‘Todays Zaman. Անցյալի հետ առերեսվելու հարցում Թուրքիան կարող է օրինակ վերցնել Գերմանիայից’

826

Թուրքական Zaman-ի սյունյակագիր Օրհան Քեմալ Ջենգիզն իր «Կարո՞ղ է Գերմանիան Թուրքիայի համար օրինակ ծառայել սեփական անցյալի գազանություների հետ առերեսվելու հարցում» վերնագրված հոդվածում ներկայացնում է իր տպավորությունները հրեական Հոլոքոստից շուրջ 70 տարի անց  իր պատմության այդ ամոթալի էջի հետ առնչվելու՝ գերմանական պետության եւ հասարակության առօրյա ջանքերի վերաբերյալ: Թուրք հոդվածագիրը, շրջանցելով «ցեղասպանություն» եզրը, այդուհանդերձ, ցանկություն է հայտնում հայրենի հասարակությունում նույնպես նման կամք տեսնել՝ առնչվելու Թուրքիայի պատմության՝ հայոց Մեծ Եղեռնին վերաբերող էջերի հետ:

Հոդվածի ազատ թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ.

 

Վերջին օրերին ես Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում էի: Մենք՝ մի քանի լրագրողներով եւ իրավապաշտպաններով, Բեռինի Եվրոպական ակադեմիայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարության աջակցությամբ այստեղ էինք հրավիրվել՝ մասնակցելու «Անցյալի ծանր ժառանգությունը» խորագրով խորհրդաժողովին:

Մենք այստեղ ծանոթանում էինք, թե ինչպես է Գերմանիան բախվել իր խնդրահարույց անցյալի, այդ թվում՝ նացիստների գործած գազանությունների հետ:   

Մինչեւ խորհրդաժողովին մասնակցելը ես որոշակի նախապաշարումներ ունեի նացիստական անցյալի հետ հաշտվելու հարցում Գերմանիայի ունեցած  առաջընթացի կապակցությամբ: Նախ, ես կարծում էի, թե դա ինքնակամ հաշտություն չէ՝ գերմանացիները ստիպված էին անդրադառնալ իրենց անցյալին արտաքին ուժերի ճնշման տակ, որոնք ծնկի էին բերել երկիրը Երկրորդ համաշխարհայինից հետո: Արդ, ինչպե՞ս կարող էին նրանք անցյալի հետ ինքնակամ առնչվելու օրինակ ծառայել մեկ այլ երկրի:  

Ես նաեւ բավական թերահավատ էի այն հարցում, թե նրանք՝ գերմանացիները, իսկապես պայքարում են անցյալի դառը ժառանգությունից ազատվելու համար:

Եթե այդպես է, ապա ինչպե՞ս է, որ մինչ օրս այդքան նեոնացիստներ են ապրում այդ երկրում: Արդյո՞ք մենք ականատեսը չենք Գերմանիայի հատուկ ծառայությունների եւ նեոնացիստների միջեւ համագործակցությանը «քյաբաբային սպանություններ» անունը ստացած՝ մահմեդական ներգաղթյալների պարբերական սպանությունների հարցում:

Անցյալի հետ ինքնակամ առճակատման հարցում, սակայն, ես եկա այն եզրահանգման, որ Գերմանիայի նկատմամբ այս պարագայում փոքր-ինչ անարդար եմ վերաբերվում:

Գուցե նրանք այս գործընթացը սկսել են անվերապահ պարտության հետեւանքով, բայց անհերքելի է, որ գերմանացիները մի նոր աշխարհ են ստեղծել, որը հիմնականում հենված է ոգեկոչման, անցյալի հիշողությունն անընդհատ թարմ պահելու ընթացքի վրա:

Ես շատ տպավորվեցի եւ հուզվեցի այն բանով, ինչ տեսա Գերմանիայի մանկական դպրոցներից մեկի պատի վրա: Դպրոցը գտնվում է Բավարիա երկրամասում: Պատն իրենից բավական նորարարական գաղափար է ներկայացնում, որն ստիպում է անընդհատ հիշել անցյալը: Ամեն տարի ուսուցիչներն իրենց սաներին հանձնարարում են ծանոթանալ այդ շրջանում ժամանակին ապրած եւ նացիստենրի կողմից արտաքսված հրեաների լուսանկարների եւ նրանց կենսագրությունների հետ: Երեխաներին առաջարկվում է զուգահեռներ անցկացնել իրենց կյանքի եւ արտաքսված հրեաներից մեկի կյանքի միջեւ: Երեխաները նույնացնում են իրենց հրեաների հետ եւ, գրելով սեփական անունը աղյուսի վրա՝ հաջորդ դասարան փոխադրվելիս «անվանական» աղյուսը տեղադրում են հուշապատի վրա: Այդպիսով պատն արդեն բավական բարձրացել է: Այս դպրոցն օրինակներից մեկն է միայն, թե ինչպես է հիշողությունը դարձել Գերմանիայի առօրյա կյանքի անբաժան մասնիկը:

Երբ ես տեսա այդ պատը, ես իսկապես ցանկացա, որ մի օր մեր (Թուրքիայի-խմբ.) երեխաները նման բաներով զբաղվեն: Ես պատկերացրեցի, թե ինչպես են ստամբուլցի երեխաները 1915-ի ապրիլի 24-ին իրենց տներից տեղահանված եւ այլեւս չվերադարձած հայ մտավորականների անունները կրող աղյուսներով պատ կառուցում: Ես իսկապես ուզում եմ, որ մոտակա ապագայում Թուրքիայում նման բան կազմակերպվի:

Ես Գերմանիայում անցյալի հետ առերեսվելու հստակ պետական քաղաքականություն տեսա: Թանգարանները, ցուցադրությունները եւ դպրոցական ծրագրերը դրա ապացույցն են: Այդպես, աստիճանաբար, ես սկսեցի հասկանալ, որ Թուրքիան կարող է շատ բան շահել գերմանական փորձից՝ անցյալի հետ առճակատման դժվարին ճանապարհին:

Ծրագրին մասնակցելու ընթացքում ես մշակեղի նաեւ մի շարք նոր գաղափարներ, որոնք, կարծում եմ, բավական օգտավետ կլինեին Թուրքիայի համար: Ես կշարունակեմ կիսվել այս թեմայով իմ կատարած դիտարկումներով:  

 

Նախորդ հոդվածը‘Առանց Մովսիսյանի «Կրասնոդարը» պարտվեց’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնացի գեղասահորդը աշխարհի ռեկորդ է սահմանել’