‘SMS ուղարկելը դարձել է վիճաբանության պատճառ, ինչն ավարտվել է դանակահարությամբ. Քրգործ ՔԿ-ում’

905

Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Վրեժ Ոսկերչյանի առողջությանը` դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեի հաղորդագրությունում ասվում է, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Լոռու մարզի բնակիչ Ն.Աբրահամյանը 2014 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 22:08-ին, կարճ հաղորդագրություն է ուղարկել Սպիտակ քաղաքի բնակիչ, գործով տուժող Վրեժ Ոսկերչյանի քրոջ հեռախոսահամարին։ Հարցը պարզաբանելու նպատակով նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի «999» չգործող խանութի մոտ, Վրեժ Ոսկերչյանն ընկերների հետ հանդիպել է Ն.Աբրահամյանի, նրա ընկերների եւ եղբայրների հետ, նրանց թվում է եղել նաեւ  գործով մեղադրյալ Գ.Ղազարյանը։ Հաղորդագրություն ուղարկելու հարցը պարզաբանելու ընթացքում Վ.Ոսկերչյանը ձեռքով մեկական հարված է հասցրել Ն.Աբրահամյանի և Գ.Ղազարյանի դեմքին, որից հետո  նրանք փոխադարձաբար հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում Գ.Ղազարյանն իր մոտ պահվող դանակով հարվածել է Վրեժ Ոսկերչյանի կրծքավանդակի ձախից առաջային մակերեսին, առաջացրել ծակած-կտրած թափանցող վնասվածք` դիտավորությամբ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գ.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է  նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Նախորդ հոդվածը‘Հայացք Մոսկվայից. Արևմուտքի և Ռուսաստանի միջև սառը պատերազմում փոքր երկրները պետք է առավելագույնս չեզոքություն պահպանեն’
Հաջորդ հոդվածը‘Պույոլը հանդիպման ժամանակ կարգի էր հրավիրում երիտասարդ թիմակցին (շարժանկար)’