‘QUEEN B. Սկանդալային փաստեր Բեյոնսեի մասին’

1976

Այսօր կոմերցիոն տեսակետից ամենահաջողակ արտիստուհին՝ Բեյոնսե Նոուլզը, դարձավ 33 տարեկան: Մեցո-սոպրանոյի ավելի քան երեք օկտավա ձայնածավալով երգչուհին արդեն հասցրել է երաժշտական աշխարհի պատմության մեջ մտնել իր տաղանդի շնորհիվ, ինչպես նաև հայտնվել ամսագրերի աշխարհիկ բամբասանքների էջերում՝ իր կարիերային ուղեկցող մշտական սկանդալների պատճառով: Սակայն այդ սկանդալներից ոչ մեկը ազդեցություն չի թողել երգչուհու անթերի կերպարի վրա:

Պլագիատի գործը

«Լավ նկարիչները կրկնօրինակում են, մեծ նկարիչները գողանում են».  իր ստեղծագործական ճանապարհին այսօրվա հոբելյարը մեկ անգամ չէ, որ առաջնորդվել է Պաբլո Պիկասոյի  այս ասույթով: Նա գրեթե ռեկորդ է սահմանել իր հասցեին գրագողության մեղադրանքների թվով: Այսպես, Բեյոնսեի  հերթական՝ «Countdown» հիթի թողարկումից անմիջապես հետո  մամուլում լուրեր հայտնվեցին, թե նա գրագողություն է կատարել բելգիացի պարուսույց Աննա Թերեզա դե Քեերսմաքերից: Արդյունքում՝ Բեյոնսեն ստիպված եղավ խոստովանել, որ շարժումներն իսկապես էլ փոխառել է «Rosas danst Rosas» տեսաերիզից, բայց դա եղել է իր ոգեշնչման աղբյուրներից ընդամենը մեկը:

Մինչդեռ «Run the world» երգի բեմադրության համար երգչուհին հազիվ թե տարբեր աղբյուրներից էր ոգեշնչվել. իրականում նրա ելույթը իտալացի պարուհի Լորելլա Կուկարինիի համարի ճշգրիտ կրկնությունն էր, և դա դժվար չէ հասկանալ միանգամից:

Ո՞վ է գրել այս երգը

Բեյոնսեն հաճախ է մոռանում, թե ով է իր երգացանկի երգերի հեղինակը: «Աղջնակի հիշողություն է»՝ լրագրողների առաջ ստիպված է լինում արդարանալ աստղը, երբ նրա սուտը բռնվում է: Մի անգամ նա նույնիսկ որոշել էր լրիվ վերաշարադրել պատմությունը՝ հարցազրույցում ասել էր, թե իր երգերը կատարելիս կարծես կրկին վերապրում է իր կյանքի պահերը, չէ՞ որ դրանց բառերն անձամբ ինքն է գրում: Որպես օրինակ՝ նա բերել էր «Emotions» երգի օրինակը: Հարցազրույցը վարողն ստիպված էր նրբանկատորեն հիշեցնել տիկին Նոուլզին, որ դա Bee Gees խմբի հիթի տարբերակն է: Բեյոնսեն շտապել էր ներողություն խնդրել և ասել, որ պարզապես շփոթել էր:

Երգել ֆոնոգրամայի տակ

2013 թ. Բեյոնսեին վստահվել էր պատվավոր մի առաքելություն՝ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը կատարել ԱՄՆ հիմնը: Թվում էր՝ ամեն ինչ հրաշալի է անցել, սակայն շուտով մամուլում մեղադրանքներ հայտնվեցին, թե նա երգել է ֆոնոգրամայի տակ: Բեյոնսեի պետքն էլ չէր. «Ես ժամանակ չունեի նվագախմբի հետ փորձերի համար, ես ինձ լավ չէի զգում և չէի ուզում ռիսկի դիմել, դրա համար էլ երգեցի նախապես ձայնագրված ժապավենի ուղեկցությամբ , դա սովորական պրակտիկա է»:

Բռնակալ հայր

Դստերն աստղ դարձնելու մարմաջով՝ Մեթյու Նոուլզը երբեմն անցնում էր բանականության սահմանները: Որպեսզի Բեյոնսեն կարողանա միաժամանակ երգել ու պարել, նա դստերն ստիպում էր օրական վազել 5 կմ՝ այդ ընթացքում կատարելով իր երգացանկի երգերը: 2011 թ., արդեն լինելով իր ժամանակի ամենահաջողակ երգչուհիներից մեկը, աղջիկը հորն ազատեց իր մենեջերի պաշտոնից: Պաշտոնական պատճառն այն էր, որ Մեթյուն ժամանակ առ ժամանակ բավական խոշոր գումարներ էր գողանում դստեր հոնորարներից:

Պլաստիկ վիրաբուժություն

Բեյոնսեն ինքը երբեք չի հաստատել, որ իր արտաքինը ենթարկվել է որևէ վիրահատական միջամտության: Սակայն պրոֆեսիոնալ վիրաբույժները, ովքեր խոշորացույցի տակ հաճույքով հետազոտում են նշանավոր անձանց լուսանկարները, բազմիցս ենթադրել են, որ նա, այնուամենայնիվ, դիմել է վիրաբույժների օգնությանը: Մասնագետների կարծիքով՝ երգչուհին փոխել է քթի ձևը, մեծացրել վերին շրթունքի ծավալը, կրծքի իմպլանտներ է դրել և լիպոսակցիա է արել: Բացի այդ՝ շատերը նշում են, որ հիմա նրա մաշկի գույնը շատ ավելի բաց է, քան կարիերայի սկզբում էր:

Կորպորատիվ՝ բռնապետի մոտ

Ամանորյա և Ծննդյան տոները նաև համաշխարհային աստղերի փող վաստակելու թեժ շրջանն են: Այսպես, 2010 թ. նախօրեին Բեյոնսեն ընդունել էր Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիի որդու կազմակերպած երեկույթում ելույթ ունենալու առաջարկը: Հոնորարը կազմում էր 2 միլիոն դոլար: Երբ այդ փաստը հրապարակվեց սկանդալային Wikileaks կայքում, երգչուհին անմիջապես համարժեք գումար փոխանցեց բարեգործական հիմնադրամին՝ հայտարարելով, որ չի էլ իմացել, թե ով է եղել իր ելույթի պատվիրատուն:

Որտեղի՞ց են հայտնվում երեխաները

Թերևս՝ Բեյոնսեին բաժին ընկած ամենագլխավոր սկանդալը կապված է նրա դստեր՝ Բլյու Այվիի ծննդյան հետ: Իր հղիության մասին աստղը հանդիսավոր կերպով հայտարարել էր 2011 թ. օգոստոսին  MTV Video Music Awards-ի արարողության ժամանակ: Իսկ դրանից մի քանի շաբաթ անց նա հարցազրույց էր տվել ավստրալական ալիքներից մեկին: Ու հենց այդ ժամանակ էլ անհարմար բան էր ստացվել. երբ երգչուհին նստել էր բազմոցին, նրա փորը տարօրինակ կերպով լխկել էր ու անբանական տեսք ընդունել: Քարտեր-Նոուլզների ընտանիքին անմիջապես կակածել էին փոխնակ մայր վարձելու մեջ: Թերահավատներին չէր համոզել նույնիսկ այն, որ Բեյոնսեն լողափին չէր թաքնվել պապարացիներից՝ հպարտորեն ի ցույց դնելով փորիկը:

 

Սե՞ր, թե՞ փիառ

Մամուլում մշտական հրապարակումների ևս մի առիթ են Բեյոնսեի հարաբերությունները ռեփ երգիչ ամուսնու՝ Ջեյ Զիի հետ: Զույգը մեկ բաժանվում է, մեկ կրկին միանում, մեկ նորից բաժանվում, մեկ հրապարակային հաշտության ցույցեր կազմակերպում: Վերջին շրջանում ԶԼՄ-ներում ավելի ու ավելի հաճախ են տեղեկություններ հայտնվում այն մասին, թե զույգի վեցամյա ամուսնությունը ճաք է տվել, և նրանց միասին է պահում միայն On the run համատեղ տուրնեն: Ժամանակը ցույց կտա՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ:

Տարիքը

Որոշ ժամանակ թերահավատները կասկածի տակ էին առնում Բեյոնսեի տաիրքը: Բանն այն է, որ հայտնվել էր Հյուսթոնի բժշկական կենտրոնի ոմն աշխատակից, ով ԶԼՄ-ներին հաճույքով տրամադրել էր Բեյոնսեի բժշկական քարտը, և այնտեղ նշված էր, որ նա ծնվել է 1974 թ. սեպտեմբերի 4-ին: Մինչդեռ պաշտոնական տվյալներով՝ որպես ծննդյան թիվ՝ նշվում է 1981 թվականը:

Դերասանական կարիերա

Թվում է՝ երգչուհին հասել է իր կարիերայի բոլոր հնարավոր բարձունքներին, սակայն նա դեռ չիրականացած երազանքներ ունի: Բեյոնսեի բախտը ոչ մի կերպ չի բերում դերասանական արհեստի մեջ: «Օսթին Փաուերս», «Պայքար գայթակղությունների դեմ», «Վարդագույն հովազ»՝ երգչուհու մասնակցությամբ ոչ մի ֆիլմ հաջողության չի հասել: «Օսկարի» միակ հույսը Բեյոնսեն կապում էր «Երազանքի աղջիկներ» ֆիլմի հետ, այն էլ՝ «Լավագույն երգ» անվանակարգում: Սակայն այստեղ էլ նա նույնիսկ նոմինանտների ցուցակում չհայտնվեց: 

Նախորդ հոդվածը‘Հնդկուհին ամուսնացել է շան հետ’
Հաջորդ հոդվածը‘Ականի պայթյունից սպա է վիրավորվել’