10.07.2020 16:50

Քմահաճույքի ՍԴ-ն

Քմահաճույքի ՍԴ-ն

Երբ հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով, նրա պաշտպանական, քարոզչական թիմը ամբողջ թափով լծվեց այս հարցում Սահմանադրական դատարանը ներքաշելու գործընթացին: Բայց որ ամենակարեւորն է, նրանց բոլորի հայտարարություններից փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե իշխանությունները, մյուս բոլորը մի սարսափելի գրոհ են սկսել իրավունքի եւ սահմանադրական կարգի պաշտպան Սահմանադրական դատարանի նկատմամբ, որ բոլորն այդ «թքած ուեն» ՍԴ-ի վրա, եւ միայն ինքը` Քոչարյանն ու իր համախոհներն են` (դե որ ասում ենք` ինքը` Քոչարյանը` ՍԴ մի շարք անդամներն էլ հետը), որ կռիվ են տալիս թե՛ օրենքի եւ իրավունքի գերակայության, թե՛  Սահմանադրական դատարանի վարկանիշի եւ հեղինակության համար:

Սա, անշուշտ, քարոզչական շատ պարզագույն հնարք է, երբ առանձին եւ անկախ մարմնին ներքաշում ես քո քաղաքական խաղերի մեջ, փաստացի դարձնում ես նրան քո փաստաբանական թիմին կից կառույց, բայց որպեսզի շատ աչք չծակի այդ ամենը, դա քողարկում ես իրավունքի եւ օրենքի գերակայությամբ եւ ՍԴ հեղինակության համար կռիվ տվող առաջամարտիկի քողածածկույթով:

Որովհետեւ առնվազն քաղաքականապես «բոբիկ» պետք է լինես, որ քաղաքական կռիվներդ չքողարկես թեմայի հետ կապ չունեցող վեհ գաղափարներով եւ ուղիղ խոստովանես այն, ինչ անում ես:

Բայց իրականությունը այլ է եւ հայտնի է բոլորին:

Այո, բոլորը գիտեն, որ բոլոր ժամանակներում, երբ քաղաքացին բախել է բարձր դատարանի դուռը, միշտ բախվել է խուլ մի պատի, որն անարձագանք է թողել այդ նույն քաղաքացու ձայնն ու բողոքը, եւ ուզելով, թե ստիպված` դակել է իշխանությունների սեփական քաղաքական նկատառումներով արված այս կամ այն որոշումը:

Եւ որ այս ամբողջ պատմության ընթացքում մեկ անգամ է եղել դեպք, երբ ՍԴ-ն փորձել է փոքր-ինչ ընդվզել եւ գոնե մի քիչ օրենքին մոտ որոշում կայացնել,  եւ այդ մեկ որոշումն արհամարհվել է: Ընդ որում, արհամարհվել է մեկ անգամ, հրապարակավ, մեկ մարդու կողմից` եւ այդ մեկ մարդը հենց նույն Ռոբերտ Քոչարյանն է:

Զուտ հիշեցում. 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո նրա հիմնական մրցակիցը` Ստեփան Դեմիրճյանը, դիմել էր Սահմանադրական դատարան` ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով:

Սահմանադրական դատարանն էլ, փաստացի փորձելով «ընդզվել», ահա այսպիսի որոշում էր կայացրել` առաջարկել էր « ՀՀ նորընտիր Ազգային ժողովին և ՀՀ Նախագահին` մեկ տարվա ընթացքում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը ժողովրդավարության և իրավական պետության սկզբունքներին համահունչ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 2-րդ` փոփոխման ոչ ենթակա հոդվածի առաջին մասի պահանջներին և որպես նախագահական ընտրությունների ընթացքում խորացած հասարակական դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոց՝ ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպումը»:

Բայց ոչ մի հանրաքվե էլ, բնականաբար, չիրականացվեց: Իսկ նույն Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ի պատասխան «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հարցման, թե ինչպե՞ս է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրական դատարանի ապրիլի 16-ի որոշման մեջ հնչած` վստահության հանրաքվեի անցկացման առաջարկին, ասել էր. «Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ անփոփոխ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մարտի 11-ի որոշումը ՀՀ նախագահ ընտրվելու մասին: Միաժամանակ, Սահմանադրական դատարանի հրապարակած որոշման մեջ միմյանցից հստակորեն տարանջատվել են ընտրությունների արդյունքը հաստատող դրույթը եւ հասարակական վստահությունը կարեւորող առաջարկները: ՍԴ որոշման այդ մասը պարզապես առաջարկ է, որը ճիշտ կլիներ ամրագրել ոչ թե դատական ակտի մեջ, այլ ներկայացնել որպես առանձին անհատների առաջարկ: Նման առաջարկն առնվազն զարմանք է հարուցում եւ բնականաբար չի կարող իրավական որեւէ ազդեցություն կամ հետեւանք ունենալ: Ռոբերտ Քոչարյանը վստահության քվե ստացել է ընտրությունների արդյունքում` հաղթելով 67,5% համոզիչ առավելությամբ, եւ չի պատրաստվում հետեւել որեւէ առաջարկի»:

 

Այո, մեր նորանկախ պատմության մեջ փաստացի ունենք մեկ դեպք, երբ բարձր դատարանը ինչ-որ չափով չէր դակել իշխանության որոշումը, եւ մեկ դեպք, երբ այդ որոշումը արհամարհվել էր` բացարձակապես եւ վերջնականապես հեղինակազրկելով Սահմանադրական դատարանը:

Եւ այդքանից հետո, մեղմ ասած՝ զարմանալի է, երբ Քոչարյանին թվում է, թե այսօր առավոտից երեկո ՍԴ-ի անունը տալով` մարդկանց կարող է համոզել, թե ինքը մտահոգ է այդ դատարանի հեղինակությամբ, եւ որ մարդիկ էլ կմոռանան, որ այդ ինքը, հենց ինքն է, որ բարձր տեղից արհամարհել է բարձր դատարանին:

Արսեն Օհանյան