04.08.2020 09:00

Աշոտ Սարգսյան. 30 տարի առաջ, 1990 թ. օգոստոսի 4-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ

Աշոտ Սարգսյան. 30 տարի առաջ, 1990 թ. օգոստոսի 4-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ

Այս առիթով ներկայացնում ենք պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ «Հայաստանի անկախության վերականգնումը 1990-1991» գիտական հետազոտության համապատասխան հատվածը։ Գիրքը, որ շարունակությունն է հեղինակի «Ղարաբաղյան շարժման պատմություն 1998-1990» (Երեւան, Անտարես, 2018) աշխատության, կհրապարակվի շուտով։ 

Խորհրդարանում ուժերի իրական հարաբերակցության հստակ պատկերը, իսկ վերջին հաշվով` իշխանության հարցը, որոշվելու էր Գերագույն խորհրդի նախագահի ընտրությամբ: Խորհրդարանի 260 պատգամավորներից մոտ 40-ը դեռ չէին ընտրվել, իսկ նախագահի ընտրության համար պահանջվում էր պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին՝ 131 ձայն[i]:

Խորհրդարանական ընտրությունները Շարժման հեղինակության բարձրակետի վրա չիրականացան: Երկուսուկես տարին բավականին երկար ժամանակ էր՝ պահելու համար այն բարձրագույն վերելքի աստիճանը, որին մի քանի անգամ հասավ Շարժումը: Մյուս կողմից՝ դա նաեւ բավարար ժամանակ էր, որպեսզի իշխանությունները լիովին ուշքի գային եւ մշակեին Շարժման դեմ պայքարի արդյունավետ ձեւերի մի ամբողջ համակարգ: Թե՛ նախընտրական, թե՛ ընտրությունների շրջանում բազմաճակատ այդ համակարգը, որպես յուրահատուկ մի «ինտերֆրոնտ»՝ ի դեմս Կոմկուսի, մտավորական նոմենկլատուրայի, սփյուռքյան կուսակցությունների, ՊԱԿ-ի եւ իշխանության այլ մարմինների հրահանգներով ու խնամակալությամբ, հիմնականում հայդատական գաղափարների վրա ստեղծված զանազան մանր կազմակերպությունների ու որոշ զինված ջոկատների, հստակ աշխատում էր Շարժման դեմ: Իսկ նախընտրական շրջանում սրանց միացան նաեւ ղարաբաղյան պաշտոնեության մի մասը եւ ծագումով ղարաբաղցի հայաստանաբնակները։ Սրանց քարոզը «ազգային միասնության» դիրքերից՝ ուղղված անկախության «վտանգավորությունը» բացահայտելուն, ինչպես նաեւ Կենտրոնի հետ համատեղ ձեռնարկած սադրիչ ու ահաբեկչական գործողություններն ինչ-որ չափով, այնուամենայնիվ, ազդում էին հասարակության մի մասի վրա: Մայիսի 27-ի արյունոտ իրադարձությունները նույնպես՝ իրենց հերթին, ոմանց «զգաստացրին», չնայած՝ շատերին էլ դարձրին ավելի վճռական։

