‘ReAnimania V միջազգային փառատոնը կբացի «Իմ մայրիկն Ամերիկայում է և հանդիպել է Բաֆֆալո Բիլին» ֆիլմը’

908

«Իմ մայրիկն Ամերիկայում է և հանդիպել է Բաֆֆալո Բիլին» ֆիլմը կբացի ReAnimania անիմացիոն ֆիլմերի V միջազգային փառատոնը: Մարկ Բորեալի և Տիբու Շատելի ֆիլմը ժյուրիի հատուկ  հիշատակության է արժանացել Անսիի փառատոնում /Ֆրանսիա/: Ֆիլմի երևանյան ցուցադրությունը պրեմիերա կլինի հետխորհրդային տարածքում:

ReAnimania-ն կմեկնարկի Երևանում հոկտեմբերի 26-ին: Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ պատմել է փառատոնի նախագահ Վրեժ Քասունին, ստացվել է 500 հայտ աշխարհի 70 երկրից, որից մրցութային ծրագրում ներառվել է 212 ֆիլմ: Այս տարի փառատոնը չի փոխի իր ավանդույթը և հանդիսատեսին կներկայացնի հետաքրքիր ու հագեցած ծրագիր: Մասնավորապես` «Երևանյան պրեմիերան» կներկայացնի Առնաբ Չաուդհուրի «Արջուն.ռազմիկ արքայազնը», Լոռեն Բոուլուի «Հաստատված է որդեգրման համար», Օտտո Գուերայի «Մինչ Աբորնիան կբաժանի մեզ», Բիլ Փլիմփթոնի «Դավաճանություն», Լուիս Բոլոնեզի «Ռիո 2096. սիրո և ցասման պատմություն» ֆիլմերը:

Անիմացիայի սիրահարներին սպասում է նաև բացօթյա ցուցադրությունը Սիրահարների այգում: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան վարպետության դասեր, հետահայաց ցուցադրություններ: Բացի այդ, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Անսիի /Ֆրանսիա/, Շտուտգարդի /Գերմանիա/, Բեյրութի /Լիբանան/ անիմացիոն փառատոնների ծրագրերը: Փառատոնը կավարտվի նոյեմբերի 1-ին:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Եկել է արկածախնդիրներից ազատվելու ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘Կարմիրներն ընդդեմ դեղինների. Լֆիկականները անթույլատրելի «հնարք» են կիրառել’