Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին արժանացավ 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի The Best մրցանակին։
ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին Մեսսին արժանացել էր նաեւ 2009 եւ 2019 թվականներին։ Նա նաեւ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր է։
ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունն այժմ ընթացավ Փարիզում։
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում էին նաեւ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ու Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։
Լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակին արժանացավ Ալեքսյա Պուտելյասը («Բարսելոնա», Իսպանիա)։ Մրցանակին հավակնում էին նաեւ Բեթ Միդը («Արսենալ», Անգլիա) եւ Ալեքս Մորգանը («Սան Դիեգո Ուեյվ», ԱՄՆ)։