05.08.2020 14:14

Լիզա Ճաղարյան․ Վերջին օրերի «չափորոշիչային բանավեճերի» ալիքներին տրվելով

Լիզա Ճաղարյան․ Վերջին օրերի «չափորոշիչային բանավեճերի» ալիքներին տրվելով

88-ի ազատագրական Շարժմանը զուգընթաց, ես իմ թատերասիրությունն ու թատերագետ դառնալու ցանկությունը փոխարինեցի լրագրությամբ։

Ափսոսո՞ւմ եմ դրա համար։

Չգիտեմ։ Մեկ-մեկ ափսոսում եմ, հաճախ՝ հակառակը։

Իսկ ինչու՝ հակառակը․ եթե ասեմ, գուցե շատերը զարմանան կամ նույնիսկ չհավատան։

Ձեր գործն է։ Ես երեսուն տարվա իմ փորձից արված հետեւությունն եմ ներկայացնում։

Իսկ հետեւությունը սա է։ Քննադատական խոսքի հանդեպ ամենաանհանդուրժող մարդիկ ստեղծագործողներն են, իսկ ավելի ընդհանրական՝ մտավորականությունը։

Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա ասվածը, բայց քաղաքական գործիչներն անհամեմատ ավելի զուսպ ու հավասարակշռված են արձագանքում իրենց հասցեին հնչած քննադատությանը։

Եվ եթե ես ու գործընկերներս զայրույթի, վիրավորանքների, սպառնալիքների տարափի տակ ենք հայտնվել երբեմն-երբեմն, ապա դրանց հեղինակները մեծ, շա՛տ մեծ մասամբ՝ եղել են մշակույթի գործիչներ, գրողներ, գիտնականներ։

Դե, շոուբիզնեսի ու օճառափրփրային «աստղիկների» եւ նրանց երկրպագուների մասին չասեմ․ եթե առանց վնասվածքների գլուխդ ազատես, փառք տուր Աստծուն։

Լավագույն դեպքում՝ պարզապես քեզ գցում են «սեւ ցուցակ» եւ ընդմիշտ զրկում իրենց հետ շփվելու աստվածատուր պարգեւից։

Եվ եթե նույնիսկ ժամանակ առ ժամանակ այս հովվերգությունը խախտող է հայտնվում, նման «ամբարտավանին» խաչողների այնպիսի հզոր բանակ է ծառս լինում, որ «փախիր-փրկվիր»։

Ավելին, այդ հովվերգությունը խախտողը նույնպես չի փայլում զսպվածությամբ, էլ չասեմ՝ փայլատակում է անասելի սուբյեկտիվությամբ․ այդ կաղապարները ջարդող քաջարիների ընդունելի ու սիրելի ստեղծագործողները, տարօրինակ օրինաչափությամբ, ՊԱՏԱՀԱԲԱՐ գրեթե միշտ իրենց մտերիմ շրջանակից են լինում։

Գուցե սա՞ է պատճառը, որ Հայաստանի ծոցում ծնված բոլոր նշանավոր մարդկանց կենսագրությունները կարդալիս պարզվում է (Հայկական վիքիպեդիան՝ վկա), որ այս մարդիկ ընդամենը ծնվել են, դպրոցն ու բուհն ավարտել են ու գլուխները կախած ստեղծագործել են մինչեւ մահ, ոչ մի թերություն չեն ունեցել, երբեք չեն սայթաքել, էլ չասեմ՝ 37 թվականին ոչ մեկի դեմ մատնագիր չեն գրել ու ոչ մեկի մահվան պատճառ չեն դարձել։ Եթե նույնիսկ դարձել են, բա լավ՝ ամոթ չի՞, մի բուռ հայ ենք, էս ինչի՞ հետեւից եք ընկել, բա որ ինքը ա՛յ էսինչ բանն է գրե՞լ։ Որքան ուզում ես կոկորդ պատռիր՝ ոչ մեկը չի խլում նրանից իր ստեղծածը, ոչ ոք չի ասում՝ եթե տվյալ ստեղծագործողն անթերի մարդ չի եղել, մի՛ վայելեք նրա ստեղծագործությունը, պարզապես սովորեք, համակերպվեք, որ տաղանդավոր մարդը նույնպես կարող է սրիկա լինել, եւ նրա սրիկայությունից չի խամրում իր իսկ ստեղծած տաղանդավոր գործի արժեքը (բոլորի անկաշկանդությունը «բռնում է» միայն Չարենցի պարագայում)։ Եվ ամենակարեւորը՝ այդ ստեղծագործությամբ հիացողն իրավունք ունի եւ ուզում է տեղեկանալ նաեւ տվյալ ստեղծագործողի անցած ճանապարհի ճշմարիտ պատկերի մասին նույնպիսի իրավունքով, ինչպես որ՝ պատմաբաններից է ակնկալում մեր պատմության անեղծ գնահատականը։

Գուցե սա՞ է պատճառը, որ լրատվամիջոցների էջերում ամենաերկրորդական, գրեթե արհամարհված թեմաներն այս բնագավառից են, եւ նման թեմաների անդրադարձող լրագրողները երազում են, թե ե՛րբ ԶԼՄ-ի ղեկավարն «առաջ կքաշի» իրենց եւ հնարավորություն կտա Նորին մեծություն քաղաքականության մասին գրելու։

Գուցե հենց սա՞ է պատճառը, որ Հայաստանում որեւէ ստեղծագործողի կամ ստեղծագործության անդրադարձները գեղեցիկ շարադրանքով բաժակաճառերի են նման։

Պատճառները չգիտեմ։ Ենթադրություններ՝ որքան ուզեք։

Հ․Գ․ Չմոռանամ ընդգծել, որ բացառություններ անկասկած կան։ Բայցեւ չմոռանանք՝ որտեղ որ բացառությունների հույսին ենք, այնտեղ օրինաչափություն փնտրելը միամտություն է։