրության և մանավանդ հարևան երկրների հետ հարաբերություններում, որոնք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ.

-                      Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը փոխզիջումն է, որը նշանակում է ոչ թե մի կողմի հաղթանակ և մյուսի պարտություն, այլ հակամարտության հագեցման վիճակում ձեռքբերված հնարավոր համաձայնություն» (Լևոն ՏերՊետրոսյան, «Ընտրանի», 626-628)։

Տեր-Պետրոսյանին հակադիր քաղաքական ուժի դիրքորոշումը ամփոփվում է

Վարդան Օսկանյանի ինքնակենսագրության մի դրվագում, որը վերարտադրում է

1998 թ. հունվարի 8-ի Ազգային անվտանգության խորհրդի նիստը. «Լևոն ՏերՊետրոսյանը համոզված էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի և ժողովրդի գոյատևման ապահովման համար Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձը, բացառությամբ Լաչինի, բխում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից: Ավելին՝ նա գտնում էր, որ հաշվի առնելով այդ օրերի աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացման սահմանափակ հնարավորությունները, այլ տարբերակ ակնկալել հնարավոր չէ: 

Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսների առարկությունը հիմնված էր այն փաստի վրա, որ առաջարկվող փաստաթղթում որևէ նշում անգամ չկա Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին, ուր մնաց ինչ-որ հստակեցում այդ հարցի վերաբերյալ: Տեր-Պետրոսյանն իր հերթին հակադրում էր, որ ամեն նշում կամ հղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի հարցի արծարծումից:

Ընդհատելով այս բուռն ու կրքոտ վեճը՝ Տեր-Պետրոսյանն ինձ դրեց բավական բարդ վիճակի մեջ. իմ ուղղությամբ ձեռքը մեկնելով՝ ասաց «Թող Վարդանը ասի՝ արդյո՞ք հնարավոր է երբևիցե ձեռք բերել մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Դա ինձ անակնկալի բերեց: Ես նստած էի սեղանի խորքում, մինչ այդ լսողի դերում էի ու չէի ակնկալում, որ մասնակցություն կունենամ քննարկումներին: 

Ոտքի կանգնեցի, բոլորի հայացքներն ուղղված էին ինձ՝ կարծես իմ պատասխանը պետք է վճռեր այդ հանդիպման ելքը: Պատասխանս չուշացավ. «Պարո՛ն նախագահ, կարծում եմ, որ հնարավոր է: Ասել, որ իմ պատասխանը հիմնված էր ինչ-որ վերլուծության վրա, ճիշտ չէր լինի: …Պատասխանս, թերևս, արդյունքն էր իմ բնազդային զգացողության: Այսօր տարիների հեռավորությունից դիտարկելով փաստերը՝ կարելի է նշել, որ իմ զգացողությունները սխալ չեն» (Վարդան Օսկանյան 2013, 39-40):

Անվտանգության խորհրդի նիստի մեկ այլ մասնակից Սամվել Բաբայանի կենսագրական գրքում այս վճռորոշ նիստը մեկնաբանվում է այսպես. «Այս ամենի մեջ ծագած հակասությունն ամենևին չէր վերաբերում հակամարտության լուծման փուլային կամ փաթեթային տարբերակներին: Բաբայանին մտահոգում էին ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի տարածքների հետագա ճակատագիրը, ինչպիսիք են Քարվաճառի (Քելբաջար) և Քաշաթաղի (ներառյալ Լաչին) շրջանները, որոնց մասին էլ ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության հայտնի նիստից առաջ (1997 թվական) Բաբայանն առանձնազրույց ունեցավ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որը պահանջեց ներկայացնել արցախյան կողմի հիմնավորումները և համապատասխան քարտեզը: Բաբայանը հույս ուներ դրանով մոտեցնելու դիրքորոշումները: Սակայն ապարդյուն: Ուստի՝ Սամվել Բաբայանին այլ ելք չէր մնում, քան փորձել հրաժարվել վնասաբեր այս միտումներից: 1998 թ. հունվարի 8ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում Արցախի գերխնդրի լուծման փաթեթային տարբերակի պաշտպանությամբ» (Խաչատրյան Հ.,

Ղազարյան Գ., Մարգարյան Ս., «Հաղթանակներն ինչպես եղել են», 2008, 218-219): 

