‘
Իսպանական արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի (RFEF) ժամանակավոր պաշտոնակատար Խուան Լուիս Լարեան խոսել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պիկեն և «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը վիճել են քաղաքական հողի վրա:
Ֆուտբոլիստները վիճել են Կատալոնիայի անկախության հարցով, ինչի պատճառով նրանց հարաբերությունները վերջնականապես փչացել են: Հաղորդվում է, որ Ռամոսը Պիկեին մեղադրել է հավաքականում իրավիճակի ապակայունացման մեջ:
Իսպանիայի հավաքականը, հիշեցնենք, պատրաստվում է Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Ալբանիայի և Իսրայելի հետ խաղերին: Երեկ Մադրիդում կայացած մարզման ժամանակ երկրպագուները սուլել են Պիկեին՝ Կատալոնիայի անկախացմանն աջակցելու համար:
«Պիկեն չի հեռանա Իսպանիայի հավաքականի ճամբարից: Եթե նա վնասվածք չստանա, ապա կմնա թիմի հետ: Հավաքականում մթնոլորտը բոլորովին էլ լարված չէ: Այդ մասին ես կարդացել եմ մամուլում, բայց դա այդպես չէ: Պիկեի և Ռամոսի միջև հարաբերություններն այնպես են, ինչպես՝ միշտ, նրանց միջև որևէ խնդիր չկա»,- ֆունկցիոների խոսքերն է փոխանցում «AS» -ը:
‘