‘PFP-ն հրավիրում է օրենսդրական ոլորտի երիտասարդ մասնագետներին’

748

Ամերիկյան խորհուրդների գրասենյակը հրավիրում է օրենսդրական ոլորտի երիտասարդ մասնագետներին ներկայացնելու օնլայն դիմումի հայտ մինչեւ 2015թ. ապրիլի 15-ը: PFP-ն հնարավորություն է ընձեռում խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները կլինեն PFP-ի ավելի լայն խմբի մաս, միանալով այլ երկրների մասնակիցներին: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝

ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին,

կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,

ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ,

միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:

PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից վեց շաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2015թ. աշնան ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն հոկտեմբերի 5-ին նոյեմբերի 13-ը: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ կրթաթոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝

լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բնակիչ         

ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան

դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան     

ցուցաբերեն առաջնորդելու եւ համագործակցելու հմտություններ

ունենան համապատասխան աշխատանքային փորձ եւ մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական եւ հասարակական սեկտորում

տիրապետեն անգլերենին

PFP մրցույթի առաջին փուլն անցնելու դեպքում մասնակիցների համար կանցկացվի TOEFL թեստ, եթե դիմորդը նախկինում չի հանձնել եւ չի կարող ներկայացնել TOEFL-ի (paper based) 500 միավորից բարձր կամ IBT TOEFL-ի 60 միավորից բարձր թեստի կամ դրանց համարժեք անգլերենի այլ թեստերի (օրինակ IELTS թեստի 6 միավոր) արդյունքները:

PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2015թ. ապրիլի 15-ը ներկայացնեն օնլայն դիմում՝ https://ais.americancouncils.org/pfp:

Ծրագրին դիմելու գործընթացի եւ մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ PFP ծրագրի վեբ կայքից http://professionalfellows.americancouncils.org/, կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ PFP ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանին՝ [email protected] էլ-փոստի հասցեով:

  

Նախորդ հոդվածը‘«ՀԷՑ»-ը պնդում է, որ վնասով աշխատելու պատճառով նոր ներդրումներ անել չի կարող’
Հաջորդ հոդվածը‘Ըստ Գալուստ Սահակյանի՝ բիզնես ունեցողը դեռ բիզնեսմեն չէ ‘