2017 թ. հունվարի 25-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակվեց Ժիրայր Լիպարիտյանի «Փաթեթային, փուլային և մոռացված պահեր» հոդվածը, որտեղ նա անդրադառնում է Քելբաջարի վերաբերյալ Բաբայանի դիրքորոշմանը: Զրույցը տեղի է ունեցել 1997 թ. ամռանը Կառավարական ամառանոցում. «Հետո ՀՀ նախագահը շարունակեց իր խոսքը, որը հետևյալն էր. «Ուրեմն, վստահ լինենք, որ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է նշանակում փուլային լուծում. վերադարձնում ենք ԼՂ-ից դուրս մեր հակակշռի տակ գտնվող 7 տարածքներից 6-ը, Լաչինը պահում ենք: ԼՂ-ն պահում է իր բոլոր ռազմական կարելիությունները. վերադարձրած տարածքների վերաբերյալ ապահովում ենք առավելագույն անվտանգություն ԼՂ համար՝ և՛ ռազմական, և՛ միջազգային քաղաքական տեսակետից: Պատերազմն ավարտվում է, խաղաղության պայմանագիր ենք ստորագրում Ադրբեջանի հետ: Կարգավիճակի հարցը թողնում ենք հետագայի բանակցություններին: Այսինքն, տարածքներ՝ խաղաղության համար, և ոչ՝ կարգավիճակի»: Տեր-Պետրոսյանը հարցրեց ԼՂ երեք ղեկավարներին՝ արդյո՞ք փուլայինով նույն բանն ենք հասկանում: Երեքն էլ դրական պատասխան տվեցին: Ապա Տեր-Պետրոսյանը դարձավ մյուսներին. «Բոլորդ հասկանու՞մ եք, թե ինչ կատարվեց այստեղ: Հրադադարից ի վեր առաջին անգամ է, որ ԼՂ-ն և ՀՀ-ն լիովին համաձայն են խնդրի լուծման ձևին: Գնում ենք փուլայինով ու բոլորս էլ հասկանում ենք, թե դա ինչ է նշանակում: Այստեղ կա՞ որևէ մեկը, որը համաձայն չէ այս գործընթացին»: Նա՝ երկու, թերևս, երեք անգամ հարցրեց. «Որևէ մեկը խնդիր ունի՞ այս մոտեցման կապակցությամբ»: Ոչ ոք չառարկեց կամ խնդիր չներկայացրեց՝ բացի Բաբայանից, որը վերջում որոշ տատանումից հետո հարցրեց. «Չե՞նք կարող Քելբաջարն էլ պահել»: Նա արդեն ոտքի էր կանգնել ու հենվել Քոչարյանի աթոռի թիկնակին: Քոչարյանը դարձավ դեպի Բաբայանը (նա չէր կարող վերջինիս ուղիղ նայել, քանի որ այդ դիրքում անհրաժեշտ էր գլուխը շրջել 180 աստիճանով) և ասաց. «Է՞շ ես, ի՞նչ ես, ա՛յ տղա, Լաչինը դեռ չենք մարսել, հիմա Քելբաջա՞րն էլ ես ուզում»: Տեր-Պետրոսյանն ընդմիջեց. «Մի րոպե, Ռոբերտ ջան»: Դարձավ ինձ. «Ժիրայր, կարո՞ղ ես բանակցություններում Քելբաջարը ևս պահել»։ «Վստահ չեմ, կարող եմ փորձել: Մինչև հիմա գնում ենք «6+1» ձևաչափով, երբ խոսում ենք փուլային լուծման մասին: Վեցը տալիս ենք, մեկն ենք պահում։ Չեմ կարծում, թե դա կարելի է «5+2»-ի հասցնել, սակայն կարող ենք «5+1+1» ձևաչափին հասնել. 5-ը տալիս ենք, 1-ը պահում ենք, 1-ն էլ «ժամանակավոր» պահում ենք, հետո կտեսնենք»,- ասացի: «Այդ պատասխանը քեզ գոհացնու՞մ է, Սամո»,- հարցրեց ՀՀ նախագահը: «Եթե Ժիրայրն է դա ասում, այո՛, գոհացնում է»,- ժպտալով ասաց ԼՂ պաշտպանության նախարարը» (ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։ 

Քաղաքական ճգնաժամի բովում Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իրականությունը ռացիոնալ վերլուծելու հարթակ ձևավորելու ջանքերը, ի վերջո, ձախողվում են, բայց նրա ապագայի կանխատեսումներն անգամ, որ իրականություն դարձան, չհաղթահարեցին քաղաքական ճգնաժամը՝ ի վերջո, ստիպելով Տեր-Պետրոսյանին և իր քաղաքական համակիրներին հեռանալ:

1998 թ. փետրվարի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Հայաստանի նոր նախագահի ընտրության համար սկսված պայքարում Արցախյան հիմնախնդիրը ստանում է հատուկ կարգավիճակ և հայտնվում նախընտրական քարոզի գործիքների կազմում: Նախագահի թեկնածուներից Ռոբերտ Քոչարյանը առավելագույնս է մարմնավորում Ղարաբաղի հիմնախնդիրը. նա ներկայացնում է Արցախի աննկուն կամքը, Արցախի ու Հայաստանի միասնության բաղձալի նպատակները և ընկալվում է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության խորհրդանիշ: Շեշտվում է հատկապես նրա ղարաբաղյան մարտական կենսագրությունը, որի բերումով հենց Քոչարյանն է վստահելի բանակցողը, ղարաբաղյան հիմնահարցի լուծման համար պայքարողը (բնորոշումները տրված են՝ ըստ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 1998 թ. մարտի 6-ի թիվ 43 համարում «Չափանիշն արդեն կա» հոդվածի): Մարտի 11-ի համարում (թիվ 46) Քոչարյանի նկարով լույս է տեսնում «Ես ձեզանից մեկն եմ» հոդվածը: Նախքան Հայաստանի նախագահ դառնալը Ղարաբաղի հարցում Քոչարյանի հռետորաբանությունը և քաղաքական երևակայությունն իսկապես անսահման են: Քոչարյանը բացառում է պատերազմի և խաղաղության դիլեման, նրա համար գործուն մեկնակետը հաղթանակն է, հաղթողի դիրքից խոսելն ու գործելը. «արժանապատիվ խաղաղություն կկնքեմ ոչ թե Սպիտակի երկրաշարժի, այլ Աղդամի երկրաշարժի ֆոնի վրա: … Աղդամի երկրաշարժ արած ժողովրդին պարտություն պարտադրելը բոլորովին էլ խաղաղություն չէ»:

