‘
«Պարի Սեն Ժերմենի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հուլիսի սկզբին կդառնան «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ։ Այս մասին գրում է բրիտանական «The Guardian» պարբերականը։
Հենրիխ Մխիթարյանի համար «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է վճարել 30 մլն ֆունտ սթերլինգ։ «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն խոստովանել է, որ չի հաջողվել հաջողության հասնել Մխիթարյանի պայմանագիրը երկարաձգելու բանակցություններում, սակայն ցանկանում են՝ ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան անցկացնի Դորտմունդում։ Իր հերթին Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է նաև Զլատան Իբրահիմովիչի շահերը, հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստը շատ է ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», և ինքը գործը կհասցնի հաջող ավարտին։ Վերոնշյալ պարբերականը գրում է, Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքելու 4 կամ 5 տարվա պայմանագիր։
Ուշագրավ է, որ «Բորուսսիայի» ղեկավարությունն արդեն սկսել է նոր կիսապաշտպանի փնտրտուքները։ Լևերկուզենի «Բայերի» սպորտային տնօրեն Ռուդի Ֆյոլլերը տեղեկացրել է, որ «Բորուսսիան» իրենց պաշտոնական առաջարկ է ներկայացրել Կարիմ Բելարաբիի տրանսֆերը գնելու համար, սակայն մերժվել է։ «Բորուսսիայում» դիտարկում են նաև «Բավարիայից» Մարիո Գյոտցեին հետ վերադարձնելու և «Վոլֆսբուրգից» Անդրե Շյուրլեի տրանսֆերը գնելու տարբերակները։
Իրավիճակը շատ ավելի դյուրին է Զլատան Իբրահիմովիչի հարցում։ «Պարի Սեն Ժերմենի» հետ պայմանագրի ավարտից հետո Զլատանը ձեռք է բերել ազատ գործակալի կարգավիճակ և արդեն համաձայնեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի կետերը։ 34-ամյա ֆուտբոլիստը 1 տարվա պայմանագիր կկնքի և շաբաթական 220 հազար ֆունտ աշխատավարձ կստանա։
‘