‘STOP. «Ամոթ, ամոթ» վանկարկումներով Երեւանում դիմավորեցին Ահմեդ Դավութօղլուին (Ֆոտոշարք)’

1161

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն քիչ առաջ ժամանեց Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց հետնամուտքից: Հյուրանոցի առջև ցուցարարները պահանջատիրական վանկարկումներ ու հայրենասիրական երգեր են հնչեցնում, ինչպես նաև վանկարկում «Ամոթ, ամոթ»: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Երևանի կառույցի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը նշեց, որ իրենք պահանջում են Թուրքիայից՝ դադարեցնել Հայաստանի հանդեպ ապօրինի գործողությունները:

Ցույցը կազմակերպել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները, «Ժառանգություն» կուսակցության երիտթևը: Միեւնույն ժամանակ՝ ցուցարարները տարբեր գրություններով պաստառներ են պարզել. «STOP ցեղասպանությանը», «STOP ուրացմանը», «Ո՛չ նախապայմաններին», «Դատապարտու՛մ, Ճանաչու՛մ, հատուցու՛մ» կարգախոսներով: Հյուրանոցի մուտքի մոտ նետված են թղթի վրա պատկերված թուրքական դրոշներ: Ցույցի մասնակիցները «Ամոթ» վանկարկումներով նշում են, որ Թուրքիայի պաշտոնյաները միշտ էլ հետնամուտքով են մուտք գործելու այս կամ այն շենքը, որովհետեւ ի վիճակի չեն բաց աչքերով ու պարզ ճակատով նայել իրենց պատմությանն ու անցյալին:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին  Երևանում մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ավարտ եւ նոր սկիզբ ‘
Հաջորդ հոդվածը‘Երեկվա գրոհից հետո Մայդանը ևս մի գիշեր անցկացրեց’