1998 թվականին, սակայն, Հայաստանի հանրության զգալի մասը սոցիալական վատթար վիճակի բերումով ուներ քաղաքական այլ ակնկալիքներ, որոնց հանգուցալուծումը տեսնում էր Կարեն Դեմիրճյանի կերպարի մեջ: Դեմիրճյանը մարմնավորում էր խորհրդային բարեկեցիկ և ապահով անցյալը: Դեմիրճյանի նոր հայտնությունը քաղաքական սուր գնահատականներ է հարուցում Հայաստանի պաշտոնական դիսկուրսում. սոցիալիզմի հուժկու կարոտախտի դեմ նախագահի թեկնածու Քոչարյանի նախընտրական արշավի գերակա առանցքը դառնում է Ղարաբաղը՝ իր բոլոր դրսևորումներով: Քոչարյանին  հակոտնյա ուժերին չեզոքացնելու համար ընտրված հիմնական շեշտադրումներն էին ազգային պառակտումը՝ ղարաբաղցիներին մյուս հայերից  առանձնացնելը, պատերազմի զոհերի հիշատակն ու առհասարակ՝ այդ պատերազմն անարգելու դիտավորությունը, ինչպես նաև ի դեմս Քոչարյանի՝ նոր, խորհրդային անցյալի և «Ղարաբաղ» կոմիտեի հետ չկապվող կենսագրության ի հայտ գալը: «Գերիշխողը ազգի միասնության գաղափարն է» հոդվածում ընտրական պայքարի տրամաբանությունն արագ վերաճում է համազգային միասնության անհրաժեշտության. «Բարեկեցիկ կյանքի վերջին մոհիկանի՝ Կարեն Դեմիրճյանի հեղինակության օր-օրի աճը վկայում է, որ ընտրությունների արդյունքները լինելու են ըստ ընտրախավի մեծամասնության սոցիալական սպասումների: … Մի համոզված գերմանացի կոմունիստ ինձ փորձում էր ապացուցել, թե իրենք արդեն անչափ տարբեր են, բայց Ազգի միասնության գաղափարը գերիշխող էր, և մնացած բոլոր հարցերը ստորադասվեցին դրան: Այդպես մենք կարող ենք հասնել մեր խնդիրների լուծմանը, հակառակ դեպքում վաղը երևանցին կամ արտաշատցին կարող է իր սոցիալական վիճակից դժգոհելով բողոքել, թե ինչու են գումարներ հատկացվում, ասենք, իրենից հեռու աղետի գոտու վերականգնմանը»: Սրա հետ մեկտեղ՝ Քոչարյանի ղարաբաղյան ծագումը նշվում է որպես առավելություն. «Քոչարյանի ղարաբաղցի լինելը միայն հաղթաթուղթ է իր ձեռքին, ոչ թե խանգարող հանգամանք» («Հայաստանի Հանրապետություն»,

1998, 35): 

Մարտի 6-ին լույս տեսած «Չկրկնենք հին սխալները» հոդվածը հորդորում է մի թեկնածուի շուրջ համախմբվել, «ընտրություններից տասն օր առաջ չուրանալ  «ազգային միասնության պատրանք-երազանքը»՝ չպառակտվել, չթշնամանալ՝ այս կամ այն թեկնածուի կողմը բռնելով» («Հայաստանի Հանրապետություն», 1998, 43): Նախընտրական պայքարում առաջ է քաշվում Արցախյան պատերազմի սակրալությունը խորհրդային անցյալին հակադրելու բարոյական պարտավորության հարցը. խորհրդային ձախողումները վեր են հառնում մուգ ընդգծումով. «Ի՞նչ էինք ցանել, որ ինչ հնձեինք. տգիտության ընտրությունը կարո՞ղ է կանգ առնել բարձրագույն գիտակցության վրա: Նա հիշել է շրջկոոպի պահեստներում կուտակված ապրանքի առատությունը, տակիցշահելու-ծախելու եղանակները, կալից ցորեն ու սիլոս թռցնելու օրերը, կուստոմս վաճառելով հարստանալը, աշխատավորի քրտինքը մի ակնթարթում զարտուղի ճանապարհով լափելը: … Եվ դա ինչպե՞ս կարող է չլինել մեր ցավը, Հայոց ազատամարտի ցավը, կորուսյալ հաղթանակների ցավը, մերօրյա նվաճումների ցավը: … Խաղաղություն ամենեցուն, բայց նախևառաջ հարևանի կանաչ արտին չարությամբ նայողներին, խաղաղություն ամենեցուն, բայց նախևառաջ «գայիսոնակիր մուրացկաններին», որոնց ափը մնացել է թափուր, փորը՝ դատարկ, և իրենք էլ կարոտ են մնացել թալան-թրաշին: Խաղաղություն անիրազեկ բնազդներին, որոնք արթնանալուն պես կոխկրտում են հերոսների արյունն ու անունը» (Խլղաթյան, Խ., «Խաղաղություն ամենեցուն». «Հայաստանի Հանրապետություն», թիվ 57, 25 մարտի 25):

«Ռ. Քոչարյանի ընտրությունը ապագայի ընտրություն է» վերնագրով հոդվածում Կ. Դեմիրճյանը ստորադասվում է Քոչարյանին, քանի որ «նա Սփյուռքի համար անընդունելի գործիչ է, ինչպես իր կոմունիստական անցյալի, այնպես էլ վերջին տասը տարիների ընթացքում համազգային նշանակության հարցերի, առաջին հերթին՝ Արցախի նկատմամբ ունեցած անտարբեր ու կրավորական կեցվածքի պատճառով» («Հայաստանի Հանրապետություն», թիվ 61 (մարտի 29):

