12.08.2020 14:40

Լիզա Ճաղարյան. Դուք գիտե՞ք, թե ի՛նքն ով է

Լիզա Ճաղարյան. Դուք գիտե՞ք, թե ի՛նքն ով է

Եթե չգիտեք, ասեմ. ինքը Գասպարյան Վովան է։ Ինքը նախկին հանցագործ ռեժիմի տարիների ոստիկանապետն էր։ Ինքն այնքան շատ շքանշաններ ու մեդալներ ունի, որ նույնիսկ Շարմազանով Էդիկը կարող է նախանձել։

Թե ինչու է արժանացել այդ պարգեւներին, հանրությունն էլ գիտի, ինքն էլ գիտի. հանցագործ ռեժիմին հիանալի ծառայելու համար։ Հանրությունը նաեւ գիտի, որ նախկիններին հիանալի ծառայելը նշանակում էր անողոք ու վայրի բռնություններով ուղեկցվող պայքար` ընդդեմ այդ նույն հանրության ազատության ու արդարության ձգտումներին։

Գասպարյան Վովան այդ գործն անում էր ինքնամոռաց հաճույքով ու նվիրումով եւ տարօրինակ ջղակծկումներով։ Այնքա՛ն տարօրինակ, որ առողջ բանականություն ունեցողների կասկածները, ժամանակին համընթաց, ամրապնդվում էին, որ սույն շքանշանամեդալակիր գեներալի նյարդային համակարգի վիճակը շատ մտահոգիչ է։

Երկրում իշխանություն փոխվեց Հայաստանի քաղաքացիների միահամուռ ընդվզման շնորհիվ։ Անողոք ու վայրի ճնշումներից ազատագրված հանրությունը մեծ հավատով ու արդարացված անհամբերությամբ սպասում էր, որ շուտով կտեսնի, թե ինչպես են մեկը մյուսի հետեւից պատասխան տալիս արդար ու անկաշառ դատարաններում`երկար տարիներ իրենց նվաստացրած, թալանած, սպանած նախկինները, ի՛նքը` Գասպարյան Վովան, նրանց հետ միասին։

Երկու տարի եւ երեք ամիս է արդեն` սպասում է հանրությունը։ Սպասում է ու տեսնում, որ ո՛չ միայն չեն պատժվում, այլեւ օրեցօր, ժամ առ ժամ ավելի ու ավելի են լկտիանում։

Եթե հեղափոխությունից անմիջապես հետո որեւէ մեկն ասեր, թե հնարավոր է ներկա իշխանության օրոք, որ լրագրողները կրկին նույնքա՛ն անպաշտպան զգան իրենց այդ նույն նախկին հանցագործ ռեժիմի լկտի ներկայացուցիչների առաջ, ապա ես այդ պնդման հեղինակի դեմքին կծիծաղեի նման անհեթեթություն բարձրաձայնելու համար։

Հիմա չեմ ծիծաղում։ Չեմ ծիծաղում, որովհետեւ ոչ միայն անհնար չեմ համարում վերեւում ասվածը, այլեւ հասցրել եմ համոզվել, որ այդպես էլ կա, ինչն էլ վերջնականապես ամրապնդվեց «Ազատության» լրագրողների հանդեպ այս նույն Վովա Գասպարյանի սանձազերծած լպիրշությանը, նրա գինովցած փաստաբան կոչեցյալի հոխորտանքներին, մինչ օրս թեկուզ կասկածյալի կարգավիճակ չստացած «խարիզմատիկ» (նրա փաստաբանի բնորոշումն է) Գասպարյանի ամբարտավան հայտարարություններին եւ քրեական գործի քննության արդեն օրինաչափ դարձած «արագընթացությանը» հետեւելուն զուգընթաց։

Ի՞նչ է սպասվում նախկիններից սերված հերթական «ամբաստանյալին»։

Նույն բանը, ինչ պատահեց Քոչարյան Ռոբերտի դատավարության հենց առաջին օրը Վարդգես Գասպարիի գլխին շշով խփողին։ Նույնը` ինչ պատահեց այս նույն Քոչարյանի դատավարության օրերից մի օր պիցայակերների ոհմակից մի քանի հոգու, որ ոմն հակաքոչարյանականի տապալել էին գետնին ու քացահարում էին։ Նույնը` ինչ որ երկու տարի շարունակ պատահում է նախկին ռեժիմի հանցագործների` բազմաթիվ մեղադրյալների ու կասկածյալների հետ։ Այսինքն` ՈՉԻՆՉ չի պատահի։

Շուտով կպարզվի, որ «Ազատության» լրագրողները ոչ մի ապացույց չունեն, որ Գասպարյան Վովան կվադրոցիկլը քշել է նրանց վրա, որ սպառնացել է «գյուլլել» ու սպանել, եւ որ` ոչ մի դրոն էլ չի եղել, կամ էլ եղել է, բայց այդ դրոնով նկարողն այդ ժամանակ կապուտակ Սեւանն էր նկարում, եւ այնպիսի հրավառ սիրով էր նկարում, որ այդ հուրուկրակից հրդեհվեց դրոնի չիպը, եւ կապուտակ Սեւանը մոխրացավ անվերադարձ։ Եվ ամենակարեւորը` կասկածյալին նույնիսկ չեն հարցաքննի։ Ավելի հեշտ չի՞ լրագրողներին հարցաքննելը։ Նրանք ոչ կվադրոցիկլ ունեն, ոչ «գյուլլել» ու սպանել գիտեն, ոչ էլ թալանած հսկա կապիտալ ունեն, որ ծախուներին առնեն ու գրպանները դնեն` անհրաժեշտ պահին օգտագործելու համար։

Հետո՞։

Հետո այս օրերին Գասպարյան Վովայի քաջագործության մասին համեստորեն լռող հացկատակ ԶԼՄ–ները, նույնիսկ ա՛յն ԶԼՄ–ները, որ մինչ օրս «հերոսանում էին» իրենց քաջարի լրագրողական հետաքննություններով, անմիջապես կխանդավառվեն ու «կավետեն», որ ի՛նքը` Գասպարյան Վովան, անմեղ է կույսի պես, իսկ «Ազատության» լրագրողները խաբեբա են ու սադրիչ։

Եվ դրանից հետո Հայաստանի երջանիկ քաղաքացիները երկար ժամանակ «կըմբոշխնեն» ռոբասերժական հեռուստաալիքներում եւ սոցկայքերում դեգերող ու առավել լկտիությամբ հոխորտացող գեներալ Վովայի քաջնազարական ճամարտակությունները։

Վատատե՞ս եմ։

Ասացեք ընդամենը մեկ պատճառ, որը կստիպի ինձ լավատես լինել։

Անչափ շնորհակալ կլինեմ։