‘
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Սինգֆիլդի գավաթի խաղարկությունը, որի շրջանակներում մրցում էին աշխարհի ուժեղագույն շախմատիստները, այդ թվում՝ Լևոն Արոնյանը։
Վերջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վեսելին Թոփալովի հետ։ Խաղաղ հաշվով ավարտեցին իրենց պայքարը նաև Սվիդլեր-Անանդ, Սո-Լագրավ զույգերը, իսկ Նակամուրան և Կարուանան հաղթանակ տարան համապատասխանաբար Դինի և Գիրիի նկատմամբ։
Վերջին տուրի արդյունքներով 5․5 միավորով 1-ին հորիզոնականում Ուեսլի Սոն է, Անանդը, Արոնյանը, Կարուանան և Թոփալովը վաստակել են 5-ական միավոր։ Ըստ լրացուցիչ միավորների, երկրորդն Անանդն է, իսկ երրորդը՝ Արոնյանը։
Հիշեցնենք, որ Սինգֆիլդի գավաթն ընդգրկված է «Grand Chess Tour» մրցաշարքում, որի շրջանակներում այս տարի անցկացվում է 4 մրցաշար։ Դրանցից երկուսը` Փարիզի և Լյովենի մրցաշարերը, կայացել էին ավելի վաղ, իսկ մրցաշարքի վերջին` Լոնդոնի փուլը, տեղի կունենա դեկտեմբերին:
‘