11.08.2020 15:15

Ում կյանքն է շեշտակի «լավացել» հեղափոխությունից հետո

Ում կյանքն է շեշտակի «լավացել» հեղափոխությունից հետո

2018-ի հեղափոխությունից հետո եւ աստիճանաբար ավելի ու ավելի ինտենսիվ՝ հեռուստաընկերությունների մեծ մասով պարբերաբար հայտնվում են մի խումբ մարդիկ, որոնք անընդհատ կրկնում են, թե Հայաստանում բան չի փոխվել եւ կամ՝ փոխվել է, բայց դեպի վատը,  մարդկանց սոցիալական վիճակը վատացել է, մարդիկ աղքատանում են:

Այդ միտքը անընդհատության սկզբունքով շրջանառում են հիմնականում նախկին իշխանությունների մոտ «ակտիվիստի հաստիքով» գործի անցած ագրեսիվ փոքրամասնության շրջանակները: Սրանց թվում առաձնապես աչքի են ընկնում տարատեսակ քրեական գործերով նախկիններին իրավական ծառայություններ մատուցող իրավաբաններն ու փաստաբանները:

Այդ իրավաբաններն ու փաստաբանները այսօր ամենաշատն են ակտիվություն ցուցաբերում եւ իրավականից զատ կամ դրանից առաջ՝  նախկիններին քաղաքական ծառայություններ են մատուցում` հանրությանը համոզելու համար, որ մարդկանց կյանքում բան չի փոխվել:

Իսկ արդյոք բան չի՞ փոխվել, կամ հարցը հակառակ կողմից հնչեցնենք` ում կյանքում է ֆինանսապես դեպի լավը բան փոխվել հեղափոխությունից հետո:

Եւ ահա այստեղ ենք տեսնում ամենամեծ աբսուրդը:

Այո, սովորական մարդկանց կյանքում ֆինանսական առումով, մեծ հաշվով, շեշտակի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Բայց կան «ոչ սովորական» անձինք, որոնց ֆինանսական հոսքերը հեղափոխությունից հետո շեշտակի փոխվել են, նրանք սկսել են մեծ գումարներ աշխատել, եւ եթե ամեն ինչ այսպես մնաց, այդ անձանց քսակը միայն ավելի ու ավելի է լցվելու: Իսկ ովքե՞ր են այդ «հատուկ» մարդիկ:

Աբսուրդն էլ հենց այն է, որ դրանք նախկինների համար ակտիվիստ դարձածներն են: Նախորդ իշխանությունները այդ անձանց «օգնությանը» ժամանակին դիմում էին միայն կոնկրետ իրավիճակներում, երբ պետք էր լինում իրական ընդդիմության դեմ «պայքարել»՝ կամ ընդդիմության իմիտացիա ստեղծել, կամ համապետական ընտրությունների ժամանակ քաղաքական բազմազանության տպավորություն ստեղծել, կամ, երբ ցանկանում էին իրենց ոչ պոպուլյար որոշումները իրականություն դարձնելու համար քաղաքական ամբողջ դաշտի համախմբվածության պատրանք ստեղծել: Բայց այդ մարդկանց ծառայություն մատուցելը թիթեռնիկի կյանք էր ունենում, եւ նրանք հետո էլի շատ երկար ժամանակով անհետանում էին ասպարեզից:

Դրանք այն անձինք են, որոնց նախորդ իշխանությունները անգամ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել որպես մշտական բացահայտ «գործընկեր»-«աջարակիցներ», որովհետեւ անգամ նախորդների համար էր ամոթ իջնել նրանցից ոմանց մակարդակին:

Բայց քանի որ իրավիճակ է փոխվել, նախորդները այլեւս, ռուսերեն ասած՝ «не брезгают», եւ ով պատրաստակամություն է հայտնում ծառայություն մատուցելու, առանց face & dress control-ի` ցուցակագրում են որպես «աջարակից-ակտիվիստ» եւ ուղարկում քաղաքական պայքարի առաջնագիծ` քաղաքական «մտքեր եւ հայտարարություններ» անելու, հարցազրույցներ եւ ասուլիսներ տալու, համացանցում ստատուսներ գրելու: Եւ այդ անձինք ջանում են արդարացնել ստացած ամեն դրամն ու լուման, որովհետեւ «գործ է կպել», որովհետեւ իրենք բոլորից լավ են հասկանում, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները լավ օրից չէ, որ իրենց կարիքն ունեն, եւ իրենք կարող են քիչ թե շատ գումար աշխատել, քանի դեռ նախկինները համեմատաբար նեղության մեջ են, նրանք շատ լավ գիտեն, որ եթե նախկինները իշխանության գալու շանս ունենային, ապա հաջորդ իսկ օրը իրենց նետելու էին քաղաքական աղբանոցները:

Հենց սա է հետհեղափոխական Հայաստանի ամենամեծ աբսուրդը: Երբ կան մի խումբ մարդիկ, որոնց կյանքում շեշտակի դրամական փոփոխություններ են եղել, եւ դրանք այն մարդիկ են, որոնք մեզ ամեն օր համոզում են, որ մարդկանց կյանքում բան չի փոխվել:

Արսեն Օհանյան