‘
Թարգմանաբար ներկայացնում ենք The Sunday Times-ի հրապարակումը «Մանչեսթր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ույեն Ռունիի մասին: Ֆուտբոլիստը պատմում է «Օլդ Թրաֆորդում» անցկացրած 10 տարիների, իր խաղընկերների, մարզիչների ու ֆուտբոլի մասին:
Նա նստած է այստեղ` հենված իր մկանոտ ձեռքերի վրա, հագին Մայք Թայսոնի նկարով վերնաշապիկ է, խոհուն է և ուշադիր:
Մենք արդեն հանդիպել ենք նրան AON մարզաբազայի այս նույն սենյակում դեռ այն ժամանակ, երբ նա և «Մանչեսթր Յունայթեդը» նոր էին ծանոթացել: Այն ժամանակ Ուեյնը շատ պարզ ու հասարակ տղա էր: Հիմա շատ բան է փոխվել նրա կյանքում:
Ֆուտբոլիստը 16 տարեկանում իր նորամուտը նշեց «Էվերթոնի» կազմում և իր առաջին գոլը խփեց «Արսենալի» դարպասը: Մի պատանի, ով կարողանում էր բոլորին ահաբեկել խաղադաշտում Եվրո 2004-ի ժամանակ, փողոցում մեծացած ու հասակ առած մի տղա, ով պիտի գրոհեր Պրեմիեր լիգայի դղյակը:
Ույենը «Յունայթեդի» կազմում առաջին անգամ հանդես եկավ 2004թ.-ի սեպտեմբերի 28-ին` Չեմպիոնների լիգայում: Այդ օրը թիմը «Օլդ Թրաֆորդում» հանդիպում էր թուրքական «Ֆերենբախչեի» հետ: Նորամուտը տպավորիչ էր. ֆուտբոլիստը դարձավ հեթ-տրիքի և գոլային փոխանցման հեղինակ: Այդ օրը նա հպարտորեն էր քայլում՝ հագին կարմիր մարզաշապիկ: Նա ընդամենը 18 տարեկան էր:
Այն, ինչը կատարվեց ավելի ուշ, ուղղակի անմոռանալի է ու անհավանական:Անգլիայի չեմպիոնի 5 տիտղոս,հաղթանակ չեմպիոնների լիգայում, «Մանչեսթր Յունայթեդի» պատմության 3-րդ ռմբարկուն՝ Բոբբի Չարլթոնից և Դենիս Լոուից հետո:
Ռունիի մասին կարծիքները տարբեր են: Օրինակ, մի մասն ասում է, որ նա «Վեսթ Հեմի» դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ և թիմին հաղթանակ պարգևեց, իսկ մյուսները՝ թե ֆուտբոլիստը կարմիր քարտ ստացավ՝թողնելով իր ակումբը վտանգի մեջ:
Իսկ ինչ է ասում ինքը`Ռունին իր ապագայի մասին: Ահա նրան ուղղված հարցը.
—Դուք արդեն սպառե՞լ եք Ձեր ողջ ներուժը:
Ֆուտբոլիստը ժպտում է.
— Ես մինչև հիմա հավատում եմ, որ կարող եմ էլ ավելի լավ ֆուտբոլիստ դառնալ: Հաջորդ 3-ից 5տարիները կլինեն իմ ֆուտբոլային կարիերայի լավագույն ժամանակահատվածը: Դուք կտեսնեք միանգամայն այլ ֆուտբոլիստի: Հանդես գալով «Օլդ Թրաֆորդում» վերջին տասը տարիների ընթացքում` ես անընդհատ այս խաղի մասին նորանոր բաներ եմ բացահայտում:
Ես շարունակում եմ զարգանալ և ֆուտբոլ խաղալ սովորել: Հիմա ես հաստատ գիտեմ, թե ինչպիսի աշխատանք եմ ուզում կատարել խաղադաշտում: Ինձ բավականաչափ երիտասարդ և պատրաստ եմ համարում այդ աշխատանքը կատարելու համար: Հիմա ես հասուն եմ դարձել: Խաղադաշտում ավելի լավ եմ կարդում խաղը: Որոշ դրվագներում շատ կարևոր է օգտագործել այն փորձը, որն ունես:
