‘Parliamentmonitoring. ՀԱԿ-ը Ազգային Ժողովի ամենաակտիվ խմբակցությունն է’

1549

ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը գարնանային նստաշրջանի  ամենաակտիվ խմբակցությունն է, այս մասին վկայում են Parliamentmonitoring.am կայքի անցկացրած վերլուծության արդյունքները:

Ըստ վերլուծության, այն դեպքում, երբ նախորդ նստաշրջանի ընթացքում ԱԺ մեկ պատգամավորին ընկել է  միջինը 3 ելույթ եւ հարց, Կոնգրեսի պատգամավորները միջինը 20-21 հարց ու ելույթ են հնչեցրել: ԱԺ ամենաակտիվ պատգամավորների տասնյակում ընդգրկված երեք պատգամավորներ Կոնգրեսի խմբակցությունն են ներկայացնում:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով, դա նշանակում է, որ Կոնգրեսի պատգամավորները մոտավորապես 7 անգամ ավելի ակտիվ են, քան խորհրդարանական միջինը:

«Սա ոչ միայն քանակ է, այլեւ որակական ցուցանիշ. մեր բոլոր ելույթները փաստարկված են, հիմնավորված, քաղաքական ու բովանդակային առումով լեցուն: Եվ դա նպաստել  է նաեւ մեր մյուս գործընկերների ակտիվությանը, ավելին, դա բերել է նաեւ ՀՀԿ որոշակի ակտիվացմանը», — iLur.am-ի հետ զրույցում ասաց պարոն Մանուկյանը:

Ըստ վերլուծության, գարնանային նստաշրջանը բազմաթիվ ցուցանիշներով տարբերվում է բոլոր նախորդ նստաշրջաններից: Մասնավորապես, նշվում է, որ Երրորդ հանրապետության 25-ամյա պառլամենտարիզմի պատմության մեջ առաջին անգամ է, որ խորհդարանում իշխանությունը ներկայացնում է մեկ քաղաքական ուժ` ՀՀԿ-ը: 

«Սա լրջագույն եզրակացության հիմք է տալիս, որ ՀՀԿ-ը հայտնվել է լրիվ մեկուսացված վիճակում, ոչ մի քաղաքական ուժ չի ցանկանում նրան աջակցել: Սա ռեկորդ է», — մեկնաբանեց Արամ Մանուկյանը:

Նա նշեց նաեւ, որ ԱԺ նախորդ նստաշրջանում պահպանվել է հետեւյալ դինամիկան. գնալով քչանում է պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները, փոխարենը` ավելանում են կառավարության ներկայացրած նախաձեռնությունների տոկոսը: Այսպես, եթե անցած` աշնանային նստաշրջանի ընթացքում օրինագծերի 87%-ը ներկայացրել է գործադիրը, 13%-ը` ԱԺ-ը, ապա գարնանային նստաշրջանում այդ հարաբերակցությունը 95%-5% է: Ողջ նստաշրջանի ընթացքում պատգամավորները ներկայացրել են ընդամենը 7 նախաձեռնություն:

Ըստ Արամ Մանուկյանի, սա նշանակում է, որ ողջ իշխանությունը Հայաստանում պատկանում է գործադիրին: «Փաստացի, ԱԺ մեծամասնությանն արգելված է օրենսդիր գործունեությամբ զբաղվել: ՀՀԿ-ական պատգամավորներն անում են այն, ինչ նրանց հրահանգում է կառավարությունը: Իսկ կառավարությունն, իր հերթին կատարում է Սերժ Սարգսյանի հրահանգները: Այս նույն պատկերն արտահայտվում է հանրապետական պատգամավորների քվեարկությունների արդյունքներից. գրեթե առանց բացառության նրանք կողմ են քվեարկել բոլոր նախագծերին, բացառությամբ այն օրինագծերի, որոնք ներկայացրել է ընդդիմությունը», — ասաց Կոնգրեսի խմբակցության քարտուղարը:

Ընդդիմության ներկայացրած 5 նախագիծ մերժվել է լիագումար նիստերի ժամանակ, իսկ 20 օրինագծեր բացասական եզրակացություն են ստացել գլխադասային հանձնաժողովներում եւ լիագումար նիստերին քննարկման չեն դրվել:

