05.08.2020 14:56

Ակադեմիկոս Գագիկ Սարգսյան. պատմական փաստերի աղավաղման, նենգափոխման անթույլատրելիությունը

Ակադեմիկոս Գագիկ Սարգսյան. պատմական փաստերի աղավաղման, նենգափոխման անթույլատրելիությունը

Հայոց պատմության դպրոցական դասագրքերի չափորոշիչների շուրջ այսօր ծավալված բանավեճի ռացիոնալ լուծման հարցում, կարծում ենք, կարող են օգտակար լինել ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի մի քանի նկատառումները, որ տեղ են գտել նրա՝ դեռ 1992 թ. հրապարակած «Մեր օրերի իմ ընկալումները» հոդվածում («Հայաստանի Հանրապետություն» 14, 15.08.1992)։

Աշոտ Սարգսյան

 

«Մենք շատ ենք քննադատում մեր նախորդ հասարակարգը, ոմանք էլ, ընդհակառակն, կարոտով են հիշում այն, մասամբ մոռանալով, որ այսօրվա չարքաշ վիճակը նրա ցանած սերմերի պտուղն է։ Երկու մոտեցումներն էլ, սակայն, հիմք ունեն՝ անցածի մեջ վատն էլ է եղել, լավն էլ։ Բայց մի բան կա, որ լավի ու վատի այն կողմն է, որը պարզապես հրեշավոր է. դա այն է, որ այդ հասարակարգը գողացել է ՀԱՅԻՑ թասիբով (ներողություն) աշխատելու ունակությունը։

Իմ աշխատանքը պատմություն գրելն է։ Տասնամյակներ շարունակ արտագիտական-քաղաքական ոլորտից պատմագիտության մեջ ներարկվել է որոշակի, շատ պարզունակ և դրանով էլ՝ վարակիչ ու գրավիչ «խորհրդային մարքսիզմի» առանցքագաղափարը (կոնցեպցիան)։ Բավական անմեղ բան էր, երբ 1952թ. «Վեստնիկ դրեվնեյ իստորիի» հանդեսում հրապարակված «Սելևկյան Բաբելոնիայի ինքնավար քաղաքը» իմ անդրանիկ հոդվածի սկզբում և վերջում, պրակը հրճվանքով ձեռքս առնելով, զարմանքով, հանդիպեցի մեկական մեջբերում Ստալինից։ Բայց իշխող քաղաքական դոկտրինի թույնը, հոսելով հին պատմությունից դեպի նորը, հետզհետե ուժեղանում էր, իսկ հասնելով նորագույնին՝ պարզապես կազմալուծում այն։

Բայց միայն սա չէր դրա վտանգը։ Այն իր օրինակով սովորեցնում էր բոլոր պատմաշրջաններին մերձեցողներին պատմական փաստերի աղավաղման, նենգափոխման թույլատրելիությունը, նաև այնպիսի դեպքերում, երբ այդ արվում էր ոչ թե իշխող դոկտրինայի հունով, այլ ցանկացած «բարձր» քաղաքական, կեղծ հայրենասիրական, ազգային, խմբակային կամ որևէ այլ նպատակով։ Ռուսաստանում այդ շիթը սթափ գլուխները զավեշտով բնութագրում էին «Ռուսաստանը՝ փղերի հայրենիք» արտահայտությամբ։ Նույն երևույթը հատուկ էր և մնացյալ բոլոր «եղբայրական» հանրապետություններին, և հատկապես ուժեղ էր Վրաստանում (նախնիների սփռումը ամբողջ Եվրասիայով մեկ, Կոլխիդայի գերին և գերհզոր թագավորություն և այլն) և Ադրբեջանում (նորաթուխ թուրքալեզու ժողովրդին շումերական, մեդական և էլ ինչ ասես ծագում վերագրելու, Աղվանքին պատմականորեն տիրանալու և այլ փորձեր)։ Անմասն չի մնացել և Հայաստանը (ուրարտամերժություն, պետություն՝ մ.թ.ա. 3-րդ հազ. և այլն)։

Մեր՝ Խորենացու և Ադոնցի հետևորդների համար հատկապես անպատշաճ էր այդ «միտինգային գիտության» այդչափ ուժեղ ծփումը, որը, ի դեպ, տակավին չհանդարտվեց նոր պարագաներում։ Բայց փաստը մնում է փաստ, որ այն ժառանգված է խորհրդային և նրան մերձ շրջանները լուսաբանող պատմագիտության մեթոդների ու կերպերի վարակիչ օրինակից, ըստ որում՝ համապատասխան տեսակետների պարտադրման բռնի եղանակը նույնպես այնտեղից է գալիս»։