‘Pussy Riot-ի Ալյոխինան ազատ է արձակվել կալանավայրից’

626

Pussy Riot պանկ-խմբի անդամ Մարիա Ալյոխինան այսօր առավոտյան ազատ է արձակվել կալանավայրից: Ինչպես հաղորդել է նրա փաստաբանը, Նիժնի Նովգորոդի գաղութից դուրս գալուց հետո Ալյոխինան հանդիպել է «Կոմիտե՝ ընդդեմ խոշտանգումների» հասարակական կազմակերպության իրավապաշտպանների հետ:

Ալյոխինան ազատ է արձակվել Ռուսաստանի սահմանադրության 20-ի առթիվ նախագահ Պուտինի հայտարարած համաներման շրջանակներում:  Pussy Riot-ի ևս մեկ անդամ՝ Նադեժդա Տոլոկոննիկովան, ըստ նրա ամուսնու, նույնպես այսօր ազատ կարձակվի:

Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոննիկովան խուլիգանության հոդվածով դատապարտվել էին երկու տարվա ազատազրկման՝ Մոսկվայի Հիսուս Ամենափրկիչ եկեղեցում 2012 թ. փետրվարին սկանդալային «պանկ-աղոթք» կատարելու համար: Խմբի ևս մեկ անդամի՝ Եկատերինա Սամուցևիչի դատավճիռը փոխվել էր պայմանականի, փոխանցում է euronews-ը:

Քիչ ավելի ուշ,  BBC-ի հաղորդման համաձայն՝ Pussy Riot-ի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովային են տրվել համաներման փաստաթղթերը: «Դատախազը և կալանավայրի ղեկավարությունը Տոլոկոննիկովային են հանձնել ազատ արձակման փաստաթղթերը»,- Twitter-ում գրել է «Պատերազմ» խումբը:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ուղիղ հարցիս ակնկալում եմ ուղիղ պատասխան’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան. Կառավարությունը պետք է փոփոխություններ մտցնի «գազային համաձայնագրերի» մեջ (տեսանյութ)’