12.08.2020 11:37

Բելառուս․ Բողոքի ցույցերի երրորդ գիշերը

Բելառուս․ Բողոքի ցույցերի երրորդ գիշերը

Բելառուսում երրորդ օրն է՝ շարունակվում են կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների արդյունքները չընդունողների զանգվածային ցույցերը։ Այդ ընտրություններում, պաշտոնական տվյալների համաձայն՝ հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Անցած երեկոյան և գիշերը բողոքի ակցիաները Մինսկի կենտրոնից, որն, ըստ էության, ամբողջովին արգելափալել են ուժայինները, տեղափոխվել են արվարձաններ։

Որոշ վայրերում ցուցարարները փորձել են բարիկադներ կառուցել, բայց ՕՄՕՆ-ն անմիջապես քանդել է դրանք և դաժանորեն բերման է ենթարկել ցուցարարներին։

Օմօնականները հատկապես ակտիվ են աշխատել բակերում․ նրանք հետապնդել են մարդկանց և ծեծի են ենթարկել մահակներով։ Պատշգամբներից ուժայինների գործողությունները դատապարտող մարդկանց ուղղությամբ ռետինե փամփուշտներով կրակահերթեր են արձակվել։

Ամբողջ երկրում արդեն բերման է ենթարկվել հազար հոգի, այդ թվում՝ մի քանի տասնյակ լրագրողներ։

Երեքշաբթի Մինսկում մեկուսարանից ազատ են արձակել «Медуза»-ի հատուկ թղթակից Մաքսիմ Սոլոպովին, որի ճակատագիրն անհայտ էր վերջին երկու օրերին։

Նաև երեքշաբթի տեղեկություններ են ստացվել, որ ուժայինները սկսել են հարձակումներ գործել Մինսկում աշխատող լրագրողների վրա․ նրանց բերման են ենթարկել, ծեծել են, կոտրել տեսախցիկներն ու ոչնչացրել կրիչները։

Հարձակման է ենթարկվել նաև BBC-ի նկարահանող խումբը․ առանց տարբերանշանների սև համազգեստ կրող տղամարդը պահանջել է ցույց տալ հավատարմագիրը, որից հետո լրագրողի վզից պոկել է քարտը, ձեռքից խլել է տեսախցիկը և փորձել է կոտրել այն։

BBC-ի ևս երկու լրագրողներ փորձել են իրավապահներին համոզել վերադարձնել հավատարմագրության քարտը, բայց ի պատասխան՝ նրանցից երկու հոգի սկսել են ծեծել օպերատորին և հարվածներ են հասցրել տեսախցիկին։

Փոխանցում է BBC-ն։