Քոչարյանը համարվում է ժամանակի ընտրյալ, նրա երևույթը պատմական անհրաժեշտություն է, որ բխում է Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներից: Նա, մի կողմից, սինթեզում է Հայաստանի անկախության ճանապարհի բոլոր հանգրվանները, մյուս կողմից՝ նոր ճանապարհ է բաց անում դեպի ապագա. «Այսպիսով, պատմության գիրկն են անցնում խորհրդային նոմենկլատուրան և «Ղարաբաղ» կոմիտեի սերունդը: Գալիս է նոր՝ երրորդ սերունդը, համադրության վրա հիմնված նոր որակը, որի կենսական եռանդն ու նվիրվածությունը հնարավորություն կտա մեզ խուսափել ներկայումս մեր զարգացման պարուրաձև սպիրալը փակ շրջանի վերածող խորհրդային և հետանկախական ընտրախավերի դիմակայության հարթությունից և մեր կյանքի կորագիծը բարձրացնել վերև՝ սինթեզի միջոցով հասնելով որակական նոր մակարդակի: Ուրեմն բնական է ու տրամաբանական, որ նման քաղաքական ղեկավարություն կարող են ձևավորել ոչ թե առաջին կամ երրորդ սերունդները, այլ նրանց երկուսի փորձի համադրության գործիչները, որոնց ներկայացուցիչն այսօր Ռոբերտ Քոչարյանն է» («Հայաստանի Հանրապետություն», թիվ 56 24 մարտի 24:

1998 թ. մարտի 30-ի արտահերթ նախագահական ընտրություններից հետո, սակայն, ինչպես Քոչարյանը խոստացել էր, նա հրաժարվում է նախընտրական քառասնօրյա «կարծրությունից», ինչը, նախևառաջ, դրսևորվում է Ղարաբաղի հիմնախնդրի մասով: 

Արդեն ապրիլի 10-ի երդմնակալության տեքստում Քոչարյանը հանդես է գալիս Ղարաբաղի հարցում չափավոր դիրքավորմամբ՝ խոսելով խաղաղության անհրաժեշտությունից. «Ելնելով խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքից` մենք պետք է հասնենք Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը՝ երաշխավորելով նրա զարգացումը անվտանգ սահմաններում Հայաստանի հետ մշտական աշխարհագրական կապով: Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է բերի նաև պատմական արդարության հաղթանակի»: Թեև պաշտոնաթերթի էջերում շարունակում են բոցկլտալ որոշ պատերազմաշունչ հրապարակումներ, մասնավորապես՝ պատերազմի պատրաստ հասարակություն դաստիարակելու վերաբերյալ, այնուամենայնիվ,  մինչնախագահական հռետորաբանությունը դիրքերը նկատելիորեն զիջում է: Վարչապետ Քոչարյանի դիրքից նախագահ Քոչարյանը փորձում է պատվով նահանջել՝ հայտարարելով, որ չի հրաժարվում Ղարաբաղը անկախ կամ Հայաստանին միավորելու իր նախկին մտադրությունից, պարզապես առկախում է հարցը բանակցային գործընթացը չվնասելու դիտավորությամբ։ Արդեն հունիսի 18-ին արտգործնախարար Օսկանյանը «Արմենպրեսին» հայտնում է, որ Հայաստանը ձեռնպահ է մնում ԼՂՀ անկախության կամ վերամիավորման հարցը բարձրացնելուց («Հայաստանի Հանրապետություն», 118, նույն դիրքորոշումը Օսկանյանը հայտնել է նաև 1998 թ. հոկտեմբերի 8-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հետ հանդիպմանը, տե՛ս «Հայաստանի Հանրապետություն», 199 (հոկտեմբեր 10): Մի քանի օր անց՝ հունիսի 24-ին, Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ կրկնում է նույնը․ «Ղարաբաղի անկախացումից մենք չենք հրաժարվում: Ո՛չ: Մենք ասում ենք, որ ունենք իրավական այն լուրջ հիմքերը, ըստ որի կա՛մ պետք է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, կա՛մ բարձրացնել ԼՂՀՀայաստան վերամիավորման հարցը: Բայց մենք այդ քայլերին չենք դիմում՝ հույս ունենալով, որ բանակցային գործընթացն այնպիսի մի լուծման է հանգեցնելու, որը կբավարարի հակամարտության բոլոր կողմերին» (տե՛ս «Հայաստանի

Հանրապետություն», 122): 

