New York Times-ի թղթակից Էնդրյու Հիգենսն այցելել է Բելառուսի և Լեհաստանի սահման, որտեղ մերձավորարևելյան երկրներից հարյուրավոր միգրանտներ են հավաքված և հույս ունեն անցնել Եվրամիության տարածք։
Իր ռեպորտաժում նա նկարագրում է բելառուսական իշխանությունների համար անսպասելի մի քանի շրջադարձ․ միգրանտներից շատերը, ում չի հաջողվել անցնել Լեհաստան, մտածում են քաղաքական ապաստան խնդրել Բելառուսում։ Ինչպես գրում է լրագրողը, ոմանք ոչ մի դեպքում չեն հրաժարվում ԵՄ տարածք անցնելու մտքից, բայց միգրանտների մի մասը հաստատ կգերադասի մնալ Բելառուսում, քան վերադառնալ հայրենիք։ «Ես ուզում եմ Գերմանիա գնալ, բայց եթե չստացվի, այստեղ կմնամ»,- լրագրողին ասել է Իրաքից 21-ամյա քուրդ Բեյլ Նիսուն։
Նման մտադրություն են հայտնել էլի մի քանի հոգի, որոնց հետ սահմանին զրուցել է New York Times-ի լրագրողը։
Դատելով հրապարակումից՝ Բելառուսում առայժ իրենք էլ չգիտեն, թե ինչպես վարվեն այն միգրանտների հետ, որոնք կցանկանան մնալ այդ երկրում։ Բելառուսի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Կարաևը, որն այժմ Լուկաշենկոյի օգնականն է, ապաստան խնդրողների վերաբերյալ հարցին պատասխանել է․ «Ես, իհարկե, ուրախ եմ, որ մարդկանց այստեղ դուր է գալիս, բայց հետագա քայլերը կախված են նախագահի որոշումից»։
Փոխանցում է BBC-ն։
