‘SkyNews-ի թղթակցի գործողությունները աղետի վայրում քննադատության ալիք են բարձրացրել’

707

Բրիտանական SkyNews հեռուստաալիքը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ իր ֆոտոլրագրող Քոլին Բրեյզերն ուղիղ եթերում սկսել է քրքրել Դոնեցկի մերձակայքում աղետի ենթարկված «Բոինգի» ուղևորներից մեկի անձնական իրերը:

«Մեր թղթակից Քոլին Բրեյզերը ռեպորտաժ էր վարում ինքնաթիռի կործանման վայրից և հեռուստադիտողներին ցուցադրել է  ինքնաթիռի ուղևորներից մեկի ճամպրուկը: Քոլինն անմիջապես գլխի է ընկել, որ սխալ է վարվում, և այդ մասին ասել է ուղիղ եթերում: Թե՛ Քոլինը և թե՛ SkyNews-ը խորապես զղջում են»,- հեռուստատեսության ներկայացուցչի խոսքն է մեջբերում The Guardian-ը:

Ֆոտոլրագրողը տեսախցիկի առաջ բանալին հանում է ճամպրուկի վրայից և ցույց տալիս ատամի խոզանակ, ինչից հետա ասում է. «Կարծում եմ՝ մենք սա չպետք է անենք»:

Այդ և նման կադրերը հեռուստադիտողների , ինտերնետ օգտատերերի և մեդիահանրության բուռն քննադատությանն են արժանացել: ԶԼՄ-ների բնագավառում փորձագետ Ջո Ուոթսոնը ֆոտոլրագրողի գործողություններն անվանել է «լրագրության համար սարսափելի պահ»,  իսկ BBC-ի լրագրողները հայտարարել են, որ զոհվածների բոլոր իրերը սրբություն են նրանց հարազատների համար, մինչդեռ ֆոտոթղթակցի արածը «պարզապես նողկալի է»: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մալայզիական «Բոինգի» աղետի վայրում հայտնաբերվել է 251 դիակ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի Հաքյարի նահանգում պարետային ժամ է մտցվել’