‘Patriot հրթիռային համալիրները Թուրքիա կհասնեն 15 օրվա ընթացքում’

1012

Patriot ՀՕՊ համակարգերը, որ Թուրքիան խնդրել էր ՆԱՏՕ-ից՝ Սիրիայի հետ իր 900 կմ-անոց սահմանը պաշտպանելու նպատակով, կարող են երկիր հասնել 15 օրվա ընթացքում, հաղորդում է Росбалт-ը: Թե ինչ քանակությամբ ՀՕՊ համակարգեր է խնդրել Թուրքիան՝ չի հստակեցվում: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը լրագրողներին հայտարարել է, որ քանակի վերաբերյալ որոշումը կայացնելու է ՆԱՏՕ-ն:

«Ակշամ» թերթի տվյալներով՝ Patriot-ը նախատեսված է տեղադրել սահմանամերձ նահանգներում, ընդ որում՝ խոսքը ութ հրթիռային համալիրների մասին է: Պարբերականը, հղում անելով ռազմական աղբյուրներին, նշում է, որ համակարգերի տեղակայելու վայրերի ընտրությունը հիմնականում ավարտվել է:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Թուրքիայում տեղակայվող Patriot համակարգերը բացառապես պաշտպանական նշանակություն ունեն, ոչ թե Սիրիայում անթռիչք գոտիներ ստեղծելու նպատակ են հետապնդում: Թուրքական իշխանությունները հրթիռային համալիրներ տեղակայելու իրենց խնդրանքը հիմնավորում են Սիրիայի կողմից քիմիական զենք կիրառելու հնարավորությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի զինվորականներն առաջիկայում, հնարավոր է, մասնակցեն Թուրքիայում ՆԱՏՕ-ի առաքելությանը: ՆԱՏՕ-ի գործողության շրջանակներում բունդեսվերը Թուրքիա կուղարկի 170 հոգանոց մեկ կամ երկու ստորաբաժանում՝ հրթիռային կայանները սպասարկելու համար: Դաշնային կառավարությունն այժմ ուսումնասիրում է այն հարցը, թե արդյո՞ք տվյալ դեպքում անհրաժեշտ է ստանալ բունդեսթագի մանդատը:

Նախորդ հոդվածը‘Ռուսատանը քննադատող ռուս գեղեցկուհիների քանակը ավելանում է’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Խմբում 2-րդ տեղ գրավելը լավ նշան է’