‘Qahana.am-ը պարզաբանում է. Ռոք լսել կարելի է, բայց ավելի լավ է` դասական լսել’

3625

Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի Qahana.am կայքը պարզաբանում է հրապարակել կայքում զետեղված «Հափշտակություն ռոք երաժշտությամբ» հոդվածի վերբերյալ: Հոդվածը սոցիալական ցանցերում բուռն արձագանք է առաջացրել: Շատ օգտատերեր կարծում են, որ հոդվածի առաջին իսկ պարբերությունում տեղ գտած ձեւակերպումը, թե «չափազանց կործանարար և կորստաբեր է քրիստոնյայի հոգու համար ջազ, փոփ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը, չափազանց կտրուկ է:

 Qahana.am-ի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

 

«Սիրելի երիտասարդներ, FB-ի Qahana.am էջի ակտիվ քննարկողներ, շատ ուրախ և շնորհակալ ենք Ձեր ակտիվ քննարկման ու բոլոր կարծիքների համար: Մեզ համար կարևոր է Ձեր մասնակցությունը հոգևոր զանազան հարցերի քննարկմանը: Ուզում ենք ընդհանուր առմամբ անդրադառնալ երաժշտության մասին քննարկումներին:

Նախ ասենք, որ որպես երիտասարդներ՝ Դուք ճիշտ կերպով եք պաշտպանում այն, ինչը Ձեզ հոգեհարազատ է: Եվ մենք բնավ Ձեզ Ձեր սիրելի զբաղմունքից կտրելու նպատակ չունենք:

Քանի որ մեր խմբագրությունը հանրության ուշադրությանն է ներկայանում հոգևոր տարբեր հարցերի մասին հոգևորականների, գիտնականների, պատմաբանների ու հոգեբանների հետազոտություններ, ուսումնասիրություններ, տեսակետներ, վերլուծություններ, այս անգամ որոշեցինք Ձեր դատին հանձնել երաժշտության մասին վաղուց ի վեր քննարկվող այս նյութերը:

Մենք չենք կարող պահանջել սիրել կամ չսիրել որևէ երաժշտական ուղղություն: Չենք կարող պնդել, որ այս կամ այն երաժշտությունը ճաշակով կամ անճաշակ է: Եվ չենք կարող համադրել ռոքը ռաբիսի, փոփը՝ դասականի, ժողովրդականը՝ ռոքնռոլի կամ մեկ այլ ուղղության հետ: Դրանք բոլորն էլ որոշակի պատմություն, առաջացման դրդապատճառներ, էմոցիոնալ ֆոն ունեցող ոճեր են, որոնք մանրամասն ուսումնասիրվել են:

Տեսակետ կա, որ ռոք երաժշտությունն առաջացել է հակադրելու, հեղափոխական փոփոխություններ իրականացնելու, անհանդուրժող ֆոն ստեղծելու արդյունքում:

Այն 20-րդ դարի ուղղություն է, որ այժմ իր տարատեսակ ոճերով բավական հարստացել է: Հայտնի են բազմաթիվ ռոք խմբեր, որոնք «պաշտոնապես» սատանայապաշտություն են ընդունել, լուրջ հակամարտությունների մեջ են եղել իրենց մրցակից խմբերի հետ: Իրենց երգերի տեսքտերն էլ հարուստ են սատանայապաշտական խոսքերով, աստվածամերժ դատողություններով, կռապաշտական ու հեթանոսական ակունքներին վերադառնալու կոչերով: Սակայն սրանց կողքին կան նաև ուղղություններ, որոնք ծանր, մետալիկ չեն, ավելի մեղմ են, անգամ որոշ գործեր դասական գործիքավորում ունեն, դրանց մեջ տեսքտերը կենցաղային բնույթ են կրում, սեր են փառաբանում, մարդկային արժեքներ են քարոզում և այլն:

Նյութերը, որ Ձեր դատին ենք հանձնել, նպատակ ունեն հատկապես երիտասարդներին ծայրահեղություններից զերծ պահել: Մենք ընդամենը ֆիքսում ենք, թե ի՞նչ ազդեցություն ունեն երաժշտական տարբեր ոճեր՝ այս պարագայում՝ ռոքը, մարդու ենթագիտակցության վրա:

Գիտնականների, հոգեբանների, հոգևորականների ուսումնասիրությունների արդյունքում երաժշտության այս կամ այն տեսակը մարդու հոգևոր գիտակցության, ներաշխարհի վրա բացասական, դեստրուկտիվ, ոչ ներդաշնակ ազդեցություն կարող է թողնել: Դրանցից են նյութերում նշված ուղղությունները: Պարզ օրինակ բերենք: Համոզված ենք, որ բոլորդ տեսել եք ջրի մասին նկարած ֆիլմեր, որտեղ ճապոնացի գիտնականները ցույց են տալիս, թե ինչպես է ջրի վրա ազդում ռոք և դասական երաժշտությունը: Ռոք երաժշտության ներքո սառելիս ջրի բյուրեղային կառուցվածքը դառնում է քաոտիկ, աններդաշնակ, մինչդեռ դասական երաժշտության ներքո սառեցրած ջրի կառուցվածքը դառնում է ներդաշնակ, պատկերային։ (Նշենք, որ  խոսքը «Ջրի մեծ գաղտնիքը» ֆիլմի մասին է, որը, մի շարք լուրջ գիտնականների պնդմամբ, հակագիտական է — iLur.am):

