‘
Մեկնարկում է Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված System of a Down խմբի համաշխարհային շրջագայությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով «Los Angeles Daily News» պարբերականին, «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը կմեկնարկի ապրիլի 6-ին՝ Կալիֆորնիայում կայանալիք համերգով և կներառի համերգներ աշխարհի 14 բեմերում՝ այդ թվում նաեւ Երեւանում:
Ինչպես նշում է պարբերականը, այս համերգաշարը մեծ նվեր է խմբի երկրպագուների համար՝ 2005թ. SOAD-ի վերջին ալբոմի լույս ընծայումից ի վեր: Սակայն այն նվիրված է լինելու համաշխարհային հանրությանը Հայոց ցեղասպանության վրա ուշադրություն հրավիրելուն: «Մեզ համար` որպես ամերիկահայերի, որոնց ընտանիքները անմիջական կապ ունեն այս խնդրի հետ, կարևոր է ոչ միայն իրազեկել մարդկանց, այլ նաև պահանջել արդարության վերականգնումը: Սա ցավ է, որը շարունակում է առկա մնալ», -ասել է խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը: Նա նշել է, որ խումբը ցանկանում էր շրջագայության մեջ ներառել նաեւ Թուրքիան, որտեղ իրենք երբեք դեռ ելույթ չէին ունեցել, սակայն իրենց մերժել են:
‘