Ֆրանսիան, Չինաստանը և Ռուսաստանը կորցրին Բեռլինը

141

Telegraph թերթի կարծիքով՝ այս պահին ամենագլխավոր միջազգային լուրը շարունակում են մնալ ընտրությունները Գերմանիայում, որովհետև դրանց արդյունքները հսկայական նշանակություն ունեն ամբողջ աշխարհաքաղաքականության վրա։

Անգելա Մերկելի հետ, գրում է թերթի վերլուծաբան Մարկ Ալմոնդը, այս ընտրություններում պարտվել են Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը։ Եվ ամենևին էլ կարևոր չէ, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի Գերմանիայի կառավարությունում։ Կարևորը՝ այդ երեք երկրներին այլևս չի հաջողվի իրենց շահերը առաջ մղել Բեռլինի օգնությամբ։

Թեպետ Մերկելը համարվում է աշխարհում ամենաազդեցիկ կինը, գրում է Ալմոնդը, նրա ամբողջ քաղաքականությունը հիմնված էր համաշխարհային հանրության ձեռքերը ոլորելու հմտության վրա։ Նրա միջոցով էր իր մերձավոր դաշնակից Էմանյուել Մակրոնը Եվրամիության շրջանակներում ստանում, բառիս բուն իմաստով այն ամենը, ինչ ուզում էր։ Իսկ միջազգային ասպարեզում Մերկելը միշտ բիզնես շահերը վեր էր դասում սկզբունքներից։ Ճիշտ բաներ ասելով մարդու իրավունքների մասին՝ նա տեղնուտեղը Բրյուսելում Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու լոբբինգ էր անում և Մակրոնի հետ միասին առաջ էր մղում ներդրումային գործարքը Չինաստանի հետ։

Առանց Մերկելի՝ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից  եվրոպական ռազմավարական անկախության հասնելու վերաբերյալ Մակրոնի երազանքն այդպես էլ երազանք կմնա։ Եվրամիությանն անխուսափելի ցնցում է սպասվում, որովհետև նախկին Բեռլին-Փարիզ առանցքի փոխարեն՝ հայտնվելու է մի նոր առանցք, իսկ այդ նոր ուժը, ամենայն հավանականությամբ, կստանա ԱՄՆ-ի և Բրիտանիայի աջակցությունը, որոնց հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ ավելի վատ լինել չեն կարող։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲայդենը պատվաստանյութի երրորդ ներարկումն է ստացել
Հաջորդ հոդվածըԱԱ․ Հայաստանը հաղթեց Ֆրանսիային, ոչ ոքի խաղաց Ադրբեջանի հետ