Ջրի մասին ֆիլմերի տարածման արդյունքում աշխարհում շատ ընկերություններ ջրի շշալցումը սկսեցին ուղեկցել դասական երաժշտության ներքո և ջրի մասին գովազդներում անգամ նշում էին դրա մասին: Նման գովազդներ պատրաստվել են նաև Հայաստանում:

Ճապոնացիները նաև փորձեր են կատարել Մոցարտի երաժշտություն միացնել ծննդատներում թերհաս ծնված երեխաների համար: Երկու՝ իրարից հեռու սենյակներում երեխաների մի խումբը լսել է երաժշտությունը, մյուսը՝ ոչ: Առաջին խմբի երեխաների մոտ աճի ու զարգացման արագ տեմպ է նկատվել, նրանք ավելի հանգիստ ու ավելի խաղաղ են եղել, քան առանց երաժշտության մնացածները:

Եթե ինքներդ էլ նկատել եք, այն վայրերում, որտեղ հատկապես ծանր ռոք է հնչում, լարվածություն, ագրեսիա կա, ինչը հաճախ երտասարդներին տանում է կյանքի իմաստի կորստի, և այդ իմաստի բացակայությունը նրանց կարող է դրդել անդառնալի քայլերի՝ հանցագործությունների, անգամ՝ ինքնասպանության:

Որևէ մեկը չի կարող ասել, որ մանկուց դասական երաժշտություն լսած մարդը հանցագործություն չի կատարի կամ ինքնասպան չի լինի, սակայն տոկոսային հարաբերությամբ շատ ավելի հաճախ նրանք ավելի հանգիստ ու կայուն հոգեվիճակ են ունենում:

Շատ ռոքերներ կան, ովքեր նաև մեծ սիրով լսում են դասական երաժշտություն: Հոգեբաններն ասում են, որ դա ներքին խաղաղության ցանկությունն է, որը բացակայում է ռոք երաժշտության մեջ: Ըստ նրանց, ռոքի «պարգևած» ագրեսիան նրանք հավասարակշռում են դասականով:

Մենք անշուշտ չենք պնդում, որ դասական երաժշտության բոլոր գործերն են օգտակար բոլոր դեպքերում: Օրինակ, «Ռեքվիեմ» հաճախ լսելը մարդու մոտ կարող է նիհիլիստական զգացմունքներ առաջացնել: Ժամանակակից դասական գործեր կան, որոնք կարող են «խարտոցել» նյարդերը: Նման գործերը, կարծես, ավելի շատ մասնագիտական լսարանների համար են:

Երաժշտական ճաշակը սովորաբար ձևավորվում է մանկուց: Ինչպես լեզուն երեխան սովորում է լսելով, այնպես էլ երաժշտական այս կամ այն ռիթմը հաճախ լսելիս նրա համար սկզբում դառնում է ծանոթ, ապա հաճելի, հետո՝ սիրված ու փնտրված: Խոսքը թե դասական, թե այլ ոճերի երաժշտության մասին է: Բոլոր պարագաներում էլ այդ ազդեցությունը ենթագիտակցական մակարդակում է լինում: Այս փաստը շատ է օգտագործվում մեզ ծանոթ գովազդային աշխարհում: Մեծ ընկերություններում կան հոգեբաններ, ովքեր հստակ հետևում են գովազդային հոլովակում երաժշտության ազդեցությանը: Այն ընտրում են այնպես, որ հնարավորինս լավ տպավորվի լսարանի մոտ: Սկզբում այն կարող է դուր չգալ, հետո՝ նյարդայնացնել, ապա այդ երաժտությունը սկսում է դառնալ ծանոթ և այլ վայրերում հանդիպելիս, այն սկսում է քեզ հաճելի թվալ: Ունկնդիրը կարող է չտարբերել՝ հաճելին ծանոթից:

Վերադառնալով նյութերը Ձեր դատին հանձնելու դրդապատճառին, կրկնում ենք, նպատակ չունենք վիրավորել որևէ մեկին կամ մեղադրել այս կամ այն երաժշտական ճաշակ ունենալու համար:
Մենք պարզապես փորձում ենք Ձեր ուշադրությունը սևեռել այն հանգամանքին, որ երաժշտության պարագայում ևս ծայրահեղությունները կարող են վնասել:

Ամեն դեպքում, հոգևորականների և աշխարհի բազմաթիվ գիտնականնների հետազոտությունների արդյունքները ժխտելու փոխարեն բոլորիս համար օգտակար է վերլուծել մեզ տրված տեղեկատվությունը, համադրել և գտնել օբյեկտիվ իրականությունը:
Երիտասարդ տարիքում հաճախ մեզ համար մեր ծնողների խորհուրդները սկզբում անընդունելի են թվում, հետո զավեշտալի, սակայն տարիքի հետ կուտակած փորձառությունից հետո սկսում ենք հասկանալ և կարևորել դրանք:

Խնդրում ենք շարունակել քննարկումները, արտահայտել Ձեր տեսակետները: Ձեզ համար նյութեր ընտրելիս մենք Ձեր կարծիքը շատ ենք կարևում:

Հարգանքով՝ Քահանա.ամ կայքի խմբագրություն»:

 

Նախորդ հոդվածը‘Վիտալի Կլիչկոն «խոստովանել է», որ «լեսբի» է’
Հաջորդ հոդվածը‘Էներգետիկայի նախարարության պաշտոնական պարզաբանումը՝ հոսանքազրկման մասին ‘