10.08.2020 18:07

Ինչու են հանդգնանում նախկինները

Ինչու են հանդգնանում նախկինները

Հիշենք նախահեղափոխական ժամանակների Հայաստանը:

Ովքե՞ր կարող էին անպատիժ իրենց թույլ տալ «հարձակվել» լրագրողների, իրավապաշտպանների, ակտիվիստների, քաղաքական եւ հասարակակական գործիչների, սովորական քաղաքացիների վրա, ահաբեկել, սպառնալ, հարվածներ հասցնել ու չարժանանալ օրենքի դատաստանին:

Այո, իշխանության ներկայացուցիչներն ու նրանց մերձավորները:

Տեսա՞ծ կաք, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք որեւէ ընդդիմադիր կամ իշխանություն չունեցող մեկը իրեն թույլ տար նմանատիպ արարք: Հազիվ թե: Իսկ ահա իշխանավորների կողմից` որքան ուզեք:

Իսկ ովքե՞ր ենք այսօր նման վարք ցուցաբերում` հետհեղափոխական Հայաստանում:

Այո, այո, իրենց «ընդդիմություն» հռչակած նախկինները, որոնց զգալի մասը վաղուց արդեն պիտի ճաղավանդակներից այն կողմ լիներ: Այսինքն՝ էլի նույն մարդիկ. սպառնում էին երբ իշխանության էին, եւ սպառում են նույն կերպ հիմա` երբ արդեն իշխանության չեն, եւ որ ամենակարեւորն է` գնալով ավելի ու ավելի, զգալի ու զգալի լկտիացող վարքով, բացահայտ ցինիզմով: Որովհետեւ ինչպես որ չէին պատժվում, երբ իշխանության էին, նույն կերպ անպատիժ են մնում այսօր:

Վերջին ամենաթարմ դեպքը` նախկին ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ: Բայց սա ոչ առաջինն է, եւ ինչպես կարելի է կռահել` արդեն ոչ էլ վերջինը կլինի: Որովհետեւ եթե հեղափոխությունից անմիջապես հետո դեռ առժամանակ լուռ էին  եւ անցել էին ընդհատակ, ապա կամաց-կամաց սկսեցին դուրս գալ իրենց «նկուղներից», առաջ տալ իրենց «խրամատները», որովհետեւ տեսան, որ հեղափոխական Հայաստանում իրենց նկատմամբ անգամ քրեական գործեր հարուցելու պարագայում հաջողացնում են խուսափել արդարադատությունից:

Փաստացի՝ նրանք ժամանակի վրա են խաղում եւ օգտագործում են ժամանակը հօգուտ իրենց: Եւ ամեն անպատժելիության դեպքն օգտագործում են որպես նախադեպ` ոչ միայն արդարադատությունից խուսափելու, այլեւ հանրության վրա փաստացի ցինիզմով հոգեբանական ներազդեցություն գործելու համար, ցույց տալու համար հանրությանը, թե «տեսեք, մենք ինչպես որ կայինք անպատժելի, այնպես էլ կանք, եւ ինչ ուզենք` կանենք»:

Իշխանությունները մտածելու բան ունեն: Շատ բան: Հատկապես հոսող ժամանակի ուղղությամբ: Թավիշը թավիշ, չհիմնավորված եւ քաղաքական հետապնդումներ, այո, չպետք է լինեն, բայց դա մի բան է, իսկկաշկանդված լինելը՝ այլ բան: Եւ այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվում, որ  իշխանությունները, ասես տրվելով նախկինների սադրանքներին եւ իրավականը քաղաքական դարձնող նրանց քարոզչական եւ լրատվական շանտաժներին` խուսափում  են իրական արդարադատություն իրականացնել: Բայց դրա արդյունքում նախկինների աղմուկը չի նվազում, այլեւ դեռ մի բան էլ սկսում են ավելի բարձր աղմկել, իսկ ախորժակն էլ` ավելի է բացվում: Ու եթե սկզում չհիմնավորված քարոզչական աղմուկ էին անում արդարադատությունից խուսափելու համար, ապա գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ նրանց հույսերն ու նպատակներն արդեն ավելի հեռուն են գնում, եւ նրանք արդեն բացահայտ քայլեր են կատարում` իշխանության վերադառնալու հույսով:

Ի՞նչ կա որ: Եթե չեն դատապարտվում, ուրեմն՝ ինչո՞ւ այդ փաստից ուրախանան ու ասպարեզից հեռանալով` «վայելեն» կուտակած հարստությունները, եթե կարելի է ավելի հանդուգն դառնալ:

Արսեն Օհանյան