2000 թ. ապրիլին խորհրդարանական ուժերը ընդունում են հայտարարություն, որով հաստատում են ԼՂՀ անկախությունը կամ Հայաստանի հետ միավորումը որպես խնդրի կարգավորման  ընդունելի սկզբունք: Քոչարյանը, իր հերթին, խրախուսում է այս ակտը՝ համարելով «ճիշտ և ժամանակին արված հայտարարություն»: Քոչարյանի կամքը, սակայն, շարունակելու խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունները, բախվում են Ադրբեջանի կողմից դրանք վիժեցնելու քաղաքականությանը: Միջազգային ատյաններում հայկական բողոքները վկայում են, որ իշխանության եկած Քոչարյանը կանգնել էր բանակցային փակուղու առաջ, որտեղ նրան կանգնեցրել էր Ադրբեջանի իշխանությունը՝ առարկելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցությանը և անկլավի ապագա կարգավիճակի վերաբերյալ իր նախապայմաններն առաջ քաշելով: Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանում իր ելույթում Քոչարյանը հայտնում է. «Մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկը տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորումն է: Հայաստանը մնում է 1994 թվականի մայիսին ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված հրադադարի ռեժիմի կողմնակիցը և կնպաստի դրա անշեղ պահպանմանը: Մենք ընդգծում ենք Մինսկի խմբի և նրա առանձին երկրների ներդրումը, ինչպես հրադադարի ռեժիմի, այնպես էլ միջնորդության գործում: Ցավոք, ներկայումս բանակցությունների գործընթացը հայտնվել է փակուղում: Մենք այն կարծիքին ենք, որ ստեղծված փակուղու հիմնական պատճառներն են բանակցությունների գործընթացում ԼՂ ներկայացուցչության հստակորեն չորոշված կարգավիճակը, ԼՂ ընտրված ղեկավարների հետ անմիջական բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելը, ինչպես նաև այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է պնդել իր նախապայմանները ԼՂ ապագա կարգավիճակի վերաբերյալ, ինչը պետք է որոշվի բուն բանակցությունների ընթացքում» («Հայաստանի Հանրապետություն», 1998, 189): Նույն մտահոգությունները նա հայտնում է չորս օր անց՝ սեպտեմբեր 30-ին. «Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ լուծումը վճռորոշ է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար: Դժբախտաբար, Մինսկի գործընթացը մտավ փակուղի, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում հակամարտող կողմերի միջև անգամ մեկ հանդիպում չի եղել: Այսօր կան խաղաղության գործընթացը խոչընդոտող մի շարք արգելքներ: Այդպիսի արգելքներից մեկը ԼՂ կարգավիճակն ընդունելու Ադրբեջանի դժկամությունն է: Սա ամենավիճահարույց հարցն է և հակամարտության առանցքը: Դրա փոխարեն Ադրբեջանը փորձում  է միջազգային հասարակայնության ուշադրությունը շեղել դեպի գրավյալ տարածքներ: Մյուս արգելքը այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Ղարաբաղը որպես բանակցությունների լիիրավ կողմ և չի ցանկանում կարգավիճակի խնդրի հարցերում ուղիղ բանակցություններ սկսել նրա հետ: Երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի  երեք համանախագահներն այցելեցին տարածաշրջան խաղաղության գործընթացին նոր ընթացք հաղորդելու նպատակով; Այժմ նրանք աշխատում են նոր առաջարկությունների վրա, որոնք կողմերին կներկայացնեն Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Մենք հուսով ենք, որ համանախագահները արգելքները հաղթահարելու մեջ հաջողության կհասնեն, որը հնարավորություն կտա մեզ բանակցություններ սկսել հակամարտության ընդունելի լուծում գտնելու հարցում: Տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն ապահովելու համար վերջնական որոշումը պետք է ներառի հետևյալ երեք տարրերը՝ Լեռնային Ղարաբաղի համար հավասար օրինական իրավունքներ, Ղարաբաղի և Հայաստանի միասնության ու անվտանգության միջոցառումներ՝ վերջնական լուծման անդառնալիությունը երաշխավորելու համար» («Հայաստանի

Հանրապետություն», 1998, 191):                                                      

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

Լեռնային Ղարաբաղը և բանակցային գործընթացը

1992 թ. փետրվարին ԵԱՀԽ դիտորդների՝ տարածաշրջան այցից հետո՝ մարտի 3ին Պրահայում ընդունված հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է բանակցությունների լիիրավ կողմ, ինչը հնարավորություն էր տալիս անցնելու հարցի կարգավորման բանավիճային փուլին: 

1992 թ․ ամռանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԽ Մինսկի կոնֆերանսի նախագահության հովանու ներքո ընթացող բանակցություններին: 1993 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը ԵԱՀԽ ՄԽ երկրների կողմից ճանաչվել է որպես հակամարտության հիմնական կողմերից մեկը: Հետագայում ԵԱՀԽ-ԵԱՀԿ, ՄԱԿ-ի և ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի շրջանակներում ընդունվել են տարբեր փաստաթղթեր, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության կողմ լինելու մասին: Պրահայում 1995-ի մարտի 31-ին ԵԱՀԿ  արտգործնախարարների խորհուրդն ընդունեց մի փաստաթուղթ, որում առաջին անգամ ԼՂ-ն նշվում էր որպես բանակցությունների ուղղակի կողմ: Այդ փաստաթղթում Ադրբեջանը և Հայաստանը համարվում էին հակամարտության պետական (State) կողմեր, իսկ Լեռնային Ղարաբաղը` հակամարտող կողմ

(conflicting party): Եռակողմ վերջին բանակցությունները տեղի են ունենում 1997 թ. գարնանը Մոսկվայում: 1998 թ. Ադրբեջանը փակուղի է մտցնում հարցը՝ հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ անմիջական բանակցությունից: Այս մասին է վկայում 1998 թ. սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի ասամբլեայի 53-րդ նստաշրջանում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը. «Մենք այն կարծիքին ենք, որ ստեղծված փակուղու հիմնական պատճառներն են բանակցությունների գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության հստակորեն չորոշված կարգավիճակը, Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարների հետ անմիջական բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելը, ինչպես նաև այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է պնդել իր նախապայմանները Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ, ինչը պետք է որոշվի բուն բանակցությունների ընթացքում» («Հայաստանի Հանրապետություն», 1998, 189): 