Երբ ես դեռ երիտասարդ էի, անհիմն կերպով շատ էներգիա էի ծախսում և խաղի վերջին 15 րոպեներին արդեն անասելի հոգնած էի լինում: Ոտքերս նույնպես հոգնում էին և ես կարող էի լավ հնարավորությունները բաց թողնել: Հիմա, նշանակությւն չունի թե որ րոպեին եմ հնարավորություն ստանում. խաղի թե առաջին, թե 90-րդ րոպեին ստացած հնարավորությունը ես պատրաստ եմ օգտագործելու:
Ռունին կշռադատում է ասված ամեն մի խոսքը և հիանալի է հասկանում ասվածի արժեքը: Նա ֆուտբոլի մասին զրույցում անկեղծ է ու անմիջական:
-Ակտիվ գործողությունները պաշտպանությունում այդքան էլ վատ բան չեն, հատկապես, եթե ուզում ես օգնել թիմին: Իհարկե, որոշ դրվագներում ավելի լավ է մնալ մրցակցի կիսադաշտում, որպեսզի թիմն ավելի հեշտ գտնի նոր գրոհներ կազմակերպելու ուղիները: Կարևոր է լավ իմանալ, թե խաղի որ հատվածում ինչպես ես գործելու:
Ես նայում եմ Ալան Շիրերի խփած գոլերի քանակին: Ալանը երբեք չի եղել արագ հարձակվող: Նա ուղղակի շատ լավ հասկանում էր խաղը, խաղադաշտի հիանալի էր տեսնում, գիտեր, թե որտեղ պետք է լինի անհրաժեշտ պահին:
Իր 29-ամյակից հետո Ալանը ավելի քան 150 գոլերի հեղինալ է դարձել:
Հաջորդ տարի Ռունին նույնպես կդառանա 29 տարեկան:
-Նշանակություն չունի, թե որ դիրքում ես հանդես կգամ: Ես հիմա հաստատ գիտեմ, թե որտեղ պետք է գտնվեմ, որպեսզի կարողանամ լավագույն ձևով օգտագործոլ իմ ուժերը:
Մինչ այս պահը թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալըը օգտագործում էր Ռունիին որպես հարձակվող կամ կիսապաշտպան: Իր ամբողջ կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը խաղացել է այն դիրքերում, որտեղ նրան ցանկացել է տեսնել մարզիչը:
-Վան Գալը շատ մանրակրկիտ ուսումնասիրում է մեր բոլոր մրցակիցներին, և խաղեր են լինում, երբ ես պետք է ավելի հետ քաշված խաղամ: Դա ես անում եմ առանց դժվարությունների: Սակայն, ամենակարևորը այն է, որ ես զգում եմ, որ դեռ ունեմ 2-3 տարի, որոնց ընթացքում կարող եմ լավ հանդես գալ հարձակման գծում: Ես գիտեմ, որ ունեմ բոլոր որակներ, որոնք անհրաժեշտ են կիսապաշտպանությունում խաղալու համար, և ես ինձ շատ հարմարավետ եմ զգում այդ դիրքում: Ի դեպ, այդպես ես կարող եմ խաղալ ինչպես հաջորդ խաղին, այնպես էլ 5 տարի անց: Ամեն ինչ որոշում է մարզիչը:
Նա միշտ մտածում է և փորձում է կատարելագործել այն գիտելիքները, որոնք ձեռք է բերել 417 գոլ և 621 գոլային փոխանցում կատարելուց հետո:
Ռիո ֆերդինանդը իր ինքնակենսագրական գրքում Ռունիի մասին գրել է. «Նա շատ գրգռված անձնավորություն է, ով կարող է ջարդել բջջային հեռախոսը` նետելով այն գետնին:»
Ռունին պատասխանում է.
-Այդ ամենն արդեն անցյալում է: Ես ուրիշ որակներ ունեի, երբ դեռ երիտասարդ էի:
Ժպտալով ավելացնում է.
