‘RT-ի հաղորդավարուհին Ղրիմի պատճառով ուղիղ եթերում հրաժարվել է աշխատանքից’

1192

Ռուսաստանի պետական RT հեռուստատեսության հաղորդավարուհի, ամերիկուհի Լիզ Ուոլը ուղիղ եթերում հայտարարել է, որ դուրս է գալիս աշխատանքից՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով: Վաշինգտոնում RT-ի թղթակից Ուոլը հայտարարել է, որ « այլևս չի կարող լինել մի ընկերության անդամ, որը ֆինանսավորվում է ռուսաստանյան կառավարության կողմից և արդարացնում Պուտինի գործողությունները»: «Ես հպարտ եմ, որ ամերիկացի եմ, և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է: Հենց այդ պատճառով էլ այս թողարկումից հետո ես հեռանում եմ»,- ասել է լրագրողուհին:

Նախորդ օրը RT-ի ևս մի հաղորդավարուհի՝ կրկին ամերիկուհի Էբբի Մարտինը, դատապարտել էր ռուսաստանյան զորքերի մուտքը Ղրիմ՝ դա անվանելով ռազմական օկուպացիա: Հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը լրագրողուհուն անվանել էր ամերիկյան քարոզչության զոհ:

Անգլիալեզու RT (Russia Today) հեռուստատեսությունն ստեղծվել է 2005 թ. արտասահմանում ռուսաստանյան իշխանությունների դիրքորոշումը պաշտպանելու և քարոզելու նպատակով: Արևմտյան ԶԼՄ-ները բազմիցս քննադատել են RT-ն՝ հակաարևմտյան հռետորաբանության և քարոզչության համար: Դա, մասնավորապես, վերաբերել է նաև Ուկրաինայի դեպքերի լուսաբանմանը: Հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Անատոլի Սերդյուկովը համաներմամբ ազատվել է պատասխանատվությունից’
Հաջորդ հոդվածը‘ԱԽՔ-ը տնտեսա-քաղաքագիտական վերլուծություններ է անում’