06.08.2020 16:19

Լիզա Ճաղարյան. Սիրուն չի, պարոն վարչապետ

Լիզա Ճաղարյան. Սիրուն չի, պարոն վարչապետ

Ի՞նչ կա Նիկոլ Փաշինյանի մտքին, երկու տարուց ավելի մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ անելով ի՞նչ արդյունքի է ուզում հասնել չսպիացող վերք դարձած Ամուլսարի խնդիրը ձգձգելով։

Հասարակությունը կարող է միայն ենթադրություններ անել` դեպքերի զարգացումը համադրելով եւ հատկապես սեւեռվելով այն իրողության վրա, որ լիդիանցիները շատ հեշտությամբ եւ անարգել` մեկ գիշերվա ընթացքում հանեցին ցուցարարների տնակները եւ փոխարինեցին իրենց տնակներով։

«Մթության քողի տակ» նշանաբանով այս «օպերացիան» կարող էր իրականացվել տարվա ցանկացած եղանակի եւ ցանկացած օր. ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ նոր նախարարի նշանակումից անմիջապես հետո։

Որովհետեւ ՀՀ կառավարությունում կանաչ ճանապա՞րհ են մաղթել հանքի շահագործման համար պայքարողներին։  

Գիտենք, որ նորանշանակ նախարարը Փաշինյանի ամենավստահելիների ցանկից է, նկատել ենք, որ նպատակասլաց մարդ է. ուրեմն`կարո՞ղ ենք կասկածել առնվազն, որ երկրի վարչապետը վերջապես որոշում է կայացրել, եւ այդ որոշումը, ավաղ, հանքի վերագործարկման օգտին է, եւ իր վստահելի մարդն էլ պատրաստակամություն է հայտնել` բոլոր հարվածներն ընդունել խիզախորեն։

Կարո՛ղ ենք։

Ցուցարարներին ու ոստիկաններին դեմհանդիման թողած ու կույր ձեւացող կառավարության քար լռության, քլթքլթացող զգացմունքների այդ խառնարանում մարզպետի կամ մարզպետարանի ցանկացած աշխատակցի համառ բացակայության պայմաններում որեւէ այլ տրամաբանական միտք չի կարող ծնվել նույնիսկ ամենալավատես մարդու գլխում։

Եվ եթե կառավարության պատերի ներսում արդեն կայացրել են այդ որոշումը, այս լռությունն ու արհամարհանքը բնապահպանների նկատմամբ` ի՞նչ նպատակ են հետապնդում։

Ոստիկանների ու ցուցարարների բախմանն ե՞ն սպասում` սրանից բխող տխուր, բայց «բեկումնային» հետեւանքներով։

Չգիտեմ, թե ինչի է սպասում ցանկացած հարցի շուրջ երկար եւ հանգամանալից «լայվերի» սիրահար պարոն վարչապետը` քար լռություն պահպանելով, բայց որքան էլ աչք փակենք` չխոստովանել չենք կարող, որ բնապահպանների բողոքի ակցիաների նկատմամբ ՀՀ կառավարության կեցվածքից հայտնի չէ դեռ, թե ինչի հոտ է գալիս, բայց որ ազնվության հոտ հաստա՛տ չի գալիս` ակնհայտ է։