ՀՀՇ-ն իր չպարտավորեցնող ու չկաշկանդող կանոնադրությամբ, ըստ էության, բաց էր պահում իր դռները բոլորի առջեւ, եւ բնական է, որ հետագայում նաեւ անակնկալների կարող էր գալ, թե ովքեր են իր շարքերում եւ ցուցակներում: Մյուս կողմից, սակայն, նաեւ դժվար էր գտնել այնպիսի մի չափանիշ, ֆիլտր, որով հնարավոր լիներ փակել համաժողովրդական բնույթի շարժման բոլոր հատկանիշները պահպանող կազմակերպության դռներն այլ նպատակներով այստեղ թափանցողների ու ներդրվողների առջեւ: Դա հնարավոր չեղավ անել անգամ նրա կողմից պաշտպանվող թեկնածուների ընտրացուցակներում: ՀՀՇ-ի պաշտպանությամբ ընտրված մի քանի պատգամավորներ քիչ անց բացահայտվեցին որպես ՀՅԴ եւ այլ կուսակցությունների անդամներ, չնայած որպես այդպիսին էլ նրանք կարող էին մտնել այդ ցուցակների մեջ, ինչպես Կոմկուսի մի շարք անդամներ, եթե ժամանակին, առանց թաքցնելու իրենց կուսակցականությունը, նման ցանկություն հայտնեին: Որոշակի արդյունք տվեցին, հատկապես գյուղական շրջաններում կոմունիստների օգտին կատարված ամենակոպիտ ընտրակեղծիքները, կամայականությունները եւ զանազան ապօրինությունները։ Միայն հասարակության մեծագույն մասի մեջ բացարձակ հեղինակություն ու վստահություն վայելելու եւ Շարժման տասնյակ հազարավոր մասնակիցների՝ ապօրինությունների դեմ համառ ու հետեւողական պայքարի շնորհիվ ՀՀՇ-ն ընտրությունների երեք փուլերից հետո խորհրդարանում կարողացավ հարաբերական մեծամասնություն ապահովել։

Ընդհանրապես, դժվար է որոշակի ու ճշգրիտ թվերով ներկայացնել ուժերի հարաբերակցությունը խորհրդարանում։ Ինչպես ՀՀՇ-ի պաշտպանությամբ պատգամավոր դառնալու, այնպես էլ Կոմկուսի անդամ լինելու հանգամանքները դեռ բոլորի համար չէ, որ վճռորոշ նշանակություն պիտի ունենային այս կամ այն ճամբարում հայտնվելու համար։ Կային նաեւ զգալի թվով պատգամավորներ, որոնք ընտրվել էին ինքնուրույն, առանց ՀՀՇ-ի կամ Կոմկուսի պաշտպանության։

Իշխանության հարցի վերջնական որոշման վճռորոշ գործողությունը, որը նաեւ ուժերի իրական ստուգատեսն էր լինելու ու պարզելու ոմանց իրական դիրքորոշումը, պետք է լիներ Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունը:

Որպես հաղթող ուժ՝ Շարժումը նախ իր մեջ պետք է որոշեր, թե ով պետք է լինի երկրի ղեկավարի իր թեկնածուն։ ՀՀՇ վարչությունը եւ ՀՀՇ-ի պաշտպանությամբ ընտրված պատգամավորների հավաքը որոշեցին, որ Գերագույն խորհրդի նախագահի թեկնածուի հարցը պետք է որոշի «Ղարաբաղ» կոմիտեն[ii]: Կոմիտեի նիստին մասնակցեց 8 հոգի (բացակայել էին Ալեքսան Հակոբյանը եւ Համբարձում Գալստյանը, իսկ Սամսոն Ղազարյանը մի քանի ամիս առաջ դուրս էր եկել Կոմիտեից)։ Որպես թեկնածուներ առաջադրվել էին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Վազգեն Մանուկյանը, որոնք եւ չմասնակցեցին քվեարկությանը: Քվեարկությունը եղել էր փակ-գաղտնի։ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության օգտին քվեարկել էին 4, Վազգեն Մանուկյանի օգտին՝ 2 հոգի[iii]։ Ապա այդ որոշումը հաստատեց նաեւ ՀՀՇ վարչության եւ պատգամավորական խմբակցության համատեղ նիստը։ Նույն օրը Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքը սպասում էր՝ իմանալու համար, թե հաջորդ օրը Շարժման կողմից ում թեկնածությունն է առաջադրվելու երկրի բարձրագույն իշխանության ղեկավարի պաշտոնում: Սակայն մինչ հանրահավաքը վարող Վանո Սիրադեղյանը կհայտարարեր թեկնածուի անունը՝ բազմությունը կանխեց նրան՝ միաբերան ու վանկարկելով «Լե՛ւոն, Լե՛ւոն»[iv]:

