‘Pussy Riot խմբի անդամը մեղադրում է ռուսաստանյան հատուկ ծառայություններին’

2609

Pussy Riot խմբի անդամ Պյոտր Վերզիլովը, որ հնարավոր թունավորման դեպքից հետո բուժվում է Բեռլինում, առաջին հարցազրույցն է տվել գերմանական Bild թերթին:

Վերզիլովի ասելով՝ ինքը գրեթե չի կասկածում, որ իր թունավորման ետևում ՌԴ հատուկ ծառայություններն են կանգնած:

«Ես ելնում եմ նրանից, որ իմ թունավորման ետևում ռուսաստանյան գաղտնի ծառայություններն են, հնարավոր է՝ Ռուսաստանի հետախուզությունը, ՀԳՎ-ն: Թունավորումն այնքան պրոֆեսիոնալ էր կազմակերպվել, որ ես չեմ կարող որևէ այլ եզրակացություն անել,- ասել է նա ու շարունակել:- Հնարավոր է՝ նրանք ինձ վրա նոր թունավոր կոկտեյլ են փորձարկել, քանի որ իմ թունավորումն այնպես չընթացավ, ինչպես դա սովորաբար լինում է: Այնպես չէր, որ մի քանի օր էր հարկավոր, որ ես թունավորման ախտանշաններ հայտնաբերեի: Միանգամից սուր արձագանք եղավ: Թունավորմանը հաջորդող օրերի մասին ես ոչինչ չեմ հիշում… Երբ ուշքի եկա, մտածեցի, որ Բեռլինի կլինիկայի գլխավոր բժիշկն իրականում իմ բանտի տնօրենն է, որտեղ ամենուրեք աչքիս կատուներ էին երևում»:

Վերզիլովը հայտարարել է, որ ինքը հնարավոր թունավորման երկու վարկած ունի: Առաջինը՝ իր ակտիվ մասնակցությունը Pussy Riot-ի ակցիաներին ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչում: Եվ երկրորդը՝ իր կապերը Աֆրիկայում սպանված լրագրողների՝ Օրհան Ջեմալի, Կիրիլ Ռադչենկոյի և Ալեքսանդր Ռաստորգուևի հետ: Վերզիլովը մտերիմ էր Ռաստորգուևի հետ և որոշել էր սեփական հետաքննությունն անցկացնել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչը չի քվեարկել Սալահի օգտին ‘