11.08.2020 11:33

Իրավապահները Մինսկի Պուշկինսկայա մետրոյի մոտից ցրել են ցուցարարներին․ կա զոհ

Իրավապահները Մինսկի Պուշկինսկայա մետրոյի մոտից ցրել են ցուցարարներին․ կա զոհ

Երկուշաբթի երեկոյան՝ նախագահական ընտրություններից մեկ օր անց, Մինսկում Պուշկինսկայա մետրոյի կայարանի մոտ ուժային կառույցների և ցուցարարների բախման ընթացքում  զոհվել է մեկ մարդ, հաղորդել է Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղարը։

Ուժայինների վարկածով՝ «Սպեցնազին դիմադրություն ցույց տալու ժամանակ, որը ժամանել էր հրապարակը ցուցարարներից ազատելու համար, բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը փորձել է չպարզված պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ։ Այն պայթել է նրա ձեռքում, տղամարդը մահացու վնասվածքներ է ստացել»։

Ցուցարարների կարծիքով՝ քվեարկության արդյունքները կեղծված են հօգուտ պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի։

Երկուշաբթի ավելի վաղ Բելառուսի ԿԳԲ-ի ղեկավար Վալերի Վակուլչիկը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել երկրի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի դեմ մահափորձը։ Թե հատկապես ով է ցանկացել սպանել Տիխանովսկայային՝ Վակուլչիկը չի նշել, միայն ասել է, որ իրենք «որսացել» են մի հաղորդագրություն, թե անհրաժեշտ է, այսպես ասած՝ սրբազան զոհ։ Վակուլչիկը նաև նշել է, որ արդեն հայտնի է, թե ով է հաղորդագրությունն ուղարկել։

Տիխանովսկայան ինքը գնացել է ԿԸՀ՝ բողոքարկելու ընտրությունների արդյունքները։ Թեպետ նրա փաստաբանը նշել է, որ որոշ ժամանակ անց ընդդիմադիր թեկնածուն հեռացել է ԿԸՀ-ից, սակայն առայժմ չի հաջողվել հաստատել նրա խոսքը․ Տիխանովսկայայի հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ նրազինակիցները «Страна для жизни» տելեգրամ-ալիքում գրել են, որ նրան բռնի կերպով պահում են ԿԸՀ-ում (վերջինս դա հերքում է)։

Փոխանցում է BBC-ն։