Գերագույն խորհրդի նախագահի ընտրությանը խորհրդարանը ձեռնարկեց օգոստոսի 3-ին: Կոմկուսի կողմից առաջադրվեց նրա ղեկավարի՝ Վլադիմիր Մովսիսյանի, ՀՀՇ-ի եւ ժողովրդավարական այլ ուժերի կողմից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Առաջադրվեցին նաեւ Վազգեն Մանուկյանի, Ռաֆայել Ղազարյանի, Թելման Դիլանյանի, Պարույր Հայրիկյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Սուրեն Հարությունյանի թեկնածությունները: Ինքնաբացարկներից, Պ. Հայրիկյանի եւ Ս. Հարությունյանի՝ արտասահմանում գտնվելու հանգամանքով նրանց համաձայնությունն ունենալու անհնարինության պատճառով այդ թեկնածությունները հանելուց հետո քվեարկվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Վլադիմիր Մովսիսյանը:

Թեկնածուների նախընտրական ելույթներում առանցքային տարբերությունը Հայաստանի՝ անկախ, թե՞ Միութենական նոր պայմանագրի կամ ֆեդերացիայի կազմում լինելու, այլ խոսքով՝ երկրի ապագա կարգավիճակի հարցում էր:

Լեւոն Տեր-Պետրոսյանը, նկատի ունենալով Խորհրդային Միությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ուղղվածությունը եւ պատմական փորձը, հանրապետության զարգացման հեռանկարը տեսնում էր ինքնուրույն տնտեսական համակարգի վրա հաստատված ազգային անկախ պետականության ստեղծման, միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված իրավական պետության կառուցման, համամարդկային արժեքների, մարդու իրավունքների վրա խարսխված ժողովրդավարական հասարակարգի հաստատման խնդիրների իրականացման ճանապարհով: Անկախ պետականության հաստատումը պետք է լիներ «ոչ թե միաժամանակյա ակտ, այլ միջոցառումների մի հսկայական համալիրի հետեւողական կենսագործման որոշակի տեւողություն պահանջող գործընթաց»: Ընդ որում՝ այս խնդիրների կենսագործմանն ուղղված գործնական քայլերը նախատեսվում էր սկսել անմիջապես: Միութենական պայմանագրին Հայաստանի մասնակցությունը նա հնարավոր էր համարում միայն երկու պայմանների առկայության դեպքում. եթե հանրապետությունը հանդես է գալիս որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, եւ եթե բացառվի հանրապետության տարածքում միութենական Սահմանադրության եւ օրենսդրության գործողությունը: Այսինքն՝ եթե այդ Միությունը հանդես գա որպես «անկախ պետությունների մի համագործակցություն»[v]:

Կոմկուսի թեկնածու Վլադիմիր Մովսիսյանը նույնպես խոսում էր հանրապետության ինքնիշխանության ընդլայնման խնդիրների, ժողովրդավարական ազատությունների հաստատման մասին եւ այլն, սակայն հանրապետության ապագան տեսնում էր միայն ԽՍՀՄ կազմում, առանց առաջարկվող միութենական պայմանագրի նկատմամբ որեւէ վերապահության: Այնպես որ՝ խորհրդարանն այդ քվեարկությամբ նաեւ իր դիրքորոշումն էր արտահայտելու, թե ինչպես է տեսնում երկրի ապագան՝ ԽՍՀՄ կազմում մնալո՞ւ, թե՞ անկախության ճանապարհով գնալու մեջ, ինչպես նաեւ՝ թե քաղաքական ո՞ր ուժին ու նրա ղեկավարին է վստահում այդ ընթացքի ապահովումը եւ ծառացած հիմնահարցերի լուծումը:

Առաջին քվեարկությամբ հարցը չվճռվեց, սակայն ձայների տարբերությունը զգալի էր. Լեւոն Տեր-Պետրոսյանն ստացավ 110, Վլադիմիր Մովսիսյանը՝ 93 ձայն: Վերջնական արդյունք չտվեց նաեւ երկրորդ քվեարկությունը, սակայն արդյունքների մեջ տարբերությունը խորացավ. Լ. Տեր-Պետրոսյանը ստացավ 124, Վլադիմիր Մովսիսյանը՝ 83 ձայն: Նիստը դադարեցվեց օգոստոսի լույս 4-ին, գիշերվա ժամը 3-ին, եւ հաջորդ նիստը՝ հերթական քվեարկությունն իրականացնելու համար, նշանակվեց նույն օրը՝ ժամը 14-ին: Երրորդ քվեարկությանն առաջադրվեց եւ գրանցվեց նաեւ Պ. Հայրիկյանի թեկնածությունը. նա հասցրել էր Միացյալ Նահանգներից տեղեկացնել իր համաձայնության մասին: Նա ստացավ ընդամենը 8 ձայն, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 123, Վլադիմիր Մովսիսյանը՝ 81 ձայն: Նախագահի ընտրության հարցը վճռվեց չորրորդ քվեարկությամբ. Լեւոն Տեր-Պետրոսյանն ստացավ 140 ձայն եւ ընտրվեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ[vi]: Վ. Մովսիսյանի օգտին քվեարկել էր 76 պատգամավոր։

Գերագույն խորհրդի նորընտիր նախագահը, ինչպես նախատեսված էր օրենքով, առաջարկեց թեկնածություններ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալի եւ տեղակալի պաշտոնների համար։ Օգոստոսի 6-ին Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ ընտրվեց «Ղարաբաղ» կոմիտեի եւ ՀՀՇ վարչության անդամ Բաբկեն Արարքցյանը: Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ ընտրվեց Կոմկուսի կողմից ընտրված պատգամավոր Գագիկ Հարությունյանը: Նախագահի՝ շատերի համար անակնկալ այս վերջին առաջարկը վկայությունն էր մրցակից ուժի նկատմամբ հանդուրժողականության, համատեղ աշխատելու պատրաստակամության եւ էականորեն լիցքաթափեց լարված մթնոլորտը[vii]։ Հաստատվեց Գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոն: Գերագույն խորհրդի քարտուղար ընտրվեց ՀՀՇ անդամ Արա Սահակյանը: Օգոստոսի 13-ին Գերագույն խորհրդի նախագահի առաջարկով հանրապետության կառավարության՝ Նախարարների (Մինիստրների) խորհրդի նախագահ ընտրվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։

Գերագույն խորհրդի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական հայտարարությունն արտաքուստ ընդհանրական բնույթ ուներ, բայց ակնհայտորեն ուղղված էր ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին. «Հայաստանի իշխանություններն ի վիճակի են կարճ ժամանակի ընթացքում սեփական ուժերով լուծելու հանրապետության ներքին կյանքին վերաբերող, նրա քաղաքական-հասարակական վիճակի կայունացմանն ուղղված բոլոր խնդիրները, պայմանով, որ բացառված լինի արտաքին միջամտությունը»[viii]: Նախագահը նաեւ հատուկ դիմում հղեց հայ ժողովրդին: Բարձր գնահատելով ազգային-ազատագրական պայքարում ժողովրդի դրսեւորած հոգեկան կորովը, զոհողությունները եւ զգաստությունը, նվաճված հաղթանակները համարելով նրա վճռականության եւ հաստատակամության արդյունք, նա կոչ էր անում համախմբվել պետականության գաղափարի շուրջ եւ հաղթահարել առկա եւ սպասվող դժվարություններն ու խնդիրները[ix]:

Խորհրդարանն ընտրեց նաեւ իր աշխատանքային մարմինները՝ մշտական հանձնաժողովները, ձեւավորվեց Գերագույն խորհրդի նախագահությունը: 