Արդեն 1998 թ. հոկտեմբերի 27-ին տապալվում են նույն թվականի նոյեմբերի 3-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի կոմիտեի նախագահի լսումները՝ նախատեսված հակամարտության երեք կողմերի մասնակցությամբ: ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում, որտեղ այս առիթով ասվում է. «Այդ առումով մենք ստիպված ենք հայտարարել, որ ստեղծված վիճակը դիտարկում ենք որպես Ադրբեջանի ճնշման ներքո հակամարտության կողմերի միջև երկխոսության քաղաքական շրջանակների վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նահանջ: Նախկինում ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալու անկարողության դրսևորում Ադրբեջանի իշխանությունների կողմից»: Չնայած որ բանակցային ճգնաժամը շարունակում էր չհաղթահարված մնալ, 1999 թ. օգոստոսի 21-ին Ժնևի արվարձան Ժանտոյի ամառանոցում իրար են հանդիպում նախագահներ Քոչարյանը և Ալիևը: Ռոբերտ Քոչարյանն այստեղ ուշագրավ հայտարարություն է անում Ղարաբաղի բանակցային մասնակցության, ավելի ճիշտ՝ վերջինիս չմասնակցելու առիթով. «Ես որոշակիորեն այստեղ ներկայացնում էի նաև ղարաբաղյան կողմի շահերը՝ որպես նախկինում ԼՂ ղեկավար՝ իմանալով նրա անհանգստությունները: Ես կարծում եմ, որ բանակցությունների վերսկսումը Մինսկի խմբի շրջանակներում հնարավորություն կտա հակամարտության բոլոր կողմերին, այդ թվում և Ղարաբաղին, ուղղակի մասնակցություն ունենալ, նորից եմ կրկնում, փոխընդունելի և կոմպրոմիսային լուծում փնտրելիս» («Հայաստանի Հանրապետություն», 163): Այստեղ առաջին անգամ Քոչարյանը նրբորեն իր վրա է վերցնում նաև Ղարաբաղի ներկայացուցչի դերը: Արդեն վերադարձին «Զվարթնոց» օդանավակայանում նա, նորից անդրադառնալով բանակցություններից Ղարաբաղի դուրս մնալուն, փորձում է բացատրություն տալ. «Վերսկսված բանակցություններն անշուշտ պետք է տեղի ունենան ԼՂՀ լիարժեք մասնակցությամբ: .. Սակայն բանակցային գործընթացում գալիս է մի ժամանակահատված, երբ բանակցող կողմերն սկսում են գործել միջնորդների համար: Յուրաքանչյուրն ուզում է ապացուցել իր ճշմարտացի լինելը՝ ընդգծելով հակառակ կողմի սխալականությունը»

Բանակցություններից ԼՂՀ դուրս մնալու հարցը հետապնդել է Քոչարյանին, նա քանիցս անդրադարձել է դրան, տվել բացատրություններ, որոնք ներկայացնում ենք ստորև. «Փաստորեն, հարցը հայտնվել էր փակուղու մեջ, և պարզ է, որ Մինսկի խումբը պետք է գար նոր առաջարկով, որը կլիներ քիչ ավելի շեղված դեպի Ադրբեջանի ցանկությունները: Ես ենթադրում եմ, որ մենք նոր առաջարկին կասեինք՝ ոչ, Ադրբեջանը կասեր՝ այո: Եվ ցիկլն անընդհատ կկրկնվեր, քանի որ նախկինում մենք երկու անգամ այդպիսի կրկնություն ուղղակի ունեցել ենք: Եվ այստեղ ծնվեց երկու նախագահների հանդիպումների մասին գաղափարը» («Հայաստանի Հանրապետություն», 2000, 25): 

«Ինձ թվում է, որ գոյություն ունի բանակցություններին ԼՂՀ մասնակցության ոչ կոռեկտ ընկալում: Բանակցային գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից շատ ավելի լայն է: Դա նաև իմ հանդիպումներն են Արկադի Ղուկասյանի հետ, որոնց ընթացքում մենք համաձայնեցնում ենք բանակցային դիրքորոշումները: Դա Մինսկի խմբի համանախագահների պարբերաբար այցելություններն են տարածաշրջան և նրանց հանդիպումները ԼՂՀ ղեկավարության հետ: Ի դեպ, սա բանակցությունների առավել բովանդակալից մասն է: Դա ԵԱՀԿ գործող նախագահի օգնականի կանոնավոր այցելություններն են ԼՂՀ: ԼՂՀ-ն բանակցային ողջ գործընթացի ակտիվ մասնակիցն է: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ես ներկայացնում եմ նաև Արցախի շահերը: Մենք, իհարկե, ձգտելու ենք հանդիպումների այդ ձևաչափի մեջ նույնպես ԼՂՀ ներգրավմանը: Ես կարծում եմ, որ մեզ կհաջողվի դրան հասնել: Ակնհայտ է, որ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է առողջ պրագմատիզմ բանակցությունների տեխնոլոգիայի մոտեցումներում: Ադրբեջանը չափազանց զգայուն է պայմանականությունների հանդեպ: Չէ՞ որ, անկասկած, գործընթացի մեջ ԼՂՀ-ի ակտիվ ներգրավումը ավելացնում է կարգավորման հավանականությունը» («Հայաստանի

Հանրապետություն», 2005, 36): 

