‘Transparency. Հայաստանում տեղի է ունենում բարեփոխումների իմիտացիա ‘

1042

Հայաստանում ոչ թափանցիկ ընտրությունների արդյունքում ընտրված իշխանությունը հաշվետու չէ հասարակությանը: Այդ մասին ասվում է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի զեկույցում, որն այսօր ներկայացրել է կազմակերպության տնօրեն Վարուժան Օկտանյանը:

Նա տեղեկացրել է, որ կենտրոնն անցկացրել է Հայաստանի ազգային ամբողջականության համակարգի երկրորդ հետազոտությունը: Ազգային ամբողջականության համակարգը նախագահի ինստիտուտի, գործադիր, օրենսդիր և դատական իշխանության, օմբուդսմենի ինստիտուտի, քաղաքական կուսակցությունների, տեղական ինքնակառավարման  մարմինների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների աշխատանքի արդյունավետության չափանիշն է: 2009-2013 թթ. անցկացված հետազոտության նպատակն էր պարզել, թե նշված ինստիտուտների գործունեությունը որքանով է նպատակաուղղված քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, գործնականում որքանով է կիրառվում գոյություն ունեցող օրենսդրությունը: Օկտանյանը նշել է, որ ազգային ամբողջականության համակարգի գնահատման վերջնական արդյունքները կհրապարակվեն տարեվերջին: Իսկ նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում այդ համակարգը թույլ է, և դա պայմանավորված է, առաջին հերթին, երկրում օրենքների անբավարար կիրառմամբ: Օկտանյանի խոսքով, Հայաստանում նաև տեղի է ունենում բարեփոխումների իմիտացիա, և առկա է բոլոր վերը նշված ինստիտուտների անկախության բավականին ցածր մակարդակ: Transparency International-ի  տնօրենի համոզմամբ, նման անմխիթար արդյունքների պատճառը հասարակության առջև իշխանության հաշվետվության ցածր մակարդակն է, ինչը պայմանավորված անարդար ընտրություններով: «Ազգային ամբողջականության համակարգի վրա ազդում է նաև Հայաստանի չափազանց թույլ տնտեսությունը և, ինչը շատ կարևոր է, տնտեսական և քաղաքական մրցակցության բացակայությունը», — ասել է Transparency International-ի տնօրենը:

 

Նախորդ հոդվածը‘«ՀայՌուսգազարդի» պատճառով «Ալիշան» պահածոների գործարանը փակման վտանգի տակ է. Tert’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Հայ տիվանագիտության նոր յաղթանակը’