‘System of a down’

1706

Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ դժվարանում են հասկանալ՝ արդյո՞ք ռեժիմը ուժեղ է, թե թույլ, արդյո՞ք հնարավոր է հիմա փոխել դա, թե բավականին ժամանակ է պետք, արդյո՞ք իշխանությունների մեջ կա որևէ մեկը, ով մտածում է պետության մասին կամ արդյո՞ք իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր պատրաստ են հանուն պետականության հրաժարվել իրենց բարեկեցությունից, կամ՝ ինչպիսի՞ իրավիճակ պետք է ստեղծվի, որ Սերժ Սարգսյանը վերջապես հասկանա, որ այսպես շարունակվելու և վարկաբեկված մարդկանց վրա հիմնվել շարունակելու դեպքում կկորցնենք մեր երկիրը: Ահա այսպիսի բազմաթիվ ու բազմապիսի հարցեր:

Ճիշտն ասած, ես էլ եմ շատ մտածել սրա մասին՝ մինչև որ ընկերներիցս մեկը տվեց  ինձ հետաքրքրող հարցերի պատասխանը:

Հայաստանում ստեղծվել է մի համակարգ, երբ յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար մտածում է միայն ինքն իր մասին և տվյալ գերատեսչությունը ծառայեցնում իր շահերին: Այդ շահերը կարող են լինել քաղաքական, բիզնես կամ վերահսկողությունների ոլորտի շահեր, սակայն, ցանկացած գերատեսչության ղեկավար մտածում է միայն, թե ինչպես անի, որ ինքն ավելի ազդեցիկ դառնա իշխանության բուրգում: Իր այդ շահի համար նա կարող է ինֆորմացիոն հոսքեր կազմակերպել կողքի գերատեսչության ուղղությամբ, կարող է կաշառված լրատվամիջոցներին պատվիրել հոդվածներ, նույնիսկ ընդդիմադիր ձևանալ, միայն թե Սերժ Սարգսյանի մոտ ավելի ազդեցություն ունեցող երևա, քան՝ կողքինները:

Կապ չունի, թե որ նախարարության ղեկավարն է՝ Սփյուռքի՞, թե ներքին գործերի, Հրանուշ Հակոբյա՞նը, թե Շարմազանովը. նրանց համար կարևորն իրենց «հզորության» ցուցադրումն է շեֆին և այն, թե իրենք ինչեր են պատրաստ անել հանուն Սերժ Սարգսյանի, թե ինչպես են իրենք իրենց վստահված ոլորտը ծառայեցնում նրան:

Ըստ այդմ էլ՝ Սերժ Սարգսյանը գնահատում է իր ենթակաների աշխատանքը և սրան կամ նրան առաջխաղացման ենթարկում:

Սերժ Սարգսյանի համար որևէ նշանակություն չունի, թե, ենթադրենք, ԱԳՆ-ն ինչպիսի բացթողումներ է ունեցել արտաքին հարաբերություններում կամ ՊՆ-ն ինչ հաջողություններ է ունեցել պաշտպանության ոլորտում: Նրա համար կարևոր հարցը մեկն է՝ դրանից իր իշխանության դիրքերն ամրացե՞լ են, թե թուլացել:

Եթե նույնիսկ անվտանգության ոլորտում ունեցել ենք ձախողում և Սաֆարովին էքստրադիցիայի ենք ենթարկել, Սերժ Սարգսյանը դա չի գնահատում որպես բացասական իրադարձություն, եթե այդ դեպքով նա կարողացել է Արևմուտքում ավելի ժողովրդավար երևալ, քան Ալիևը, և դրանով իսկ՝ երկարաձգել իր իշխանությունը:

Սա վերաբերում է բոլոր գործարքներին. «երկրի ղեկավարը» հարցերին նայում է ոչ թե պետության շահերից, այլ՝ իր անձնական շահերից: Եթե  Հայաստանը Որոտանի կասկադը կամ Հայռուսգազարդը հանձնել է մեկ այլ պետության, Սերժ Սարգսյանի համար այդ պարագայում կարևորն այն է՝ ինքն այդտեղ շահ ունի՞, թե՝  ոչ: Իսկ պետության շահը նրա համար հազարերորդական է: Իհարկե, հազվադեպ պատահում է, երբ ՀՀ իշխանությունների շահը համընկնում է պետության շահին, սակայն, քանի որ այդպիսի երևույթները համակարգված չեն, կրկին վերջնարդյունքում չեն ծառայում պետականությանը:

Այս սիստեմը կիրառվում է նաև իշխանության ներքին օղակներում. եթե որևէ մեկի դիրքերի հաստատման համար անհրաժեշտ է, որ կործանվի կրթական սիստեմը, նա կարող է մի ստատուս գրել կամ դասախոսներին ուղարկել թռուցիկներ գողանալու, կամ՝ գիտությունների թեկնածուի աստիճան շնորհել այս կամ այն չինովնիկին, միայն թե դրանով ապահովի իր դիրքերը իշխանական բուրգում, ու կարևոր չէ, որ այդ քայլով նա քանդում է ամբողջ կրթական համակարքի հիմքերը:

Սա, իհարկե, պատրանք է ստեղծում, որ համակարգն «անթերի» է գործում և «ուժեղ» է, սակայն՝ ուժեղ է միայն տեղային և կարճաժամկետ հարցեր լուծելու դեպքում, իսկ պետականության համակարգված գործունեության տեսանկյունից՝ ամենաթույլն է հետսովետական երկրներում:

Այս համակարգը կարելի է կոչել «խորտակման համակարգ», երբ անխտիր բոլոր գերատեսչությունները երկիրը տանում են ներքև, և ցանկացած մեկի անիվը համակարգի անվին դեմ գնալու դեպքում՝ մեկը մյուսին աղում է:

Բայց այստեղ հուսադրողն այն է, որ իշխանական համակարգում չկա ընդհանուր աշխատանքի մեխանիզմ, և ամեն մեկն աշխատում է իր շահի համար: Հետեւաբար, ժողովրդական ալիքի բարձրացման դեպքում, եթե բուրժուազիան, այս ամենը հասկանալով, միանա այդ ալիքին, և տեղի ունենա բուրժուադեմոկրատական հեղափոխություն, իշխանական համակարգում ամեն մեկը՝ իր շահից ելնելով, առաջինը կփախչի խորտակվող նավից և կփորձի պատմել, թե որքան «վատն» էր մյուս գերատեսչության ղեկավարը: Դրանով իսկ կապահովեն նաեւ համապատասխան «ցուցմունքները»՝ հանցագործներին պատժելու և պետական բյուջեն վերականգնելու ուղղությամբ:

Միսակ Մարտինյան

 

Նախորդ հոդվածը‘100 սպանված Կիեւում ՝ 1 օրվա ընթացքում. CNN ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱՎ. Նյարդահոգեբուժական հաստատություններում 2010-ից ի վեր գրանցվել է 145 մահ’