-Ի դեպ,Ռիոն կարող էր անել նույնը. ես մի քանի անգամ ականատես եմ եղել, թե ինչպես է նա ջարդել իր բջջայինը:
Ընտանեկան կյանքը Քոլինի և իր որդիների հետ խաղաղություն և հանգստություն է պաևգևում ֆուտբոլիստին:
-Ես հայտնվեցի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, երբ 16 տարեկան էի: Դա շատ դժվար է ցանկացած ֆուտբոլիստի համար, իսկ 16 տարեկանի համար` առավել ևս: Սակայն, ես որպես անձ և իսկական տղամարդ կայացել եմ իմ ընտանիքում, դա իսկական հաղթանակ է յուրաքանչուր տղամարդու համար:
Գոյություն ունի արդյոք մի արարք, որի համար զղջում է:
-Այո, կա այդպիսի բան: 2010-2011թթ. մրցաշրջանում էր, դա հենց այն պահն էր, երբ ես սկսեցի հայհոյել տեսախցիկի առջև «Վեսթ Հեմին» խփած գոլից հետո: Դա մեծ հիմարություն էր իմ կողմից: Հիմա, երբ իմ ավագ որդին դիտում է խաղերը, ես հասկանում եմ, որ որքան մեծ սխալ եմ գործել: Ֆուտբոլը շատ զգացմունքային խաղ է և երբեմն նյարդերդ տեղի են տալիս: Ես ներողություն եմ խնդրել իմ արարքի համար: Որպես պատիժ՝ստիպված եղա բաց թողնել Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչը:
Հասունանալու մի մաս էլ կազմում է ինքնատիրապետումը: Երբեմն այդ ինքնատիրապետումը չի գործում: Վերջերս Ռունին կարմիր քարտ ստացավ: Մինչ դա նրան կարմիր քարտ էին ցույց տվել 5 տարի առաջ:
-Այո, պատահում էին դրվագներ, որոնք շատ թանկ են նստում ինձ և թիմի վրա: Այդպիսին էր իմ ստացած կարմիր քարտը Աշխարհի առաջնության ժամանակ: Իրականում, դա կիրք չէ: Դա մի պահ է, երբ դուք արձագանքում եք իրադարձությանը, սակայն միյան խաղից հետո ես հասկանում, թե ինչ տեղի ունեցավ:
Կարծում եմ, պետք է միշտ կրքոտ լինել, սակայն այդ կրքի դրսևորումները պետք է միայն ու միայն օգնեն թիմին: Սթիվեն Ջերարդը հենց դրանով է աչքի ընկնում. իր խաղընկերներին մտքեր է փոխանցում ոչ թե գոռալով, այլ խաղի միջոցով:
Ռոյ Քինի մասին նա ասում է անսպասելի մի բան.
— Ես չէի հասկանում, թե ինչպիսի մեծություն է Ռոյը, մինչև չխաղացի նրա հետ նույն թիմում: Նա լավագույն փոխանցումներն էր կատարում՝ գնդակն ասես տեղադրելով հարձակվողի ոտքերի մեջ: Ես կարծում էի, թե նրա լավագույն կողմը դա գնդակի խլումն է, սակայն ես ապշած էի մնում նաև նրա կատարած փոխանցումներից:
Ինչպիսի՞ ավագ է ուզում լինել Ռունին:
-Հաջողակ: Դա առաջնայինն է:
Ռունին ցանկանում է օգտագործել իր հնարավորությունները սոցիալական ցանցերում, որպեսզի օգնի ակումբի երկրպագուներին և թիմին: «Լեսթերից» կրած պարտությունից հետո Ռունին օգտագործեց իր ֆեյսբուքյան էջը (որտեղ նա ունի 25 միլիոն բաժանորդ), որպեսզի պաշտպանի թիմին անհիմն հարձակումներից: Նա գրեց.
