«QAnon-ի շաման»-ը 41 ամիս ազատազրկման է դատապարտվել Կապիտոլիումի գրոհին մասնակցելու համար

640

ԱՄՆ-ում տարածված  ընդհատակյա  QAnon շարժման ամենահայտնի կողմնակիցներից մեկը՝ Ջեյքոբ Չանսլին, դատապարտվել է 41 ամսվա ազատազրկման՝ 2021 թ․ հունվարի 6-ին ԱՄՆ-ում Կապիտոլիումի գրոհին մասնակցելու համար։

Չանսլին նախագահ Թրամփի կողմնակիցների հետ էր, որոնք փորձում էին Կոնգրեսին թույլ չտալ ընդունել 2020 թ․ նախագահական ընտրությունների արդյունքները։

Ավելի վաղ նա իրեն մեղավոր է ճանաչել պաշտոնական հետաքննությունը խոչընդոտելու մեղադրնքով։ Նրա դատավճիռը Կապիտոլիումի անկարգությունների մասնակիցների նկատմամբ կայացվածներից ամենադաժանն է։ Բացի բանտային ժամկետից՝ Չանսլին ստացել է նաև 36 ամիս պայմանական ժամկետ, որի ընթացքում նրա նկատմամբ ոստիկանական հսկողություն կսահմանվի։

34-ամյա Չանսլին Կապիտոլիումի գրավման ամենաճանաչելի մասնակիցներից էր, քանի որ լուսանկարվել էր արջի մորթուց, կոտոշներով գլխարկով և ամերիկյան դրոշի գույներով ներկված դեմքով։ Ինքն իրեն նա անվանում է «QAnon-ի շաման»։

ԱՄՆ-ում կուլտ համարվող՝ դավադրությունների այս տեսության կողմնակիցների կարծիքով՝ աշխարհը կառավարում  է սատանիստների և մանկապիղծ-կաննիբալների խառնամբոխը, որը խրամատավորվել է կառավարությունում, բիզնեսում և ԶԼՄ-ներում, և որոնց դեմ գաղտնի պատերազմ էր մղում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըNYT․ Անակնկալ Լուկաշենկոյի համար․ միգրանտներն ուզում են մնալ Բելառուսում
Հաջորդ հոդվածըՏիխանովսկայա․ Հարկավոր է բուժել հիվանդությունը, այլ ոչ թե դրա ախտանշանները