«Հայաստանը երբեք նման որոշում չի ընդունել (նկատի ունի բանակցություններից Լեռնային Ղարաբաղի դուրս մնալը), այդպիսի բան չի եղել: Դա եղել է մինչև պարոն Ֆասիեի՝ համանախագահ դառնալը, բայց այդպիսի որոշում չի եղել: Դա այլ կերպ ստացվեց. եթե հիշում եք, կար փակուղի, և սկսվեց իմ ու նախագահ Հեյդար Ալիևի միջև բանակցային գործընթաց, որ գրեթե ավարտվում էր փաստաթղթի ստորագրմամբ Քի Վեսթում: Այդ գործընթացը փաստացի բերեց դրան: Իսկ մինչ գործընթացը սառեցված էր, բանակցություններ չկային, որովհետև ուղղակի փակուղի էր» («Հայաստանի Հանրապետություն»,

2008, 10): 

Ռոբերտ Քոչարյանի այս մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ նա փորձում է արդարանալ և բանակցություններից Ղարաբաղի դուրս մղվելը մեղմացնող հանգամանքներ ներկայացնել՝ Ղարաբաղին վերապահելով վերջնական պայմանագիրը կնքելու հույսը: 

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանը ծագումով արցախցի է։ 2006 թ. ապրիլին արտգործնախարար Օսկանյանն այս առիթով Արցախում հայտարարում է. «…Ինչ խոսք, Ադրբեջանը միշտ էլ կտրականապես մերժել է ղարաբաղյան կողմի հետ երկխոսությունը: Բայց քանի որ ՀՀ նախագահն Արցախի ծնունդ է, և ազգայինազատագրական շարժման հետ կապված բոլոր գործընթացների ակտիվ մասնակիցն է, փաստացի իր վրա է վերցրել պատասխանատվության ծանր բեռը ու բանակցում է և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի անունից» («Հայաստանի Հանրապետություն», 2006, 78):

Բանակցություններին ԼՂՀ չմասնակցելը բացատրվում է նաև Հայաստանի՝ որպես ճանաչված պետության ունեցած առավելությամբ՝ չճանաչված Ղարաբաղի համեմատ: Վարդան Օսկանյանը տալիս է դրա ձևակերպումը. «Կար ժամանակ, երբ Հայաստանի դիրքորոշումը հետևյալն էր. Հայաստանի համար ընդունելի կլիներ այն, ինչ կպայմանավորվեին ԼՂ-ն և Ադրբեջանը: Սակայն այդ օրերին մենք ստանում էինք այնպիսի առաջարկներ, որ բացարձակապես անընդունելի էին հայկական կողմի համար: Այն օրվանից, երբ Հայաստանն առավել ակտիվ է ներգրավված բանակցություններում, սեղանի վրա հայտնվում են այնպիսի առաջարկներ, որոնց սկզբունքները կարելի է քննարկել: Այստեղից ակնհայտ է, որ այլ պետություններ այլ կերպ են մոտենում ճանաչված պետությանը, քան չճանաչվածին: Համենայն դեպս, ընդհանուր պայմանավորվածություն կա համանախագահների հետ, և դա նույնիսկ Ադրբեջանն է ընդունում, սկզբունքների ճշտումից հետո ԼՂ-ն որպես կողմ իր մասնակցությունն է ունենալու համաձայնության մանրամասների շուրջ ընթանալիք քննարկումներին» («Հայաստանի Հանրապետություն», 2006, 33):

Այստեղ հարկ է անդրադառնալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կառավարության դիրքորոշմանը, որը մշտապես պնդել է Լեռնային Ղարաբաղի ինքնուրույն գործոն և կոնֆլիկտի կողմ լինելը. դեռևս 1992 թ. փետրվարի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունում է ԵԱՀԽ անդամներին, ներկայացնում է փոխզիջումային առաջարկների փաթեթ: Տեր-Պետրոսյանը հավաստում է, որ Հայաստանը հանդես չի գալու որպես ակտիվ կողմ, այլ համաձայն է ցանկացած լուծման, որը կբավարարի Ղարաբաղի բնակչությանը: Այս նույն գծի մեջ է նաև արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը՝ արված Պրահայում դեռևս 1992 թ. փետրվարի սկզբին, ըստ որի՝ առաջացած կոնֆլիկտի մեջ Հայաստանը տարածքային հավակնություններ չունի, հարցը պետք է դիտարկել ինքնորոշման իրավունքների հարթության վրա: Լեռնային Ղարաբաղը չպետք է պատկանի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին («Հայաստանի

Հանրապետություն», 1992, 23): 

1993 թվականի հոկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր 3292րդ նիստում ընդունեց թիվ 874 նոր բանաձևը, որով հակամարտության կողմերին կոչ էր անում կատարել 822-րդ և 853-րդ բանաձևերի պահանջները և պահանջում էր հակամարտությունը բանակցություններով լուծելու համար հրավիրել ԵԱՀԽ կողմից առաջարկված Մինսկի կոնֆերանսը: Ասամբլեայի նիստերին մասնակցող արտգործնախարար Վահան Փափազյանի ելույթի՝ խնդրին առնչվող ուշարժան հատվածները ներկայացնում ենք ստորև. «…Մենք համամիտ ենք գիտական շրջանակներում վերջերս հնչած այն առաջարկություններին, ըստ որոնց ՄԱԿ-ը պետք է «Խնամարկուների կիսամեռ խորհուրդը» վերափոխի «ինքնորոշման մերօրյա ատյանի»: Ըստ առաջարկված կարգի, «հովանավորվող տարածք» կդիտվի անդամ երկրի այն մասը, որը տվյալ երկրի կառավարությունը կամովին հանձնում է ՄԱԿ-ի հովանավորությանը՝ վերջինիս վերահսկողության ներքո ինքնորոշման պահանջը լուծելու համար՝ առանց տվյալ տարածքի վերջնական կարգավիճակը նախորոշելու: … Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը միշտ եղել է հստակ ու հետևողական: Հակամարտությունը ինքնորոշման համար պահանջող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրա իրավունքներն ու անվտանգությունը չճանաչող Ադրբեջանի կառավարության միջև է: … Լեռնային Ղարաբաղը վերջապես ճանաչվել է հակամարտության կողմ և Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և ղեկավարության և Ադրբեջանի իշխանությունների միջև սկիզբ առած ուղղակի բանակցությունները հանգեցրել են հրադադարի» («Հայաստանի Հանրապետություն», 203 (հոկտեմբերի  13): 

