Politico․ ԱՄՆ նախկին պետքարտուղար Փոմփեոն ապրիլի 3-ին կայցելի Ուկրաինա

310

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Փոմփեոն ապրիլի 3-ին կայցելի Ուկրաինա։

Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ այդ այցը  2024 թ․ նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածու Փոմփեոյի համար հնարավորություն է ցուցադրելու իր աջակցությունն Ուկրաինային և ցույց տալու, որ իր դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանթիսի կարծիքից։ Թերթը նշում է, որ առայժմ հայտնի չէ՝ նախկին պետքարտուղարը կհանդիպի՞ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, թե՞ ոչ։

Ավելի վաղ Դեսանթիսը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը բազմաթիվ կենսական ազգային խնդիրներ ունի», իսկ «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տարածքային վեճի մեջ ներքաշվելը իրենց չի վերաբերում»։ Ուկրաինային աջակցությունը շարունակելուն դեմ  և հակամարտությունը շուտափույթ ավարտելու օգտին է հանդես եկել նաև Թրամփը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊերուի նախագահին և նրա նախորդին կասկածում են փողերի լվացման մեջ
Հաջորդ հոդվածըՃապոնիան մտադիր է հասնել ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացմանը