‘Twitter-ը ամփոփել է 2012 թ. Արդյունքները (տեսանյութ)’

621

Twitter-ը միկրոբլոգային ծառայությունն ամփոփել է 2012 թ. արդյունքները,- հաղորդում է Vesti.ru-ն:

Ռեսուրսում տեղեկատվությունը բաժանված է մի քանի անվանակարգերի՝ «Ոսկե թվիթեր» (ամենահայտնի գրառումները), «Նոր ձայներ» (2012 թ. Twitter-ին միացած հայտնի մարդիկ), «Թրենդեր» (տարվա ամենահայտնի հեշթեգերը), «Մոլորակի զարկերակ» (սոցիալական կայքում ամենաշատ աղմուկ բարձրացրած իրադարձությունների վարկանիշ) և «Միայն Twitter» (ամենաանսովոր վայրերից ուղարկված թվիթներ):

«Ոսկե թվիթեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Վերջինս ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Twitter-ում թողել էր «ևս չորս տարի» գրառումը և դրան կցել կնոջ՝ Միշել Օբամայի հետ գրկախառնված լուսանկար: Թվիթը հավաքել է ավելի քան 800 հազար ռեթվիթ, ավելի քան 300 հազար օգտատերեր այդ գրառումն ավելացրել են ընտրվածների մեջ: Այս թվիթը դարձել է ոչ միայն տարվա, այլ նաև սոցիալական կայքի պատմության ռեկորդակիր:

Երկրորդ հորիզոնականում է գտնվում կանադացի երգիչ Ջասթին Բիբերի թվիթը՝ նվիրված իր 6-ամյա երկրպագուհու մահվանը: «Հանգչի՛ր խաղաղությամբ: Ես քեզ սիրում եմ»,-գրել էր Ջասթինը: Այս գրառումը ստացել է ավելի քան 250 հազար ռեթվիթ:

«Մոլորակի զարկերակ» անվանակարգի համաձայն՝ Twitter-ի օգտատերերին ամենաշատը հետաքրքրել են 2012 թ. Լոնդոնի Օլիմպիադան, «Սենդի» փոթորիկը:

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ-ն ներկայացնում է. Թշնամական Ասորեստանից ուղարկված երկու լրտեսների վնասազերծումը ‘
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Մինասյան. ՀՀԿ-ն լուրջ է ընդունում ցանկացած թեկնածուի, նույնիսկ՝ էպոսագետին’