Վերջաբան

Ղարաբաղյան կոնֆլիկտը Հայաստանի պաշտոնական դիսկուրսում ենթարկվել է բազում շահարկումների և առիթ դարձել պետական հեղաշրջման: Մինչ օրս էլ Հայաստանի քաղաքական ուժերը չեն խորշում օգտագործել խնդիրը իշխանության հասնելու իրենց ձգտումներում:

Ղարաբաղյան կոնֆլիկտի դրսևորումները Հայաստանի պաշտոնական դիսկուրսում բովանդակային առումով բաժանվում են երկու մասի՝ Լևոն ՏերՊետրոսյանի կառավարման շրջան և Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիներ:

 

Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք պաշտոնական դիսկուրսը Հայաստանում արտահայտում էր կոնֆլիկտի լուծման իրական հնարավորությունները: Փորձ էր արվում ներկայացնել խնդրի բուն էությունը, դրա շուրջ ստեղծված միջազգային իրադրությունը և ուժերի հարաբերակցությունը: Ղարաբաղյան հարցի կարգավորումը համարվում էր անհրաժեշտություն հետագա քաղաքական և տնտեսական կյանքի նորմալացման տեսակետից: Այս մոտեցումը, սակայն, պարտվեց, 1998 թվականին իշխանության ներսում Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ընդդիմախոսները ստիպեցին վերջինիս հեռանալ նախագահի պաշտոնից:

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, թեև չհաջողվեց փոխել բանակցությունների հենքը, հակառակը՝ ի հայտ եկան որոշ խնդրահարույց նախագծեր, պաշտոնական դիսկուրսը Ղարաբաղյան խնդրի մասին երկու երես ստացավ: Մի կողմից՝ Հայաստանի իշխանությունները ընդունում էին միջազգային ատյանների առաջարկած պայմանները, նստում բանակցությունների սեղան առաջարկվող սկզբունքների շուրջ, մյուս կողմից՝ հանրությանը մեկուսացնում էին խնդրի կարգավորման իրական բովանդակությունից, պրոպագանդան ուղղորդում կոնֆլիկտի լուծման անհնարինության կողմը: 1998-2018 թվականներին Հայաստանի իշխանությունները Ղարաբաղյան կոնֆլիկտը վարել են ստատուս-քվոն պահպանելու մարտավարությամբ:

Հարցի կարգավորման փուլային-փաթեթային տարբերակների շուրջ առճակատումը ներհայկական պաշտոնական դիսկուրսի առանցքային թեմաներից է: Սակայն դրանք բոլորն էլ, ըստ էության, փուլային լուծման շուրջ են և չեն նախատեսում Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշտորոշում: Փուլային-փաթեթային կնճիռը քաղաքական հնարանք է: Այն արհեստական բաժանում և մոտեցում է մտցնում, թե իբր հայաստանյան քաղաքական ուժերը բանակցությունների սեղան են նստել տարբեր օրակարգերով. իրականում օրակարգը թելադրողը Հայաստանի իշխանությունները չեն, և այն մեծ հաշվով չի փոխվում:

Բանակցային գործընթացին որպես հակամարտող կողմ՝ Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը պաշտոնական դիսկուրսում քիչ է արծարծվել 1998-2018 թվականներին, քանի որ Ղարաբաղը բանակցություններից դուրս մնաց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, որը նա հետագայում բացատրել է բանակցային փակուղուց դուրս գալու հանգամանքով:   

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը սուր ընկալումներ և զգացումներ է հարուցում հակամարտող երկրների հասարակությունների շրջանում: Հարցի վերաբերյալ քննարկումներն ու ուսումնասիրությունները կարող են օգնել հաղթահարել կարծրատիպային ընկալումները, մեղմել կոնֆլիկտի սուր կողմերը: Հասարակության պատկերացումները միաչափ չեն այս առիթով, հարցը առավել սակրալացված, քան տրամաբանված և իրատեսական ընկալում ունի: Սա, իր հերթին, հիմք է հանդիսացել հիմնախնդիրը քաղաքական շահարկումների և մոլորությունների առիթ դարձնելու համար: Պաշտոնական դիրքորոշումը, սակայն, ունի իր հստակ սահմանները, որոնք խախտելը մահավճռի ազդեցություն կարող է ունենալ: Հասարակության տրամադրություններն ու բանակցային շրջանակը չունեն հատման կետեր. հարցի լուծման առաջարկվող լուծումը հանրային ընդունելության չի արժանացել: Ստորագրել սեղանին եղած փաստաթուղթը նշանակում է ստորագրել սեփական վճիռը: Գնա՞լ կոնֆլիկտը իրապես լուծելու ճանապարհով և կանխել աղետը, թե՞ լուծման իմիտացիա անել և իշխանության հարց լուծել. քաղաքական այս հարցին ամեն իշխանություն պետք է պատասխան տա: