‘Parking City Service-ն իրեն հանրային ծառայություններ մատուցող ընկերություն չի համարում’

5273

Parking City Service ընկերությունը, որին, քաղաքապետարանի որոշման համաձայն՝ վերապահված է գումարներ գանձել Երեւանում ավտոմեքենաների կայանման համար, հայտնում է, որ «հանրային ծառայություններ չի մատուցում»:

Ի պատասխան «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի (ԻԱԿ)՝ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ հարցմանը՝ Parking City Service-ից պատասխանել են.

«Հայտնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ընկերությունը հանրային նշանակության կազմակերպություն չէ, քանի որ Ընկերությունը հանրությանը ծառայություններ չի մատուցում եւ շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք չունի, հետեւաբար՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը Ընկերության վրա չի տարածվում, եւ Ընկերությունը չի պարտավորվում Ձեզ տրամադրել տեղեկատվություն»: 

ԻԱԿ իրավաբան Գեւորգ Հայրապետյանը iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք փորձել են նախ Ճանապարհային ոստիկանությունից ստանալ Երեւանում վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք հանդիսացած իրավական ակտի պատճենը: Ոստիկանությունից առաջարկել են դիմել Երեւանի քաղաքապետարան: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն իր հերթին առաջարկել է տեղեկատվություն ստանալու համար դիմել «այդ աշխատանքներն իրականացնող» Parking City Service ՓԲ ընկերություն, իսկ այստեղից էլ ստացել են նշված պատասխանը:

«Իրականում, փակ շղթա է ստեղծվել՝ պետական մարմինները հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել՝ հղվելով  ՓՊԸ-ին, ՓՊԸ-ն էլ պատճառաբանում է, թե տեղեկատվություն տնօրինող չէ, եւ առաջանում է տեղեկատվական քաղց: Սկզբունքորեն՝ նման բան պետք է չլինի», — մեկնաբանեց Գեւորգ Հայրապետյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ ԻԱԿ-ը պատրաստվում է դատական հայցի միջոցով ստիպել՝ կա՛մ Երեւանի քաղաքապետարանին, որպես համայնքային իշխանություն՝ տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, կա՛մ «համոզել» Parking City Service-ին, որ նա, այնուամենայնիվ, հանրային ծառայություններ մատուցող ընկերություն է եւ պարտավոր է տեղեկատվություն տրամադրել: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ Ոստիկանությունն առաջարկում է տուգանել միասեռականությունը քարոզողներին’
Հաջորդ հոդվածը‘Նարեկ Սարգսյանն ազատվեց Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից’