BBC-ն Սան-Ֆրանցիսկոյում Twitter-ի գլխավոր օֆիսի սենյակների լուսանկարներ է ստացել, որոնցում այդ սենյակները վերածվել են ննջարանների աշխատակիցների համար։
Նոյեմբերին Մասքը ընկերության աշխատակիցներին էլեկտրոնային նամակ էր ուղարկել, որում հայտարարել էր, թե «նրանք իրենց պետք է դրսևորեն որպես չափազանց ժրաջան աշխատակիցներ», որպեսզի հաջողության հասնեն։ Նա նաև նշել է, որ անձնակազմը պարտավոր է «երկար ժամեր աշխատել չափազանց լարված»։ «Միայն բացառիկ լավ աշխատանքը թույլ կտա ստանալ անցողիկ միավոր»,- գրել էր Իլոն Մասքը։
Լուսանկարներում երկտեղանոց մահճակալներով սենյակներ են, մահճակալի կողքին՝ տնային հողաթափեր, կա նաև զգեստապահարան։
«Դա հյուրանոցային համարի է նման»,- նշել է Twitter-ի նախկին աշխատակիցներից մեկը, նա նաև ասել է, որ Մասքն ինքը հաճախ է գիշերում ընկերության գրասենյակում։
Twitter-ի գրասենյակը որպես հյուրանոց օգտագործելու կապակցությամբ Սան-Ֆրանցիսկոյի քաղաքային իշխանությունները գանգատ են ստացել և հետաքննություն են սկսել։ «Մենք պետք է համոզվենք, որ շենքն օգտագործվում է ըստ իր ուղիղ նշանակության»։
Փոխանցում է BBC-ն։