‘Transparency International. Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը հավասար է 34-ի’

845

Ըստ Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը հավասար է 34-ի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

«Հաշվի առնելով, որ կոռուպցիայի ընկալումը կապված է կոռուպցիայի մակարդակի հետ, որը չափելի չէ, սա կոռուպցիայի ընկալման մակարդակն է ցույց տալիս, և դա սերտորեն կապված է կոռուպցիայի մակարդակի հետ»,- նշեց Հոկտանյանը:

Այս ցուցանիշով Հայաստանը նախկին խորհրդային հանրապետությունների մեջ, բացի երեք մերձբալթյան հանրապետություններից, զիջում է Վրաստանին և Մոլդովային, որոնց այս տարվա համաթիվը համապատասխանաբար 52 է ու 36: Ավելի բարվոք վիճակում է Թուրքիան, իսկ Իրանն ու Ադրբեջանը ավելի վատ դիրքերում են:

Հարկ է նշել, որ որքան բարձր է այս ցուցանիշը, այնքան այդ երկրում կոռուպցիայի մակարդակը բարձր է: Նշենք նաև, որ հարցումներն անց են կացվել հայաստանցի և Հայաստանի հետ առնչվող գործարարների շրջանում: Պատասխանելով հարցին, թե որ ոլորտներում է կոռուպցիայի մակարդակն ամենաբարձրը, Հոկտանյանը պատասխանեց, որ այս համաթվով ոլորտները չեն առանձնացվում, սակայն 2010 թվականին անցկացված մի հետազոտության արդյունքներով՝ Հայաստանում ամենաշատ կոռումպացված ոլորտներ են համարվել կրթությունը, ոստիկանությունն ու դատարանները:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի ԱԳ նախարար. Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունը երկրի ապաօկուպացումն է’
Հաջորդ հոդվածը‘«Զենիթում» հերթական սկանդալն է հասունանում’