10.08.2020 18:22

Աշոտ Սարգսյան. Սևրի պայմանագրի 100-ամյակի առթիվ

Աշոտ Սարգսյան. Սևրի պայմանագրի 100-ամյակի առթիվ

Այսօր հայկական լրատվամիջոցները ողողված են Սևրի պայմանագրի 100-ամյակին նվիրված ցնծալի հրապարակումներով: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտն այս կապակցությամբ հրավիրել է առցանց հեռարձակվող գիտաժողով: Այդ տարեթվին արձագանքել են նաև Հայաստանի պաշտոնական իշխանությունները. ՀՀ վարչապետը հանդես է եկել հատուկ ուղերձով, իսկ ՀՀ նախագահը` «Ալ Ազմենահ» թերթին տված ընդարձակ հարցազրույցով (president.am, 10.08.2020), որում մասնավորապես նշվում է. «Սևրի հաշտության դաշնագիրը այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ` հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին» և «Սևրի պայմանագիրը չարժանացավ լիակատար վավերացման..., սակայն այն նաև երբևէ չեղյալ չի հայտարարվել»:

Վերջին միտքը կրկնված է նաև ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կողմից, այն է. «Պայմանագիրը ստորագրած կողմերից ոչ մեկը չի հայտարարել Սևրի դաշնագրի առ ոչինչ դառնալու վերաբերյալ» (1in.am, 10.08.2020):

Պատմական կեղծարարությունն է՛լ ինչպե՞ս է լինում, ինչպե՞ս կարող են պետության և գիտության առջև այսպիսի պատասխանատու անձինք լռության մատնել այն իրողությունը, որ Սևրի պայմանագրից հրաժարվել է ոչ այլ ոք, քան Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարությունը` 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի 3-րդ հոդվածով, որում մասնավորապես արձանագրված է. «Հայերը հրաժարվում են Սևրի դաշնագրից. հետ են կանչում բոլոր այն կոմիտեները և ներկայացուցիչներին, որոնք գոյություն ունեն Եվրոպայում, չեն պահում Հայաստանում Դաշնակիցների ոչ մի ներկայացուցիչ, մինչև Թուրքիան հաշտության դաշն կնքի նրանց հետ»:

Ինչևիցե, Սևրի պայմանագրի 100-ամյակի շուրջ ստեղծված այսօրվա խանդավառությունը, որքան էլ հասկանալի, այնուամենայնիվ առաջացնում է որոշ մտահոգություններ` կապված ճշմարտության և իրատեսական քաղաքականության պահանջների հետ: Միջազգային իրավակարգը պատմական իրավունք հասկացություն չի ճանաչում: Միջպետական հարաբերություններում ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված են միջազգային իրավունքի հետևյալ սկզբունքները. պետությունների տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն, ազգերի ինքնորոշման իրավունք և ուժի կիրառման անթույլատրելիություն:

Հետևաբար, աշխարհի առջև ծաղրի առարկա չդառնալու համար Հայաստանը պարտավոր է նրա հետ խոսել միջազգային հանրությանն ընկալելի լեզվով: Սին իլյուզիաներով ժողովրդին կերակրելով` հերթական անգամ մենք կարող ենք պատճառ դառնալ մեր ժողովրդի խոր հիասթափության: Հայդատական պատմագիտություն որ ասվում է, հենց սա է որ կա: