‘Transparency International–ի կոռուպցիոն վարկանիշում Հայաստանը 94-րդ տեղում է’

640

Transparency International–ի հրապարակած Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2013 վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 94–րդ հորիզոնականը: Տեղեկացնում է Նովոստի–Արմենիա-ն:

Բեռլինում տեղակայված Transparency International ոչ կառավարական կազմակերպությունը երեքշաբթի հրապարակել է Կոռուպցիայի ընկալման ամենամյա ցուցիչը (Corruption Perceptions Index — CPI)։ Հետազոտությունն արտացոլում է կոռուպցիայի տարածվածության աստիճանը պետական հատվածում 0–ից (կոռուպցիայի ընկալման ամենաբարձր աստիճան) մինչև 100 (Corruption կոռուպցիայի ընկալման ամենացածր աստիճան) սանդղակով։ Ցուցիչը հարցումների համադրություն է և հենվում է կոռուպցիայի ոլորտին վերաբերող տվյալներին` հավաքված տարբեր կազմակերպությունների կողմից։ Այս տարի վարկանիշն ընդգրկել է 177 երկիր։

CPI–ի տվյալով` Հայաստանը 94-րդ տեղում է` 36 միավորով, Ադրբեջանը զբաղեցնում է 127–րդ տեղը (28 միավոր), Վրաստանը` 55–րդը (49 միավոր), Թուրքիան` 53–րդը (50 միավոր), Իրանը` 144–րդը (25 միավոր)։

Ռուսաստանը հայտնվել է 127–րդ տեղում` հավաքելով 28 միավոր, նույնքան, որքան նախորդ տարի։ Սակայն մի շարք այլ երկրների արդյունքների վատացման հաշվին համաշխարհային ցուցակում Ռուսաստանը բարձրացել է վեց հորիզոնականով։

Առաջին տեղը (91 միավոր) կիսել են Դանիան և Նոր Զելանդիան։ Այնտեղ կոռուպցիայի ընկալման մակարդակը երկրորդ տարին անընդմեջ ամենացածրն է։ Վատագույն արդյունքները վերաբերում են Աֆղանստանին, Հյուսիսային Կորեային և Սոմալիին (8–ական միավոր)։

  

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ առաջնորդի բարեկամը պաշտոնանկ է արվել ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտարարություն ԼՂՀ-ից. Ոչ Եվրոպական եւ ոչ էլ, առավել եւս՝ գոյություն չունեցող Եվրասիական միությունները չեն կարող ներքաշել հայությանը իրենց վերաբաժանումների մեջ’