10.08.2020 11:29

Նախագահական ընտրություններ Բելառուսում

Նախագահական ընտրություններ Բելառուսում

Կիրակի օրը Բելառուսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնք ուղեկցվել են զանգվածային բողոքի ցույցերով՝ ընդդեմ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, որը երկրում անփոխարինելիորեն իշխում է արդեն 26 տարի։

Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը ձերբակալված բլոգեր Սերգեյ Տիխանովսկու կինն է՝ Սվետլանա Տիխանովսկայան։

Պաշտոնական էքզիթփոլի տվյալներով՝ ընտրություններում հաղթել է Լուկաշենկոն՝ հավաքելով ընտրողների ձայների 79,7 %-ը, իսկ Տիխանովսկայան ստացել է ընդամենը 6,8%։ Մասնակցությունը կազմել է 84,05%։

Ընդդիմությունը «Голос» ինտերնետ-հարթակում քվեների այլընտրանքային հաշվարկ է կազմակերպել, որը ճիշտ հակառակ արդյունքն է ցույց տվել՝ Տիխանովսկայայի օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 80 %-ը։

Բելառուսի ԿԸՀ-ն, որը նախապես ընդդիմությանը զգուշացրել էր այլընտրանքային հաշվարկ անցկացնելու անօրինական լինելու մասին, խոստացել է առաջին պաշտոնական արդյունքները հրապարակել գիշերը, սակայն հետո հայտարարությունը տեղափոխել է երկուշաբթի առավոտ։

Քվեարկությունից անմիջապես հետո Մինսկի և Բելառուսի մյուս քաղաքների փողոցներ են դուրս եկել գործող իշխանության հակառակորդները։ Բելառուսի մայրաքաղաքում բողոքի ցույցերը վերածվել են իրավապահների հետ դաժան բախումների և ձերբակալությունների։

Փոխանցում է BBC-ն։