Եւս մեկ ուշագրավ երեւույթ է վեր հանում Parliamentmonitoring-ի վերլուծությունը, այն է` օրենքների մեծամասնությունը` 141 օրենքից 77 օրենք ընդունվել է  արտահերթ նստաշրջանների ընթացքում: Ընդ որում, դրանցից 60-ը կառավարությունը ներկայացրել է որպես անհետաձգելի օրենք` առանց հիմնավորելու, թե ինչու: Եվ սրանից 30-ը ծավալուն օրենքներ են:

Ըստ Արամ Մանուկյանի, այս առումով նույնպես ռեկորդ է գրանցվել: «Սա մեր խորհրդարանական գործունեության  ամենաբացասական դրսեւորումներից մեկն է` օրինագծերից շատերն անգամ պատգամավորներն ամբողջությամբ ընթերցելու ժամանակ չեն ունենում: Այսինքն, դրանք լուրջ փորձագիտական վերլուծություն, խորհրդարանական քննարկումների միջով չեն անցնում: Սա նշանակում է, որ իշխանություններն իրենց օրենսդրական  գիտելիքներով, հիմնավորումներով չեն կարողանում ներկայացնել օրինագծերը եւ փորձում են զուտ մեխանիկական քվեարկությամբ անցկացնել օրինգածերը», — նկատեց պատգամավորը:

Բացի դրանից, ըստ Արամ Մանուկյանի, այս հապճեպությունը վկայում է այն մասին, որ կառավարությունը օրենսդրական գործունեություն է ծավալում ոչ թե ելնելով նախապես ծրագրած ռազմավարությունից, այլ` իրավիճակի թելադրանքով:

Պատգամավորն առանձնացրեց եւս մի բնորոշ փաստ` վերջին շրջանում օրենքներն անցնում են նվազագույն ձայներով` 66, 67, 68: Այսինքն, նրա խոսքով, ՀՀԿ-ը, մենակ մնալով, ավելի ու ավելի մեծ դժվարությամբ է կարողանում օրենքներ անցկացնել: «Եվ դրանից ելնելով է, որ նրանց ստիպված են լինում երբեմն քվեարկությունները կեղծիքներով կազմակերպել` մեկը քվեարկում է ուրիշի փոխարեն եւ այլն: Հիշենք թեկուզ կենսաթոշակային բարեփոխումների, գազային համաձայնագրերի վավերացման օրենքները», — նշեց նա` հավելելով, որ առաջիկա նստաշրջանում ՀՀԿ խնդիրներն այս առումով ավելի կխորանան:

ՀՀԿ խմբակցությունն անցած նստաշրջանում նաեւ «լռության» ռեկորդ է սահմանել: Խմբակցության կեսից ավելին ոչ մի անգամ ելույթ չի ունեցել,  հարցեր չի ուղղել:

Արամ Մանուկյանի խոսքով, Քառյակը ներկայացնող խմբակցությունների քվեարկությունների պատկերը նայելիս պարզ է դառնում, որ այս խմբակցություններում ազատություն եւ բազմակարծություն կա, որովհետեւ հավասարաչափ են քվեարկել: Մյուս կողմից` անկախ օրինագծի բնույթից, ՀՀԿ պատգամավորները 87 տոկոս դեպքում կողմ են քվեարկել, 7 տոկոսում` բացակայել են քվեարկությունից, 3%` չեն քվեարկել: Այսինքն, ձեռնպահ եւ դեմ են քվեարկել միայն 3 տոկոս դեպքերում, այն էլ, ինչպես նշվեց, ընդդիմության ներկայացրած օրինագծերին:

«Այս վերլուծությունները լավագույնս են ցույց տալիս առաջին հերթին ընտրողներին, թե ում հետ գործ ունեն, որ խմբակցությունն ինչպես է իրեն դրսեւորում խորհրդարանում: Ամենապարզ հարցը, որ կարելի է տալ ընտրողին`ընտրել ես մարդկանց, որ 10-15 տարի ոչ մի բառ չխոսե՞ն: Արդյո՞ք սրա համար ես 5000 դրամ վերցնում, կամ ձայնդ տալիս մի պատգամավորի, որը փաստացի գոյություն չունի», -եզրափակեց պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘Սիկտիվկարում դպրոցականները փորձել են թմրանյութը խլել սկյուռիկից’
Հաջորդ հոդվածը‘Յուրի Վարդանյանը հայտարարել է, որ դատավորները վճիռները կայացնում են իրենց վերադասների ցուցումներով. «Ժողովուրդ»’