«Երբ ես նայում եմ մեր հանդերձարանին, երբ տեսնում եմ մարզչի ուշադրությունը բոլոր մանրուքներին, ապա հասկանում եմ, որ ոչ մի կասկած չունեմ. հաջողության ենք հասնելու»: Մոտավորապես 110.000 մարդ հավանել էր այս գրառումը:
Ռունինհիշում է Սըր Ալեքս Ֆերգյուսոնին, իր խոսքերով` «բոլոր ժամանակների լավագույն մարզչին», սակայն չի մոռանում նշել, որ Լուի վան Գալը նույնպես նրան չափազանց ոգեշնչում է:
-Ինձ համար վան Գալը ուղղակի անհավանական է: Այն, թե ինչպես է նա տեսնում խաղը, ինչպես է քեզ ստիպում զգալ խաղի ժամանակ: Մենք տեսագրում ենք մեր բոլոր մարզումները, հետո դիտում դրանք: Ինձ դուր է գալիս դա: Դժվար է հավատալ, թե ինչքան նոր բան կարող ես իմանալ այդ տեսագրությունները դիտելուց հետո: Ես ոչ մի կասկած չունեմ՝վան Գալը հաջողության է հասնելու:
Ռունին համաձայն է վան Գալի այն մտքի հետ, որ «Յունայթեդըը» կարող է չեմպիոն դառնալ այս մրցաշրջանում:
-«Չելսին» հաջող մեկնարկեց, իսկ մենք մի քանի միավորով ենք զիջում «Սիթիին», «լԼիվերպուլին» և «Արսենալին»: Այսպես արդեն եղել է: Մենք խուճապի չենք մատնվում: Դեռ մրցաշրջանի սկիզբն է:
Թիմի նորեկների համար Ուեյնը հատուկ թիմային ընթրիք էր կազմակերպել, որպեսզի նրանք ավելի հեշտ հարմավեն իրենց նոր ակումբին:
— Հիանալի երեկո էր: Դի Մարիան համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է, և ես շատ ուրախացա, երբ իմացա, որ մեզ հաջողվել է ձեռք բերել նրան: Ֆալկաոն անհավանական ռմբարկու է, նրա ներկայությունը ոգեշնչում է թիմին: Իսկ Բլինդը այն խաղացողն է, ում պակասը միշտ զգացել ենք:
Ուղղակի անհրաժեշտ էր հարցնել` «Ճի՞շտ է, որ «Յունայթեդի» մարզման ժամանակ «Հարձակումը ընդդեմ պաշտպանության» խորագրով հանդիպումներ են խաղացվում:
Ծիծաղում է.
-Այո, ճիշտ է, հարձակումը հիմնականում առավելության է հասնում:
Փետրվարին Ռունին նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ, որը թույլ կտա նրան մնալ «Օլդ Թրաֆորդում» մինչև 2019թ.-ի վերջը: Նա հույս ունի, որ իր նորամուտի 15-ամյակը նույնպես այստեղ կնշի:
-Երբ հիշում եմ բոլոր նրանց, ում հետ բախտ եմ ունեցել խաղալ, հավատս ուղղակի չի գալիս: Բերբատով,Տևես,Ռոնալդո, Վան Նիստլրոյ…Բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ ենք ունեցել, սակայն նրանք հեռացել են ակումբից: Այդպիսինն է ժամանակակից ֆուտբոլը: Ես ուզում եմ մնալ «Յունայթեդում» մինչև կարիերայիս ավարտը: Ես հպարտ եմ, որ այսքան ժամանակ է հանդես եմ գալիս այս ակումբում, հույս ունեմ, որ նորանոր հաջողությունների եմ հասնելու այստեղ: Հաջողություն` սա այն է, ինչն իսկապես նշանակություն ունի:
Իհարկե, հիշում ես բոլոր այն գոլերը, որոնք հեղինակել ես, գոլային փոխանցումները, որ կատարել ես: Սակայն, կարծում եմ, թոշակի անցնելուց 20 տարի հետո հիշողությանս մեջ հավերժ կմնա միայն նվաճածս տիտղոսները:
Ռունին խորհուրդ է տալիս երիտասարդ խաղացողներին.
-Երիտասարդ ֆուտբոլիստներին հնարավորություն է տրվում փոխարինման դուրս գալ վերջին 20 րոպեներին: Թոփ ակումբները միշտ ձգտում են իրենց կազմում տեսնել միայն լավագույն ֆուտբոլիստներին, այդ պատճառով էլ ճնշումը և մրցակցությունը անհավանական բարձր են: Այնպես որ, եթե կա հնարավորություն, ապա պետք է անպայմանորեն օգտագործել այն: Այդպիսին է ժամանականից ֆուտբոլը:
Ռունին օգտագործեց իր հնարավորությունը 10 տարի առաջ:Նրա նորամուտը ֆանտաստիկ էր: Չէ՞ որ հենց երիտասարդ տարիքում սխրագործություններ կատարած ֆուտբոլիստների հետ են առավել մեծ հույսեր կապում:
«Չգիտեմ: Սակայն ձեզ լավ հայտնի է, որ երիտասարդ աստղերի շուրջ միշտ աղմուկ կա: Գիտեք, երեկ թերթ էի կարդում, որտեղ Ժերար Ուլյեն հայտարարել է, որ Ֆրանսիայի հավաքականին միայն մեկ ֆուտբոլիստ է անհրաժեշտ, մեկ նոր սուպերաստղ, ինչպիսինն էր Զիդանը: Ես համաձայն չեմ: Կարծում եմ, որ նրանց թիմ է հարկավոր»:
Ահա այսպիսին է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Ուեյն Ռունին:
‘