----

[i] ՀՀՇ-ն մերժեց Կոմկուսի ներկայացուցիչների՝ ԳԽ նախագահի ընտրության համար ընտրված պատգամավորների թիվը ելակետ ընդունելու առաջարկը (այդ պահին՝ 220), եւ որպես ելակետային արձանագրվեց պատգամավորների ընդհանուր թիվը՝ 260, ինչը նշանակում էր, որ ԳԽ նախագահը կարող էր ընտրվել նվազագույնը 131 ձայնով։ 

[ii] Չնայած «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամները նաեւ ՀՀՇ վարչության կազմում էին, սակայն «Ղարաբաղ» կոմիտեն, որպես առանձին մարմին, դեռեւս շարունակում էր գործել:

[iii] Ավելի ուշ պարզվեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկել են Ռաֆայել Ղազարյանը, Բաբկեն Արարքցյանը, Վանո Սիրադեղյանը, Սամվել Գեւորգյանը, իսկ Վազգեն Մանուկյանի օգտին՝ Դավիթ Վարդանյանը եւ Աշոտ Մանուչարյանը։

[iv] Տողերիս հեղինակը, որ պատգամավոր էր ընտրվել որպես ՀՀՇ անդամ, մասնակցում էր ինչպես հիշյալ նիստին, այնպես էլ դրան հաջորդած հանրահավաքին եւ այս ամենը վկայում է որպես ականատես։

[v] Գերագույն խորհրդի նստաշրջանում օգոստոսի 3-ին ունեցած նախընտրական ելույթը տե՛ս Տեր-Պետրոսյան Լ., Ընտրանի, էջ 103-112:

[vi] Տե՛ս «Խորհրդային Հայաստան, 07.08.1990 եւ Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԽ-ի, 1990, 15, հոդվ. 220: Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ վերջին քվեարկության ժամանակ ձայների տեղաշարժը հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեղի էր ունեցել հետեւյալ կերպ։ Վերակողմնորոշվել էր Լոռու կոմունիստ պատգամավորների մի խումբ՝ ՀԿԿ Գուգարքի շրջկոմի առաջին քարտուղար Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ (վերջինս այդ մասին հայտարարեց ամբիոնից, քվեարկությունից առաջ)։ Թերեւս՝ գումարվել էին նաեւ Պ. Հայրիկյանի կողմնակիցների մի մասի ձայները՝ երբ պարզվեց, որ նրա թեկնածությունը (ընդամենը 8 ձայն) անհույս է։ Չի բացառվում, որ ավելացել էին Վազգեն Մանուկյանի կողմնակիցներից մի քանիսի ձայները՝ այն բանից հետո, երբ ՀՀՇ-ն հաստատակամ մնաց իր նախնական որոշման մեջ եւ չընդունեց նախագահի թեկնածուին փոխելու եւ Վ. Մանուկյանին առաջադրելու նրանց առաջարկը։ Ընթացքում վերակողմնորոշվել էին նաեւ առանձին անկախ պատգամավորներ։ ՀՅԴ դեռեւս չբացահայտված անդամները միշտ քվեարկել էին հօգուտ Կոմկուսի թեկնածուի (այդ մասին կան մի շարք վկայություններ, տե՛ս օրինակ՝ «Պաշտոնական հայտարարություն ՀՅԴ վերականգնումի շարժման», «Հնչակ Հայաստանի», 24.12.1994)։

[vii]  Չնայած ամբողջ երկուսուկես տարի Հայաստանի կոմկուսի պաշտոնեության՝ Շարժման դեմ մղած անմնացորդ պայքարին, ՀՀՇ-ն ու նրա իշխանությունները Կոմկուսի նկատմամբ քինախնդրության որեւէ դրսեւորում չունեցան։ Հետագայում էլ այս կուսակցության ունակ ու պատրաստակամ կադրերի մեծ մասը համապատասխան աշխատանք ու պաշտոններ ստացավ։ Նրանց զգալի մասն արդարացրեց այդ վստահությունը։

[viii] Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԽ-ի, 1990, 15, հոդվ. 223:

[ix] Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԽ-ի, 1990, 15, հոդվ. 229: