‘Trahatur a divitiarum adhortari կամ լատինախառը թվեր’

976

Սերժ Սարգսյանի՝ Սերժ  Թանգյանին ուղարկած պատասխան նամակից ակնհայտ դարձավ, որ հայերենի հնարավորությունները չեն բավարարում՝ հայկական իրականությանը ամբողջությամբ ներկայացնելու համար, և կարիք է լինում դիմել լատիներենին:

Նույն վիճակն է մեր տնտեսության մեջ: Մեր տնտեսական ցուցանիշներում առկա հակասությունները այնպիսին են, որ հնարավոր չէ միայն հայերենով ներկայացնել, ուստի, հետևելով Սերժ Սարգսյանի օրինակին՝ մերթ ընդ մերթ կդիմենք լատիներենի օգնությանը: Որպեսզի մեր պաշտոնական վիճակագրության ներկայացրած ցուցանիշների մեջ գտնենք հակասություններ, նախ պետք է փնտրենք դրանք: Ինչպես ասում են «Si quaeretis reperietis» (եթե փնտրեք՝ կգտնեք): Սկսենք «panem quotidi-anums-ից (հաց հանապազօրյա), այսինքն՝ ցորենից: Պաշտոնական վիճակագրությամբ, 2012 թվականին Հայաստանում արտադրվել է 243 հազար տոննա ցորեն: 2011 թվականին՝ 224 հազար տոննա, այսինքն՝ մի 20 հազար տոննա ավել: Փայլուն ցուցանիշ է՝ ցորենի արտադրությունը աճել է: Բայց, ինչպես ասում են՝ «Non omne, quod nitet, aurum est» (ամեն փայլուն բան ոսկի չէ): Հասկանալու համար, թե ինչու է այս ցուցանիշը կասկածելի, նայենք, թե որքան ցորեն է ներկրվել նույն 2012 թվականին: Ըստ մաքսային ծառայության հրապարակած տվյալների, անցած տարի Հայաստան է ներկրվել 477 հազար տոննա ցորեն, իսկ 2011 թվականին՝ 356 հազար տոննա: Եւ ուրեմն՝ 2012 թվականին Հայաստանում եղել է 720 հազար տոննա (ներկրված և արտադրված ցորենի քանակությունների գումարը), իսկ 2011 թվականին՝ ընդամենը 580 հազար տոննա: Ուրեմն ստացվեց, որ 2012 թվականին 140 հազար տոննա, կամ 24 տոկոսով ավելի ցորեն է եղել քան 2011 թվականին: Իրար հաջորդող երկու տարիների քանակությունների միջև նման ահռելի տարբերություն լինել չի կարող: Նշանակում է՝ յուրաքանչյուրս 2012 թվականին 24 տոկոսով ավելի շատ հացամթերք ենք սպառել, քան՝ 2011-ին: Հակասությունը ավելի ակնհայտ ներկայացնելու համար նշենք, որ 140 հազար տոննա ցորենը Հայաստանի 3 ամսվա սպառումն է: Եւ ուրեմն, ինչ է ցույց տալիս այս հակասությունը: Կամ 2012 թվականին Հայաստան է ներկրվել ավելի քիչ ցորեն, քան ցույց է տվել մաքսայինը, կամ արտադրվել է ավելի քիչ, քան ցույց է տվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Փորձենք վերլուծել սա, կամ ինչպես ասում են «analysis huius»: Մաքսայինը դժվար թե ուռճացված թիվ ներկայացնի, քանի որ ներմուծված ցորենը մաքսազերծվում է և դրանից հարկեր են վճարվում: Ընդհակառակը՝ եթե ցորեն ներկրողը հանցավոր գործարքի մեջ է մաքսայինի հետ, ապա վերջինս պետք է ներկրման ավելի ցածր ցուցանիշ ցույց տա: Իսկ ահա ԱՎԾ-ի ցույց տված ցուցանիշը կարող է լինել կամայական, քանի որ ցորենի արտադրությունը Հայաստանում չի հարկվում: Ու քանի որ՝ 2012 թվականին Հայաստանում տնտեսական 7 տոկոս աճ ցույց տալու համար պետք էր, որ գյուղատնտեսությունն էլ աճած լինի, ուստի ավելի հավանական է, որ ցորենի արտադրության ծավալներն են ուռճացված: Այլ կերպ ասած՝ գոնե ցորենի մասով գյուղատնտեսական արտադրության աճը նկարված է: «Quod futurum erat probare»՝ (այն ինչ պահանջվում էր ապացուցել):  Ցորենը միակ ապրանքը չէ, որին վերաբերող ցուցանիշներում առկա են այսպիսի, մեղմ ասած, հակասություններ: Նայենք բուսական յուղին վերաբերող ցուցանիշներին: Միանգամից նշենք, որ դրանց ուսումնասիրությունից կարելի ենթադրել, որ 2012 թվականին Հայաստանում ձեթի գետեր են հոսել՝ «oleum fluviumque liquentem»: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2011 թվականին Հայաստանում արտադրվել է 700 տոննա ձեթ և ներկրվել 121 հազար տոննա, իսկ ահա 2012 թվականին արտադրվել է 2 հազար 656 տոննա և ներկրվել՝ 24 հազար տոննա: Ստացվում է, որ 2012 թվականին ձեթի սպառումը Հայաստանում աճել է 22 տոկոսով: Նման բան չի կարող լինել՝ «hoc non potest esse»: Ձեթի արտադրության «աճը»՝400 տոկոսով, նույնպես «արձանագրվել է»՝ տնտեսական աճ ստանալու նպատակով:

Վիճակագրական այս ուշագրավ հակասությունները ամբողջությամբ ներկայացնելու համար նույնիսկ լատիներենը չի բավարարում, և հաջորդ անգամ երևի ստիպված լինենք անցնել սեպագրերին, կամ ծայրահեղ դեպքում՝ աքքադերենին: Իսկ ովքեր չհասկացան հոդվածի լատինատառ խորագիրը, կարող են դիմել Սերժ Սարգսյանի աշխատակագմի լատիներենի վարչության պետին:

Հայկ Գևորգյան

«Հայկական ժամանակ»

Նախորդ հոդվածը‘Ընտրական հանձնաժողովի անդամին մեղադրանք է առաջադրվել’
Հաջորդ հոդվածը‘Իկեր Կասիլյաս. «Ռեալի» խաղը կգնահատեի 10-ից 10’