‘«Tonus construction»-ի բնակարանային խաբեբայության «զոհերը» շարունակում են բողոքել ‘

1023

«Tonus construction» շինարարական ընկերության և Արցախբանկի կողմից իրականացված բնակարանային խաբեբայության զոհերը մտադիր են շաբաթ օրը, նոյեմբերի 16-ին, ժամը 11:00-ին, շարունակել պիկետն Արցախբանկի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Նաիրի» մասնաճյուղի մոտ:

Հիշեցնենք, որ 2006 թվականին մոտ 700 անձ պայմանագիր էր կնքել Tonus construction-ի հետ, որի համաձայն` շինարարական ընկերությունը պետք է Դավիթաշեն և Արաբկիր համայնքներում կառուցեր և 2008 թվականին շահագործման հանձներ բնակելի շենքեր: Հետագայում, տարբեր պատճառներով, երկարաձգվեցին պայմանագրերը: Բազմաբնակարան շենքերը, որոնցում գտնվող բնակարաններն արդեն վաղուց վաճառվել են երրորդ անձանց, ներկա պահին գրավադրված են Արցախբանկում: 6 մլն.դոլարի վարկը Tonus construction-ը մինչ օրս չի վերադարձրել բանկին, և, հետևաբար, շենքը գտնվում է կալանքի ներքո, իսկ գնորդները զրկված են անշարժ գույքը տիրապետելու իրավունքից: Ավելին, Tonus construction ընկերության սեփականատեր Աշոտ Տոնոյանն ավելի վաղ իրեն հայտարարել էր անվճարունակ, ինչպես նաև գնորդներին հայտարարել, որ ոչնչով չի կարող նրանց օգնել, քանի որ Արցախբանկն իրենից վերցրել է բնակարանները: Մինչ այդ  Ա.Տոնոյանը «մասնակիցներից» հավաքել էր լրացուցիչ գումարներ` շենքի ներսի հարդարման աշխատանքների նպատակով:

Ներկա պահին նորակառույցների շինարարությունն ավարտված է 80%-ով, և շենքերը, ինչպես պնդում են սեփականատերերը, լիովին կարող են բնակեցվել, բայց նրանց անգամ շենքին մոտենալ չեն թույլատրում: Այս կապակցությամբ նոյեմբերի 14-ին բանկի վերոնշյալ մասնաճյուղի մոտ խաբված գնորդները կազմակերպեցին հանրահավաք` պահանջելով ազատել իրենց պատկանող բնակարանները գրավադրումից և տրամադրել դրանք օրինական սեփականատերերին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաջողվեց պարզել հանրահավաքի մասնակիցներից, բանկը բնակարանների սեփականատերերին առաջարկում է յուրաքանչյուր քմ մակերեսի համար ավելացնել ևս 300 դոլար` գրավադրումից բնակարանները դուրս բերելու համար: Իսկ սեփականատերերը յուրաքանչյուր քմ համար պատրաստ են ավելացնել միայն 50 դոլար, բայց ոչ` բանկի կողմից առաջարկված 300 դոլարը: Բնակիչները, ովքեր ավելի վաղ յուրաքանչյուր քմ համար արդեն վճարել են 600 դոլար, չեն ցանկանում վճարել նշված գումարը, քանի որ այդ դեպքում մեկ քմ մակերեսի ընդհանուր գինը կկազմի 900 դոլար: Իրենց մերժումը նրանք բացատրում են նրանով, որ նման գները համապատասխանում են Կոմիտասի պողոտայի, բայց ոչ Դավիթաշենի բնակարաններին: Սեփականատերերից մեկի խոսքերով, որոշ գնորդներ դեռ ամբողջությամբ չեն կատարել իրենց վճարները, և եթե այդ փողերը վճարվեն, խոսքը  մոտ 1.5 մլն.դոլարի մասին է, ապա շինարարությունը կարելի է հասցնել ավարտին:

Ավելի վաղ Արցախբանկի մամուլի ծառայությունը ԶԼՄ-ներում հայտարարություն էր տարածել, որ բանկին հայտնի չի եղել Tonus construction-ի և քաղաքացիների միջև կիսակառույց շենքերի բնակարանների առք և վաճառքի նախնական պայմանագրերի, ինչպես նաև նախնական վճարների մասին: Կառուցապատողը վարկային պայմանագիր է ստորագրել Արցախբանկի հետ` շենքը կառուցելու համար վարկ ստանալու նպատակով, որի համաձայն նաև գրավադրել է այդ կիսակառույց շենքը: Սակայն, պայմանագրում ընկերությունը չի նշել երրորդ անձանց պահանջների մասին:

«Բանկը չէր կարող չիմանալ, որ այդ բնակարաններն արդեն վաճառված են, քանի որ ինքն էր իրականացնում գովազդային ակցիաները, քաղաքացիներին առաջարկելով գնել այդ բնակարանները: Ավելին, այդ բնակարանները գնելու նպատակով ռեգուլյար վճարներն իրականացվել են հատկապես Արցախբանկի միջոցով»,- համոզված են հանրահավաքի մասնակիցները:

ԱրմԻնֆո-ի թղթակիցն իրավիճակը նաև Արցախբանկի տեսանկյունից պարզելու նպատակով դիմեց «Նարիրի» մասնաճյուղի աշխատակիցներին, բայց նրանք հրաժարվեցին այն մեկնաբանել: Իսկ ԱրմԻնֆո-ի զանգին Արցախբանկից պատասխանեցին, որ պարզաբանումներ կարող են տալ միայն բանկի ղեկավարության համաձայնությամբ:

 

Նախորդ հոդվածը‘Վարորդներ, ուշադրությո՛ւն. Նոր արագաչափեր ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի երեք համալսարաններից ուսանողներ մասնակցեցին ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովին ‘