‘USAID-FED. ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում Հայաստանն ունի արմատական բարեփոխումների կարիք’

1196

Փոքր և միջին բիզնեսի զարգացումը ցանկացած երկրի տնտեսական զարգացման հիմնական գործոնն է, ինչը վաղուց արդեն հաստատվել է համաշխարհային փորձով: Այս մասին այսօր հայտարարել է USAID շրջանակներում իրականացվող` Տնտեսական զարգացման ֆինանսավորման (FED) նախագծի մասնագետ Էնտոնի Սինքլերը, Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացման և ներդրումների թեմայով կազմակերպված շնորհանդեսի ընթացքում:

Ըստ նախագծի շրջանակներում կատարված հետազոտությունների, Հայաստանի ՓՄՁ ոլորտը, մասնավորապես շրջաններում, բախվում են բազմաթիվ պրոբլեմների, որոնց շարքում հիմնական պրոբլեմը բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների կողմից ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման նկատմամբ մատչելիության բացակայությունն է, ինչն էապես խոչընդոտում է տնտեսության զարգացմանը: Համաձայն հետազոտության, փոքր բիզնեսի զարգացմանը խանգարոմ են նաև թերի իրավական դաշտը, ներդրումային անբարենպաստ պայմանները, վարկային ոլորտի սահմանափակումները, մասնավորապես` ՈւՎԿ-ների կատմամբ բանկերին գերադասելը, գրավային ապահովման թույլ իրացվելիությունը, ինչպես նաև ներդրողների անվստահությունը, ինչը հաստատվում է Համաշխարհային բանկի հետազոտություններով, որոնց համաձայն ներդրողների իրավունքների պաշտպանության ինդեքսը Հայաստանում կազմել է 6%:

 

Էնտոնի Սինքլերը նշել է, որ Հայաստանի ՓՄՁ ոլորտում շատերը չեն օգտվում վարկային ռեսուրսներից, իսկ շրջաններում այդ ցուցանիշը կազմում է 65%: ՓՄՁ ոլորտի ընկերությունների` 5-ից 4-ը բիզնեսի համար փոխառու միջոցներից իրենց չօգտվելու բացատրում են բարձր տոկոսադրույքներով: Ֆինանսների միայն 30%-ն է տրամադրվում այնպիսի հատվածներին, ինչպիսիք են` գյուղատնտեսությունը, վերամշակումը և շինարարությունը: Ըստ փորձագետների, ոլորտի զարգացմանը խանգարում են նաև վարկավորման փոքր չափերը, որոնց միջին մակարդակը կազմում է 3-4 մլն դրամ:

Ըստ հետազոտության, վերը նշված խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարությունը պետք է կատարի մի շարք բարեփոխումներ: Մասնավորապես, խոսքը գնում է բանկերին և ՈւՎԿ-ներին միատեսակ պայմաններ տրամադրելու մասին, ինչը կնպաստի հնարավորությունների ընդլայնմանը վարկավորման ոլորտում, իրավական համակարգում բարեփոխումների իրականացման մասին, որպեսզի ապահովի իրավունքների առավելագույն պաշտպանվածություն ոչ միայն խոշոր, այլ նաև փոքր ներդրողների համար, ներդրումների գծով խորհրդատվական ծառայությունների ներդրման մասին: Նշվում է, որ անհրաժեշտ է լիցենզիաներ տրամադրել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացման նպատակով, ըստ հետազոտության, անհրաժեշտ է ընդլայնել նաև լիզինգային ծառայությունների տրամադրման հնարավորությունները, ինչպես նաև ներդրողների և բիզնես-կազմակերպությունների միջև տեղեկատվության փոխանակության ընդլայնման մակարդակը:

 Նշենք, որ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների» վերաբերյալ եռամսյակային տեղեկագրի, 2014 թվականի 3-րդ եռամսյակի վերջին Հայաստանի բանկերը ՓՄՁ ոլորտին են ուղղել 674.4 մլրդ դրամի (1.7 մլրդ.դոլար) վարկային ռեսուրսներ, ինչը կազմում է համակարգի վարկային ընդհանուր պորտֆելի 33.7%-ը, տարեկան արտահայտությամբ գրանցելով 34.7% աճ:

Նախորդ հոդվածը‘Ռամոսը մերժել է «Ռեալի» առաջին առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին’